Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
25 տարի հետո «Հայկական կոնյակ» անվանմամբ արտադրանք չպետք է արտահանվի այլ շուկաներ․ փոխնախարար
13/07/2018 12:25
Կիսվել

25 տարի հետո «Հայկական կոնյակ» անվանմամբ արտադրանք չպետք է արտահանվի այլ շուկաներ․ փոխնախարար

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը եվրոպացի գործընկերների հետ միջազգային խորհրդատվական կազմակերպություններին հրավիրում են մասնակցելու «Կոնյակ» անվանման վերաբրենդավորման գործընթացին։ Առաջին փուլով նախատեսված է մրցույթի անցկացում, արդյունքում կընտրվի հաղթող ընկերությունը, որն էլ մեկ տարվա ընթացքում կիրականացնի կարիքների գնահատում՝ ուղղված նոր անվանում մշակելուն, ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անվանումը խթանելուն, գովազդելուն և շուկայահանելուն։

Թեմայի շուրջ «Արմենպրես»-ին պարզաբանումներ է տվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։

«Կոնյակ» բառի օգտագործումը՝ խնդրահարույց

Կոնյակը քաղաք է, որը գտնվում է Ֆրանսիայում, բայց քաղաք լինելուց զատ, այն նաև աշխարհագրական նշում է, ինչը պաշտպանված է Եվրոպական միության կողմից։ Չնայած նրան, որ Հայաստանը երկար տարիների կոնյակի արտադրության փորձ ունեցող երկիր է, այնուամենայնիվ, Եվրամիության համար հարցը սկզբունքային է։ Մանե Ադամյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների ժամանակ այս հարցով մեծ քննարկումներ են ծավալվել և, ի վերջո, համաձայնագրում ֆիքսվել է, որ պետք է կատարվի կոնյակի վերաբրենդավորում։ «Հասկանալով, որ մենք կոնյակի շատ մեծ արտահանում ունենք, պետք է անենք ամեն ինչ, որ այս արտադրանքը հանկարծ իր դիրքերը չկորցնի արտահանման շուկաներում։ Հետևաբար, ֆիքսվել է երկար ընթացակարգ, սահմանվել է, թե ինչ գործընթացներով ու ինչ ժամանակահատվածում պետք է կատարվի այս ամբողջ վերաբրենդավորման գործընթացը: Սահմանվել է, որ 14 տարվա ընթացքում աստիճանաբար «Հայկական կոնյակ» անունը ներքին շուկայում պետք է դուրս բերվի շրջանառությունից, իսկ 25 տարի հետո «Հայկական կոնյակ» անվանմամբ արտադրանք չպետք է արտահանվի այլ շուկաներ»,-ասաց փոխնախարարը։

Ռուսական շուկայում անբարեխիղճ մրցակցության պայմաններում հայտնվելու ռիսկը

Քանի որ այս հարցը կարգավորվում է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագրով, որի հետ առնչություն չունի Ռուսաստանը, որը պարտավորված չի լինելու չօգտագործել «կոնյակ» անվանումը։ Կստացվի, որ հայկական ընկերությունները հրաժարվում են հայտնի խմիչքի անվանումից, մինչդեռ ռուս արտադրողներն ազատ կլինեն այն կիրառել, և հայկական արտադրանքն անհավասար մրցակցության պայմաններում կհայտնվի։ Այս առնչությամբ Մանե Ադամյանն ասաց, որ հարցը շատ կարևոր է իրենց համար, քանի որ գիտակցում են՝ արտահանման շուկաներում մեր կոնյակը չպետք է կորցնի իր դիրքերը: «Բնական է, որ Ռուսաստանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում որևէ պարտավորություն չէր վերցնելու իր վրա: Բայց ես գիտեմ նաև, որ Եվրամիությունը՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, հստակ քաղաքականություն ունի պաշտպանելու բոլոր աշխարհագրական նշումները ԵՄ անդամ երկրներում և այսպիսի ինտենսիվ գործընթաց է սկսել դրա իրականացման համար: Ես չգիտեմ Ռուսաստանում այս հարցով բանակցման ինչ գործընթացներ են, բայց մենք հստակ հասկանում ենք, որ մեր արտահանման շուկաներում կոնյակը չպետք է կորցնի իր դիրքերը, և դրա համար կազմակերպել ու ֆիքսել ենք այս երկար գործընթացը: Այդ տարիներին Ռուսաստանը պարտավորություն կվերցնի տարբեր բանակցությունների արդյունքում, թե ոչ, մեզ հայտնի չէ»,-նշեց փոխնախարարը։ Նա հայտնեց, որ համաձայնագրում, բացի կոնյակից, խոսք կա նաև շամպայնի վերաբերյալ, բայց այս փուլում աշխատանքները կատարվում են դեռևս կոնյակի մասով։

«Կոնյակ» անվանման վերաբրենդավորման կարիքների գնահատման մրցույթն առաջին քայլն է

Որոշվել է «Կոնյակ» անվանման վերաբրենդավորման կարիքների գնահատման մրցույթ հայտարարել, որին պետք է մասնակցեն միջազգային ճանաչում ունեցող ընկերություններ, որոնք նաև մասնագիտացված կլինեն ալկոհոլային խմիչքների բրենդավորման մեջ։

Մանե Ադամյանը տեղեկացրեց, որ ընտրությունը կատարվելու է եվրոպական և հայկական կողմերից կազմված հանձնաժողովի կողմից՝ կոնսենսուսի միջոցով: Քանի որ ամբողջ գործընթացի ֆինանսավորումը եվրոպական կողմն է ծածկում, հետևաբար, իրենց ընթացակարգերով է անցկացվում մրցույթը։ Այս փուլի համար առավելագույնը սահմանվել է 300 հազար եվրո, որի շրջանակում ընկերությունները կներկայացնեն իրենց առաջարկները։ Իսկ այն, թե «կոնյակ» անվանման շուկայից դուրսբերումն ինչ վնասներ կբերի Հայաստանի տնտեսությանը, կհաշվարկի մրցույթը շահած ընկերությունը կարիքների գնահատումից հետո։ «Մինչև  հուլիսի 17-ը բոլոր հետաքրքրված միջազգային խորհրդատվական ընկերությունները մեզ կուղարկեն իրենց «Մտադրությունների նամակները», երբ կստանանք այս ընկերությունների անվանումները, հուլիսի 20-21-ին ԵՄ կողմից կբացվի տենդերը, դրանք հնարավորություն  կունենան դիմելու մրցույթին։ Արդյունքների ամփոփումը կտևի 1,5-2 ամիս։ Հաղթած ընկերությունը մինչև մյուս տարվա հունիսի 1-ը կներկայացնի կարիքների գնահատման իր արդյունքները»,-տեղեկացրեց փոխնախարար Ադամյանը։

Կոնյակ խմիչքի անվան տարբերակներ կառաջարկի վերաբրենդավորող ընկերությունը, Հայաստանն ու կոնյակ արտադրող ընկերությունները ներգրավված կլինեն դրանց ընտրության գործընթացում, առկա առաջարկների դեպքում կարող են ներկայացնել նաև վերջինները։

Տապալված փորձն ու քաղած դասերը

Մանե Ադամյանն ասաց, որ այս մրցույթի անցկացման մի տապալված փորձ արդեն իսկ ունեն, հետևաբար, այս անգամ աշխատանքներն առավել հասցեական են իրականացնում։ Նախորդ կառավարության օրոք ընտրվել են միջազգային բարձր համբավ ունեցող 8 ընկերություններ՝ 5-ն ընտրվել են հայկական կողմից, 3-ը՝ եվրոպական, որոնք, սակայն, վերջնարդյունքում մրցույթին չէին մասնակցել, և գործընթացը չի կայացել։ «Ընտրվել էին միջազգայնորեն ճանաչված և իրենց ոլորտներում հայտնի ընկերություններ, երբ մրցույթ էր հայտարարվել ու նրանց ուղարկվել էր հրավեր, այդ ընկերություններից որևէ մեկը չէր դիմել։ Այդպիսի ընկերությունների հետ աշխատելիս բավարար չէ հրավիրել ու վստահ լինել, որ նրանք մասնակցելու են մրցույթին։ Եվրոպական կողմին այդ ընկերությունների պատասխանը եղել է այն, որ իրենք չունեն ոլորտային հատուկ փորձագետներ ու ժամանակի սղության պատճառով ցանկություն չեն հայտնել մասնակցելու մրցույթին։ Հիմա մենք անհատական աշխատանք ենք տանում տարբեր ընկերությունների հետ, որոնք ևս հայտնի ու ճանաչված են միջազգային ասպարեզում»,-հավելեց պաշտոնյան։  Փոխնախարարը հավաստիացրեց, որ նոր կառավարությունն ունի հստակ դիրքորոշում պայմանագրում նախանշված ժամկետներում անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար։

Անի ՆԱԶԱՐՅԱՆ

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85