Սևան Ստարտափ Սամմիթ 2018․ մրցույթ, որտեղ չկան պարտվողներ․ լուսանկարներ
Վրանային ճամբարի ձևաչափով «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ն այս տարի իր շուրջ համախմբեց բազմաթիվ հետաքրքիր գաղափարներով էնտուզիաստների և փորձառու մասնագետների։
Այս միջոցառումն իրապես մեծ տոն է թե՛ սկսնակ, թե՛ կայացած ընկերությունների համար։ Երկու կողմն էլ հնարավորություն ունի շփվել միջազգային ճանաչում ունեցող լավագույն մասնագետների հետ։
Այդ է պատճառը, որ միջոցառման համակազմակերպիչ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»-ն այս տարի աջակցում է ստարտափներին՝ վերջիններիս տրամադրելով իրենց ոլորտում լավագույն մենթորների փորձը։
26 հոգուց բաղկացած մենթորների խումբը 4 շաբաթ շարունակ աշխատել է մոտ 140 ստարտափի հետ՝ կազմակերպելով 130-ից ավելի անհատական հանդիպումներ՝ workshop ձևաչափով։
«Այս տարի փորձել ենք օգնել սկսնակներին՝ գաղափարներից դեպի բիզնես անցում կատարելու գործում»,- ընդգծեց սկսնակների ծրագրի ղեկավար Խեսուս (Չուս) Լոզանոն, ով և կոորդինացնում է վերոնշյալ մենթորների խումբը։
Հայաստանում գործող ՓՄՁ զարգացմանն աջակցող թիմի ղեկավար Էվա Մարիա Նեհերը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթի շրջանակում աշխատել են ոչ միայն հայաստանյան, այլև այլ երկրներից ժամանած ստարտափների հետ, ինչն, իր կարծիքով, օգնում է խորացնել եղած գիտելիքները ՏՏ ոլորտում։
Նշենք, որ այս տարի մրցույթի մասնակիցները ժամանել են Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից, Պակիստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից և այլ երկրներից։ Նրանք բոլորն էլ հայտնի են իրենց երկրների շուկայում, իսկ Հայաստան ժամանելու նպատակը՝ ներգրավել մեր երկրի շուկան իրենց ծրագրերի մեջ։
Սկսնակների ծրագրի իրականացման ասիստենտ Արուսյակ Խուդավերդյանի խոսքով՝ այս մրցույթի առավելությունը պայմանավորված չէ միայն զուտ հաղթանակով։
«15 րոպե առաջ ֆրեշ հյութեր պատրաստող սարքի հեղինակ ստարտափը ժյուրիի անդամներից մեկի կողմից ստացավ Դուբայ գնալու հրավեր՝ հնդկական շուկայում իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով», – հավելեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ մինչև ծրագրի մեկնարկը եղել է շուրջ 800 դիմում, որից ընտրվել է 125-ը։ Հաշվի առնելով ստարտափների փուլային մակարդակում գտնվելու հանգամանքը՝ վերջիններիս բաժանել են երկու հիմնական խմբի՝ 100 starter և 25 booster։
Մեզ հետ զրույցում starter track-ի ժյուրիի անդամ «Սեֆ Ինտերնեյշնլ» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Գարեգին Գևորգյանը նշեց, որ այս տարի ստարտափներն ավելի պատրաստված են․ կարողանում են գրագետ և հստակ ներկայացնել իրենց նախագծերը։
Իրապես, բոլորն էլ շատ լավ էին պատրաստվել․ներկայացնում էին հնարավորինս շատ նորարարկան գաղափարներ, վստահ էին իրենց ելույթներում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով մասնակցեց «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը, իր ելույթում համեմատեց այս մրցույթը ամերիկյան հայտնի երաժշտական փառատոն Վուդստոքի հետ: «Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանն էլ հույս հայտնեց, որ Սևանը ապագայում կդառնա նոր «Սիլիկոնյան լիճ»։
Նախագահը նաև մասնակիցներին խոստացավ հաջորդ տարի իր կողմից մրցանակների թվում ավելացնել ևս մեկը՝ Հանրապետության նախագահի մրցանակը, ինչպես նաև հատուկ մրցանակ՝ կազմակերպիչների համար։
Սևան Ստարթափ Սամիթը համակազմակերպվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս: