Հայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցեցին Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
Հայաստանում Beeline-ի թիմը՝ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի ղեկավարությամբ Համաշխարհային մաքրության օրվա (World Cleanup Day) շրջանակում մաքրեց Մանկական երկաթուղին հարող տարածքը։
Սեպտեմբերի 15-ին, ինչպես աշխարհի 150 երկրում, Հայաստանի բնակիչները միավորվել են՝ իրենց երկիրն աղբից ազատելու համար։ Հայաստանում Beeline-ը հայաստանյան կամավորներին տրամադրել է աղբի տոպրակներ՝ աղբը հավաքելու և տեսակավորելու համար, ինչպես նաև միացել է շարժմանն իր թիմով։
«Յուրաքանչյուր կամավոր, որ այսօր դուրս է եկել փողոց, կարևորագույն գործ է անում, քանի որ այս ակցիայի նպատակը մեկ անգամ շաբաթօրյակ անցկացնելը չէ, այլև աղբի գրագետ տեսակավորումն ու շրջակա միջավայրի մասին հոգ տանելն է։ Մենք՝ լինելով պատասխանատու ընկերություն չէինք կարող անմասն մնալ այս միջոցառմանը և այսօր բավականին բարդ տարածք ենք ընտրել մաքրելու համար։ Այստեղ մեր փոքրիկներն են գալիս զբոսնելու, և այս հանգամանքը ոգևորել է մեր աշխատակիցներին, ովքեր նաև ներգրավել են իրենց ընտանիքներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում Համաշխարհային մաքրության օրվա անցկացումը նախաձեռնել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի կամավորների մի խումբ։ Ամբողջ երկրում շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 հոգի և ավելի քան 150 գործընկեր կազմակերպություն՝ ընկերություններ, հիմնադրամներ և պետական կառույցներ։
Նշենք, որ Հայաստանում Beeline-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները և ձգտում է իր առօրյա աշխատանքում հնարավորինս կիրառել կանաչ տեխնոլոգիաներ։ Մասնավորապես, ընկերությունը նախապատվություն է տալիս էներգաարդյունավետության բարձր դաս ունեցող սարքավորումներին և Open Space տարածքներում կիրառում է տարանջատված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի ու ապակու համար։