
Պաշտպանի աջակցությամբ «Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները
«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, երկու այլ քաղաքացու դեպքում՝ արձակուրդային վճարը և վերջնահաշվարկը։
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են հասցեագրվել Երևանի քաղաքապետարան։ Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվել է տեղեկություն, որ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղը վճարել է քաղաքացիների հասանելիք գումարները։