
Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման հիմնական թեման կառավարության կողմից ոլորտային ռազմավարությունների մշակումն ու այդ գործընթացում Հայաստանի զարգացման գործընկերների ներգրավվածությունն էր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակվելիք ոլորտային ռազմավարությունների բովանդակության և կառուցվածքի վերաբերյալ: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ վերջնական փաստաթղթերի որակը անմիջականորեն կախված է գործընթացի ճիշտ կազմակերպման և համակարգման հետ:
ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը փոխանցել է զարգացման գործընկերների պատրաստակամությունը աջակցությունը ցուցաբերելու ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում:
Մհեր Գրիգորյանը և Շոմբի Շարփը քննարկել են նաև այդ գործընթացի համակարգմանն առնչվող մի շարք կազմակերպչական և բովանդակային հարցեր: