Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Դասեր տնտեսագիտությունից․ շտկող հարկեր և նորարարական հարկային քաղաքականություն
20/06/2019 18:09
Կիսվել

Դասեր տնտեսագիտությունից․ շտկող հարկեր և նորարարական հարկային քաղաքականություն

Մեր ժամանակների ռուս հայտնի տնտեսագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Սոնինը իր «Sonin.ru: Уроки экономики» գրքում (ի դեպ, առաջիկայում նախատեսվում է նոր, լրամշակված հրատարակությունը) հանրամատչելի լեզվով խոսում է հանրության/ առանձին խմբերի/ մասնագիտական շրջանակների համար խնդրահարույց երևույթների մասին, որոնց պարզաբանումը/ լուծումը տալիս է տնտեսագիտությունը՝ սկսած նրանից, թե երբ բռնապետությանը անհրաժեշտ կլինի ազատ մամուլ, վերջացրած նրանով, թե ինչպես կարելի է չափել պետական կառավարման համակարգի անարդյունավետությունը։ Գրքում ներկայացված 27 «դասերից» մեկը վերնագրված է այսպես՝ «Դաս N7. Ճանապարհային խցանումների դեմ պայքարելու համար, ոչ թե պետք է ճանապարհներ կառուցել, այլ ձևավորել ճիշտ մոտիվներ ավտոսեփականատերերի համար», որտեղ հեղինակը անդրադառնում է հանրության համար ոչ ցանկալի երևույթների (այդ թվում նաև վնասակար սովորությունների) դեմ պայքարին և ներկայացնում «շտկող հարկերի» (корректирующие налоги, corrective taxes) հայեցակարգը։

Շտկող հարկեր

Ոչ ցանկալի երևույթների (այդ թվում նաև վնասակար սովորությունների) դեմ պայքարը միշտ արդիական է եղել մարդկության համար, ոմանք ցանկացել են/ ցանկանում են պայքարել ալկոհոլամոլության, ծխելու դեմ, մյուսները՝ մորուք կրելու, նույնասեռականության, ամուսնական անհավատարմության դեմ և այլն։ Պայքարի գործիքակազմի առումով ոմանք ռադիկալ միջոցների կողմնակից են, մյուսները՝ չափավոր։

Հենց այդ չափավոր միջոցներից մեկն էլ հանդիսանում են «շտկող հարկերը», ընդ որում՝ այն ամենևին նոր գաղափար չի և դարեր շարունակ տարբեր երկրներում կիրառություն է ունեցել, թեև միայն 1930-ականներին է, որ անգլիացի տնտեսագետ Արթուր Պիգուն ուսումնասիրել է այդ երևույթը և տվել տեսական հիմնավորումը։ Օրինակ, Պետրոս I-ին դուր չէր գալիս մորուք կրելը (դա խորթ էր եվրոպական արժեքների վրա հիմնված կայսրություն կառուցելու գաղափարին) և նա որոշեց հարկել այդ երևույթը, ընդ որում՝ պրոգրեսիվ կերպով, ազնվականները պետք է 20 անգամ ավելի շատ վճարեին, քան հասարակ մարդիկ։ Իհարկե, կար տարբերակ նաև մահապատիժ սահմանել մորուք կրելու համար, որը միգուցե ավելի արդյունավետ կլիներ, սակայն մորուք կրելը շատ տարածված և հարգի էր այդ ժամանակվա ռուսական հասարակությունում և մարդիկ ստիպված թաքնվելու էին անտառներում, իսկ պետությունը ստիպված էր լինելու հավելյալ ծախսեր կատարեր նրանց դեմ պայքարելու համար։ Այդ պարագայում Պետրոս I-ը պարզապես որոշեց, «փող» աշխատել նրանց վրա, ովքեր հանուն մորուք պահելու պատրաստ էին հարկ վճարել։

Ո՞րն է Պիգուի ավանդը շտկող հարկերի տեսությունում․ նա ձևակերպել է այն պայմանը, թե երբ շտկող հարկի կիրառումը կարող է արդյունավետ լինել։ Դիցուք X ընկերությունը ստեղծել է աշխատատեղեր, վճարում է հարկեր պետությանը, ձևավորում է շահույթ իր սեփականատերերի համար, սակայն իր գործունեության բնույթով աղտոտում է նաև շրջակա միջավայրը (մասնագիտական լեզվով ասած՝ առաջացնում է բացասական էքստերնալներ), որի համար պետությունը պետք է կատարի լրացուցիչ ծախսեր։ Ի՞նչ է ասում Պիգուն․ Պիգուն ասում է` եթե հասարակությունը շահագրգիռ է և՛ X ընկերության գործունեությամբ, և՛ շրջակա միջավայրի պաշտպանությամբ, ապա այնքան հարկ պետք է սահմանել, որը «չի սպանի» այդ ընկերությանը և միաժամանակ թույլ կտա ծածկել շրջակա միջավայրի մաքրման ծախսերը։ Թվում է, թե շատ պարզ է, բայց իրական կյանքում շատ դժվար է որոշել բացասական էքստերնալների չափը և դրա հիման վրա սահմանել Պիգույի հարկի դրույքաչափը։

Շտկող հարկերի կիրառությունն աշխարհում

Վերջին տարիներին շտկող հարկերը լայն կիրառություն են ստացել ողջ աշխարհով մեկ, հատկապես՝ ծխելու դեմ պայքարում։ Սոնինն ասում է․ «Երեսուն տարի առաջ երգիծաբան Հարիսսոն Քեյլորի պատմվածքը, որտեղ ամուսնական զույգը՝ Ամերիկայի վերջին երկու ծխողները, հրաժեշտի նամակ էին գրում իրենց երեխաներին, իսկ գլխավերևում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռն էր պտտվում և հատուկջոկատայինները պատրաստվում էին գրոհել լեռնային թաքստոցը, ընդունվում էր որպես հումոր, իսկ հիմա ծխախոտի սիրահարների ծիծաղը չի գալիս․․․»։ Ընդ որում ծխելու դեմ պայքարը հաճախ այնպիսի բնույթ է ստանում, որի պարագայում նույնիսկ Պիգուի հարկի սկզբնական գաղափարն է կորչում: Օրինակ՝ 2002 թ. Նյու Յորքում արգելվեց ծխելը նաև ռեստորաններում և բարերում, իսկ տուգանքի չափն այնքան էր, որի վճարումը ցանկացած ռեստորանի համար կարող էր հանգեցներ սննկացման։

Խոշոր մեգապոլիսները տրանսպորտային խցանումների և ավտոմեքենաների վնասակար արտանետումների դեմ պայքարելու համար քաղաքը գոտիավորում են և առանձին գոտիներ մուտք գործելու համար հավելյալ վճարներ են սահմանում։ Այս դեպքում առաջամարտիկներից մեկը Լոնդոնն է, որտեղ աշխատանքային օրերին առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 6-ը ultra-low emission zone մուտք գործելու համար 2003 թ.-ից սահմանվել է հատուկ վճար (congestion charge) յուրաքանչյուր օրվա համար, սկզբում՝ 5 ֆունտ, ապա 8 ֆունտ, իսկ ներկայումս 11.5 ֆունտ է։ Ի հավելումն դրա՝ սկսած 2019 թ. ապրիլից 12․5 ֆունտ է գանձվում՝ մինչև 2006 թ. արտադրության բենզինային շարժիչով և մինչև 2015 թ. արտադրության դիզելային շարժիչով մեքենաների համար, որը գործում է 24/7 ռեժիմով։ Մարդատար մեքենաների սեփականատերերը, ովքեր չեն վճարի կտուգանվեն օրական 160 ֆունտով:

Այդ գումարները, որոնք հավաքագրվում են, ուղղվում են հասարակական տրանսպորտի համակարգի բարելավմանը, ինչը ժամանակին ողջունվել է լոնդոնցիների կողմից (2004 թ. քաղաքապետը վերընտրվել է), սակայն հիմա պատկերն այլ է։ Թեև Մեծ Բրիտանիայի քաղաքական օրակարգում վերջին ամիսներին ամենաթեժ հարցը Brexit-ն է, բայց ռիսկ կա, որ այսպիսի խստացումը կարող է հանգեցնել «դեղին ժիլետների» նման բողոքի ցույցերի։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է Պիգուի պայմանը տեղի չունենա՝ Լոնդոնի կենտրոնում հնարավորինս մատչելի երթևեկելու և մաքուր օդ ունենալու հասարակության շահը չհավասարակշռվի, 2018 թ հունիսի տվյալներով իրավիճակը բավականին սահմանային էր՝ 56% կողմ, 40% դեմ։

Իսկ ինչո՞ւ պետք է ծխախոտի դեպքում կիրառվի շտկող հարկ, իսկ junk food-ի դեպքում ոչ

Անվիճելի է, որ ծխելը վնասակար է ինչպես ծխողի, այնպես էլ երկրորդային ծխի ազդեցության գոտում գտնվող անձանց առողջությանը, ինչի հետևանքով առաջանում են տարբեր հիվանդություններ, որոնց բուժման համար հաճախ վճարում է պետությունը։ Հենց դա իրենից ներկայացնում է ծխելու բացասական էքստերնալը։

Դասեր տնտեսագիտությունից․ շտկող հարկեր և նորարարական հարկային քաղաքականություն 

Առաջին հայացքից թվում է, թե junk food-ի դեպքում այդ ռիսկը չկա։ Եթե մարդ ուտում է անառողջ սնունդ (այդ թվում՝ օգտագործում է շատ աղ), վնասում է միայն իր, ոչ թե դիմացինի առողջություն, և դա նրա գիտակցված ընտրությունն է։ Իրականում նույնանման բացասական էքստերնալներ առաջանում են նաև այս դեպքում, ավելին՝ ըստ IHME-ի (The Institute for Health Metrics and Evaluation) ԱՄՆ-ում մահացություն և հաշմանդամություն առաջացնող ամենամեծ ռիսկը ճարպակալումն է (high body-mass index), որին նոր հաջորդում է ծխախոտի օգտագործումը (ի դեպ, Հայաստանում ծխախոտի օգտագործման ռիսկը իր մեծությամբ 4-րդն է)։ Ինչպես ծխախոտի օգտագործման պարագայում, այս պարագայում ևս պետությունը ստիպված է լինում կատարել հավելյալ ծախսեր հասարակության առանձին անդամների բուժման նպատակով, սակայն չհաշված առանձին էպիզոդները, երբ օրինակ՝ քաղցրեցված, գազավորված ըմպելիքները հավելյալ հարկվում են, աշխարհը դեռ հեռու է junk food-ի հարկումից․․․

Նորարարական հարկային քաղաքականություն

Ներկայումս տարբեր երկրների կառավարություններ կարծես թե փորձում են շտկող հարկերի հայեցակարգը համատեղել նորարարական հարկային քաղաքականության (innovative taxation) գաղափարի հետ, երբ պետությունը խթանում է մարդու առողջությանը և բնությանը վնասակար ապրանքների փոխարինումը պակաս վնասակար ապրանքներով՝ կիրառելով դիֆերենցված հարկում, ելնելով կոնկրետ չափանիշներից։

Օրինակ՝ ներքին այրման շարժիչով մեքենաների համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաները անհամեմատ ավելի քիչ են աղտոտում շրջակա միջավայրը։ Աղտոտման հանգամանքը ընդունելով որպես հարկի դրույքաչափի սահմանման չափանիշ, մի շարք երկրներ (այս տարվանից նաև Հայաստանը*) բարենպաստ հարկային պայմաններ են ստեղծում էլեկտրական մեքենաներ արտադրելու, ներմուծելու և շահագործելու համար: Այս առումով լուրջ առաջնըթաց են արձանագրել այնպիսի երկրներ ինչպիսիք են՝ Նիդեռլանդները, Նորվեգիան, Հարավային Կորեան։

Օրինակ՝ ԵՄ տարածքում ալկոհոլամոլության դեմ պայքարի շրջանակում, մի շարք երկրներ (Դանիա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն և այլն) ակցիզային հարկի ավելի ցածր կամ 0-ական դրույքաչափ են կիրառում մինչև 2.8% ալկոհոլի պարունակությամբ գարեջրի նկատմամբ։ Իմաստն այն է, որ պետությունը փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի բնակչությունը վնասակար ապրանքները փոխարինի քիչ վնասակար փոխարինիչներով։

———–

Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանը ևս քայլեր է ձեռնարկել նորարարական հարկային քաղաքականության ներդրման ուղղությամբ՝ ի դեմս էլեկտրական շարժիչով շահագործվող ավտոմեքենաների ներմուծման և օտարման գործարքների ԱԱՀ-ից ազատման, այդուհանդերձ այս ուղղությամբ դեռ մեծ աշխատանքներ կան տանելու, և պետությունը նմանատիպ մոտեցում կարող է որդեգրել բազմաթիվ ապրանքների դեպքում, այդ թվում՝ թույլ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներին և այլն։

*2019 թ-ի հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով շահագործվող մեքենաների ներմուծումը և օտարումը ազատված է ԱԱՀ-ից։

Հայկազ Ֆանյան

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93