Կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու համար անհրաժեշտ կլինի 25 մլրդ դրամ
2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու համար անհրաժեշտ կլինի 25 մլրդ դրամ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Կենսաթոշակի համար գնահատված չափը մոտավորապես 25 մլրդ դրամ է, բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն ու ներգրավող պարտքն են, չունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:
Ջանջուղազյանն ասաց, որ իրենք պարբերաբար հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճ են ակնկալում, որը նաև բացահայտում է, թե ինչպիսի սպասելիքներ ունեն իրենք տնտեսության լրացուցիչ չդիտարկվող մասից, որը կվերածվի հարկի:
«Այս տարին չհաշված, որովհետև մենք ակնկալում ենք բարձր աճ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, հաջորդ տարիներին աճը կլինի 0.4-0.5 տոկոս միջակայքում: Ոչ թե կանգ ենք առնելու այս թվի վրա, այլ շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները: Մեզ համար լավագույն ուղին հավասարակշռված ուղին է, որովհետև հակառակ դեպքում, եթե այդպիսի պահանջ դրվի, կարելի է գտնել ճանապարհ՝ լրացուցիչ վարչարարության միջոցով ավելի հարկեր ունենալու և հակառակը՝ թուլացնել վարչարարությունը: Եթե գծից շեղվենք, բացասական կլինի հետևանքը»,- ասաց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, որ շուրջ 69 մլրդ դրամ լրացուցիչ գումար է անհրաժեշտ նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դրամի բարձրացնելու համար՝ նախարարը նշեց, որ այդ հարցի պատասխանը էական կախվածություն ունի նրանից, թե ինչ բովանդակությամբ կընդունվի օրենքը, այսինքն՝ ինչպիսին կլինի փոփոխությունը: «Այդ 69 մլրդ գումարը անհրաժեշտ կլիներ այն ժամանակ, եթե ուղղակի մեխանիկորեն փոխվեր նվազագույն աշխատավարձը։ Բայց այդպիսի մտադրություն չկա։ Իսկ թե ինչպիսի լրացուցիչ միջոցների կարիք կառաջանա, դա կախված կլինի արդեն ընդունվող օրենքից», – նշեց նախարարը։
Կառավարության հուլիսի 11-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով: