Կարեն Միքայելյան. «Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին ղեկավարությունը շարունակում է արշավը Թեղուտի դեմ՝ պատճառելով միլիոնների վնասներ
Թեղուտի վերաբացում նախաձեռնության համահիմնադիր Կարեն Միքայելյանը ֆեյսբուքում գրում է.
«Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին ղեկավարությունը շարունակում է արշավը Թեղուտի դեմ՝ պատճառելով միլիոնների վնասներ
Գաղտնիք չէ, թե ինչպես և ինչ չարաշահումներով է շահագործվել Թեղուտը Վալլեքսի կողմից: Այսօր կխոսենք «Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սահակ Կարապետյանի կողմից Ընկերությանը դատի տալու և աստղաբաշխական գումարներ պահանջելու մասին (մոտ 400 միլիոն դրամ): Ս. Կարապետյանը՝ հանդիսանալով Թեղուտ ՓԲԸ-ի տնօրեն, աշխատել է մոտ 7 ամիս՝ ազատելով աշխատանքից մոտ 800 աշխատող, սակայն հուշագրավ են այն պայմանները և բոնուսային համակարգերը, որոնք նախատեսված են եղել Ս. Կարապետյանի աշխատանքային պայմանագրով, որը կնքվել էր Վալերի Մեջլումյանի՝ իբրև «Թեղուտ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ և Ս. Կարապետյանի միջև՝ նշանակելով վերջինիս «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն, կզարմացնի անգամ ամենավառ երևակայութուն ունեցողին: Մասնավորապես՝ Ս. Կարապետյանի աշխատանքային պայմանագրի 4.7. կետով նախատեսված է, որ Ս. Կարապետյանը անկախ պատճառից և հիմքից՝ աշխատանքից ազատվելու դեպքում պետք է ստանա 150 միլիոն ՀՀ դրամ պարգևատրում: Իդեպ, սա միակ զավեշտալի կետը չէ պայմանագրում: Ամբողջական դատական գործը հասանելի է «Դատալեքս» ՀՀ դատական տեղեկատվական համակարգում
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0144/02/18
Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
10 հուլիսի 2019թ. ք. Ալավերդի
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի
առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը
Նախագահությամբ դատավոր՝ Արամ Մկրտչյանի
ՎՃՌԵՑ
1. Հայցվոր Սահակ Սարգսի Կարապետյանի հայցը բավարարել մասնակի.
պատասխանող «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունից վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա գումարները և դատական ծախսերը բռնագանձելու պահանջների մասով բավարարել մասնակի՝
պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել՝
150,000,000 (մեկ հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ՝ որպես աշխատանքային պայմանագիր 4.7 կետով նախատեսված միանվագ պարգևատրման գումար,
24,751,782 (քսանչորս միլիոն յոթ հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները, որպես աշխատանքային պայմանագրի 4.8. կետով նախատեսված վարձատրություն՝ 06.09.2018-06.11.2018թ. ժամա-նակահատվածների համար և սկսած 06.11.2018թ-ից հաշվարկը շարունակելով մինչև 06.09.2019թ., յուրաքանչյուր ամսվա համար 8,000,000 (ութ միլիոն) ՀՀ դրամ՝ առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների,
972,420 (ինը հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ՝ որպես տուժանք, 2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում հայցվորի աշխատած օրերի վարձատրության և կուտակված, սակայն չօգտագործված արձակուրդի օրերի համար հասանելիք միջին աշխատավարձը ընդհանուր թվով 38 (երեսունութ) օր կետանցով վճարելու համար։
2. Պատասխանող «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ հայցվորի բռնագանձել նաև 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փատաբանի խելամիտ վարձատրության գումար։
3․ Հայցը՝ պատասխանող «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հայցվորի հետ 26.01.2018թ. կնքված թիվ 500028/3 աշխատանքային պայմանագրի լուծումն անօրինական և հայցվորին աշխատանքում վերականգնելու և մնացած գումարային պահանջների մասով, մերժել:
4. Պատասխանող «Թեղուտ» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 3 514 484,04 ՀՀ դրամ (երեք միլիոն հինգ հարյուր տասնչորս հազար չորս հարյուր ութսունչորս դրամ և չորս լումա) ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
5․«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության հակընդդեմ հայցն ընդդեմ Սահակ Կարապետյանի՝ աշխատանքային պայմանագրի կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել։
6. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
7. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Այսպես՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ դատավոր Ա. Մկրտչյանը կայացրել է վճիռ՝ որով պարտադրել է Թեղուտ ՓԲԸ-ից բռնագանձել մոտ 250 միլիոն ՀՀ դրամ հօգուտ նախկին տնօրեն Ս. Կարապետյանի: Թեղուտի նախկին ղեկավարությունը՝ տիրապետելով բոլոր լծակներին, հօգուտ իրեն և ի վնաս Թեղուտի կնքել է բազմաթիվ պայմանագրեր, որոնց համաձայն աստղաբաշխական գումարներ է ստացել և առ այսօր փորձում է շարունակել ստանալ դատական կարգով այն պարագայում, երբ տեղի բնակիչներից շատերի համար մինիմալ աշխատավարձով աշխատանք ունենալը բաղձալի երազանք է:
Հուսով ենք, որ դատավոր Ա. Մկրտչյանը, ինչպես և հարկն է, արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել է ներքին համոզմունքով, իրավագիտակցությամբ և շրջելով Լոռվա ձորում, անցնելով Ալավերդի քաղաքի փողոցներով, տեսնելով քաղաքացիների և գյուղացիների սոցիալական վիճակը` ավելի ու ավելի է ամրապնդում իր ներքին համոզմունքը՝ կայացրած վճռի վերաբերյալ, իսկ Սահակ Կարապետյանը՝ ստանալով իր քրտինքով վաստակած գումարը, անկասելի հավատքով կլցվի հայաստանյան արդարադատության և դատական համակարգի հանդեպ, ինչն իրեն թարմ ուժեր կտա նորանոր ոլորուն բանաձևեր հեղինակելու անձնվեր ճանապարհին:
Վալլեքսի կողմից կատարված արդար, ազնիվ և այլ ազգանվեր գործերի մասին խոսելու առիթները դեռ եզակի չեն լինի»: