Գյումրիի ավտոմաքսատան շինմոնտաժային աշխատանքները կկատարվեն փուլային եղանակով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրի իրականացման շրջանակում գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 966,480.8 հազար դրամով: Միջոցներն ուղղվելու են ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը, որի վերաբերյալ որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության նախորդ՝ օգոստոսի 1-ին կայացած նիստում: Հաշվի առնելով ծրագրի իրականացման հրատապությունը՝ նախատեսվում է նախագծման և շինմոնտաժային աշխատանքները կատարել փուլային եղանակով: Որոշման նախագծով առաջարկվում է սկզբնական փուլի համար հատկացնել 966.5 մլն դրամ՝ պայմանով որ սահմանված կարգով ծրագրի իրականացման համար հաստատված և փորձաքննություն անցած ամփոփ նախագծանախահաշվային փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ կառավարություն: