Մհեր Աբրահամյան. Ֆինանսապես գրագետ հաճախորդը կարող է դառնալ բանկերի հաջողության գրավականը
Հայաստանի բանկերի միության խորհրդի վերջին նիստում Միության նախագահ է ընտրվել «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը տրամադրել է Միության նորընտիր նասխագահի հետ հարցազրույց, որը ներկայացնում ենք ստորև.
Պարոն Աբրահամյան, որպես Հայաստանի բանկերի միության նախագահ արդեն ուրվագծե՞լ եք այն հիմնական խնդիրներն ու ծրագրերը, որոնք առաջնային են լինելու Ձեր պաշտոնավարման ընթացքում:
Բանկերի միությունը գրեթե 25 տարվա պատմություն ունի, և այս տարիների ընթացքում արդեն իսկ ձևավորել է գործունեության հիմնական ուղղություններն ու մշակույթը: Որպես Հայաստանում գործող բոլոր 17 բանկերի շահերը ներկայացնող կառույց՝ Բանկերի միության գլխավոր առաքելությունը, կարծում եմ, բանկային ոլորտում առկա և մեր գործընկերներից յուրաքանչյուրին անհանգստացնող հիմնական խնդիրները վեր հանելն ու ընդհանուր օրակարգ ձևավորելն է՝ դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ տանելն է:
Ընդհանուր առմամբ կարող եմ փաստել, որ բանկերի հիմնական խնդիրները կապված են վարկերի վերադարձելիության հետ, երբ դատական գործընթացների պատճառով պրոցեսը երկարում է, գրավի ինստիտուտի ոչ լիարժեք կարգավորված լինելու, ինչպես նաև արհեստական սնանկությունների հետ։ Ու թեև Հայաստանի բանկային համակարգը ամենակայացածներից է տարածաշրջանում, նմանատիպ խնդիրներն էականորեն խոչընդոտում են դրա հետագա զարգացմանը։
ՀԲՄ-ն նաև միջնորդի դեր է ստանձնել հասարակության և բանկերի միջև։ Մեր նպատակն է, նախ, կրթել հասարակությանը՝ գրագետ հաճախորդ ունենալու և հնարավոր անճշտություններից, թերըմբռնումներից խուսափելու համար, մյուս կողմից էլ բանկերին հասցնել հանրության պահանջները՝ կապված մատուցվող ծառայությունների կատարելագործման, նոր լուծումների ներդրման և դրանք հաճախորդների շահերին առավելագույնս ծառայեցնելու հետ։ Ուստի առաջիկա տարվա ընթացքում ՀԲՄ-ն կշարունակի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը, բանկ-հաճախորդ հարաբերությունների բարելավմանն ու փոխադարձ վստահության բարձրացմանն ուղղված իր ծրագրերը։
Բանկ-հաճախորդ վստահության մակարդակն արդեն կարծես թե հասել է բավարար աստիճանի։ Սակայն այսօր ակտիվորեն քննարկվում են բանկային գաղտնիքի ռեժիմի փոփոխությունները։ Ի՞նչ կարծիքի եք, այդ ռեժիմի փոփոխությունը կարո՞ղ է նվազեցնել հաճախորդների՝ Բանկի նկատմամբ ունեցած վստահությունը։
Մեր երկրում բանկ-հաճախորդ վստահության մթնոլորտը մեծ ջանքերով նվաճված արժեք է։ Մեր հաճախորդները երկար ժամանակ գերադասում էին գումարները պահել տանը, այլ ոչ թե բանկերում՝ ավանդի տեսքով։ Բանկերի և, իհարկե, ոլորտը համակարգող Կենտրոնական բանկի հետևողական աշխատանքի շնորհիվ, բանկային համակարգի կայունության և ճգնաժամային իրավիճակներում կանգուն մնալու պայմաններում մարդիկ աստիճանաբար սկսեցին հավատալ բանկերին և վստահել իրենց խնայողությունները։ Եթե հայացք գցենք վերջին տարիների զարգացումներին, ապա կարձանագրենք, որ անգամներով ավելացել են և ավանդները, և վարկավորման ծավալները։ Իհարկե, այս հարցում էական դեր է ունեցել նաև բանկային գաղտնիքի մասին օրենքը. հաճախորդը վստահ է, որ իր դրամական հոսքերի մասին տեղեկությունները չեն դառնա լայն զանգվածների քննարկման առարկա։
Բանկային գաղտնիքը չպահպանելն, իհարկե, կարող է բերել վստահության նվազման, բայց օրենսդրական փոփոխությունը ամենևին էլ չի ենթադրում բանկային գաղտնիքի մասին օրենքի պահանջների չեղարկում։ Նոր խմբագրմամբ օրենքն ընդամենը որոշակի կոնկրետ դեպքերում ընդլայնում է այն շրջանակը, երբ դատարանի որոշման և մի շարք այլ նախապայմանների առկայության պարագայում բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը կարող է տրամադրվել քննչական գործողություններ իրականացնող մարմնին։
Բազմիցս նշվել է, որ ՀՀ բանկային համակարգն ամենազարգացածներից է տարածաշրջանում, և որ բանկերը շարունակում են մեծ դերակատարություն ունենալ մեր երկրի տնտեսության մեջ։ Սակայն, ինչպես ցանկացած ոլորտում, զարգացումը ենթադրում է նոր մարտահրավերներ, իսկ դրանց հաջողությամբ դիմակայելն էլ ավելի ուժեղ ու կայուն է դարձնում տվյալ ինստիտուտների գործունեությունը։
Ստվերից դուրս գործող և ապօրինի հարստացման հետ առնչություն չունեցող քաղաքացին բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունը որևէ կերպ իր վրա չի զգալու, քանզի նախագիծն ունի հստակ թիրախավորում։ Պատշաճ կիրառման դեպքում նոր օրենքը որևէ կերպ չի անդրադառնա նաև բանկային համակարգի և առհասարակ ֆինանսական համակարգի կայունության, հաճախորդների՝ բանկերի նկատմամբ վստահության վրա: Ինչևէ, կարծում եմ, այստեղ ևս անհրաժեշտ են զգուշավոր մոտեցումներ և զսպող մեխանիզմներ՝ մարդկային գործոնից և պաշտոնավարողից կախված ռիսկերը մեղմելու նպատակով:
Կարծում եմ, մտավախությունը հիմնականում պայմանավորված է դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության ցածր մակարդակով. չկա վստահություն, որ օրենսդրի նախանշած սահմանափակ դեպքերը կամայականորեն չեն «ընդարձակվելու» քննություն իրականացնող անձանց և դատական համակարգի կողմից։
Բանկերի միությունն ուշադրությամբ հետևում է ծավալվող դիսկուրսին, և անհրաժեշտության դեպքում ակտիվորեն կմասնակցի քննարկումներին։
Դուք նշեցիք, որ շարունակելու եք հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերը։ Որքանո՞վ եք կարևորում ՀԲՄ-ի գործունեության այս ուղղությունը։
Ֆինանսապես գրագետ հաճախորդը կարող է դառնալ բանկերի հաջողության գրավականը։ Ցանկացած նորամուծություն, ցանկացած ներդրվող պրոդուկտ բանկերից մեծ ջանքեր է պահանջում՝ այն հաճախորդին մատուցելու և հասու դարձնելու, դրա առավելությունները ներկայացնելու կամ տվյալ պրոդուկտի ոչ ճիշտ օգտագործումից զերծ պահելու համար։ Ուստի ֆինանսական գրագիտության բարձրացումն անշուշտ խիստ անհրաժեշտ և շարունակական գործընթաց է, որը Բանկերի միությունը հաջողությամբ իրականացրել է նախորդ տարիներին։
Մենք նախատեսում ենք ներգրավել մասնակից բանկերի մասնագետներին, որոնք տարբեր թեմաներով սեմինարներ ու դասախոսություններ կանցկացնեն ինչպես ուսանողների, այնպես էլ ավելի բարձր և ավելի ցածր տարիքային խմբի անձանց համար։ Դինամիկ զարգացող և փոփոխվող ֆինանսական շուկան հաճախորդներին այսօր տալիս է խելացի ծախսելու, տնտեսելու և նույնիսկ գումար վաստակելու բազում հնարավորություններ։ Որքան գրագետ է հաճախորդը, այնքան ավելի հմտորեն նա կարող է օգտվել բանկային գործիքներից իր առօրյա խնդիրները լուծելու համար։
Գաղտնիք չէ, որ բանկերը մեր տնտեսության կարևոր դերակատարների շարքում են։ Բանկերն ակտիվ են նաև սոցիալական ոլորտում։ Եթե ընդհանրացնելու լինենք, ո՞ր ուղղություններով են հիմնականում իրականացվում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը։
Երբ մենք ասում ենք, որ բանկային համակարգը Հայաստանում զարգացած է, նկատի ունենք, որ բանկերը ներգրավված են մեր տնտեսությունը հնարավոր բոլոր ուղղություններով առաջ մղելու գործում։ Ցավոք, մեր երկրում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենացայտունն ու սուրը, թերևս, սոցիալական ոլորտի խնդիրներն են։ Դրանք ուշադրության կենտրոնում պահելով, բանկերը Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում բազմաթիվ նախագծեր են իրականացնում՝ սկսած կրթությունից, առողջական խնդիրներ ունեցող երեխաներին և անապահով ընտանիքներին ցուցաբերվող տարաբնույթ օգնությունից մինչև դպրոցների նորոգում, դասարանների կահավորում, մարզադաշտերի կառուցում և այլն։
Մենք՝ բանկերս, մեզ պատասխանատու ենք համարում մեր երկրի սոցիալական վիճակի բարելավման և մեր քաղաքացիների բարօրության համար։ Եվ հիշյալ ոլորտում որդեգրել ենք ոչ թե միայն միանվագ օգնություն տրամադրելու գործելաոճը, այլ նաև պայմաններ և նախադրյալներ ենք ստեղծելու, նախևառաջ, երիտասարդ սերնդի զարգացման, նրանց ապագայի կերտման համար։ Բազմաթիվ բանկերի օրինակով կարող եմ ասել, որ ներդրումներ են արվում երիտասարդների զարգացման համար՝ նրանց տրամադրելով կրթաթոշակ, կազմակերպելով դասընթացներ և հնարավորություն տալով դառնալ բանկային ոլորտի աշխատակից։ Այս ուղղությունը որդեգրած մեր գործընկերները վստահ են, որ ձկան փոխարեն կարթ տալը՝ հաճախ օգնության լավագույն տարբերակն է։ Նույն սկզբունքն, ըստ իս, կիրառելի է նաև տնտեսության մեջ. մեր սփյուռքահայ հայրենակիցները կամ միջազգային կազմակերպությունները առավել մեծ օգուտ տված կլինեն Հայաստանի տնտեսությանը ոչ թե պարզապես միանվագ օգնություն տրամադրելով, այլ գործնական ներդրումներ անելով տարբեր ոլորտներում։
Ձեր կարծիքով, արդյո՞ք Հայաստանում առկա է բարենպաստ միջավայր ներդրումների ներգրավման համար: Ի՞նչ խնդիրներ կարող եք առանձնացնել։
Գաղտնիք չէ, որ hայաստանյան բանկերից շատերը գործում են օտարերկրյա կապիտալով։ Ցանկացած բաժնետեր, ով որոշել է ներդրում անել Հայաստանի տնտեսության մեջ, սպասվող եկամուտներից բացի կարևորում է նաև իր միջոցների պաշտպանվածությունն ու օրենսդրական այն բացերի վերացումը, որոնք բերում են վիճելի իրավիճակների, անկանխատեսելի հետևանքների և դրանով իսկ վանում ներդրումները մեր երկրից։ Այս համատեքստում առանձին ուշադրության են արժանի կառավարության կողմից նախաձեռնված ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումները։ Ցավոք, այսօր դեռևս կասկած է հարուցում ոչ միայն դատարանների անաչառությունը, այլ նաև տնտեսական գործերը քննող առանձին դատավորների կոմպետենտությունը։ Ընդ որում, խնդիրն իսկապես համակարգային է. բազմաթիվ բանկեր ստիպված են լինում պատասխանել օրենքին հակասող ընթացակարգերով վարույթ ընդունված հայցերի, մեր պրակտիկայում առկա են նաև մտացածին հայցեր, անհեթեթ վճիռներ, կեղծ սնանկություններ։
Ներդրումային միջավայրի բարելավումն ու համապատասխան պայմանների ստեղծումն այսօր, ինչպես գիտեք, հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից մեկը. այդ ճանապարհին կարևորագույն հաղթանակ կլինի դատաիրավական համակարգի վերը նշված թերությունների վերացումն ու ներքին և արտաքին ներդրողների շահերի պաշտպանության ավանդույթի ձևավորումը։
Հիշյալ հիմնախնդիրների հաղթահարման գործում մեծ առաքելություն ունի ՀՀ Կենտրոնական բանկը։ Հանդիսանալով կապող օղակ բանկերի և պետական մարմինների միջև՝ ԿԲ-ի ուշադիր և հավասարակշռված մոտեցման արդյունքում է նաև, որ այսօր ունենք կայուն, ցնցումներին դիմակայող բանկային համակարգ, որը լավ հիմք է հանդիսանում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար։
Վերջերս Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ հաստատվեց ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը. այն ի թիվս այլ հարցերի ներառում էր նաև բանկային ծառայությունների ունիվերսալ կանոնների մշակման և հաստատման ճանապարհային քարտեզը։ Ի՞նչ է այն գործնականում ենթադրում հայաստանյան բանկային համակարգի և դրանից օգտվող հաճախորդների համար, և ի՞նչ ներգրավվածություն է այս հարցում ունենալու Բանկերի միությունը։
Եվրասիական տնտեսական միության ֆինանսական շուկային ինտեգրումը ենթադրում է անդամ բոլոր պետությունների կողմից օրենսդրական որոշակի փոփոխություններ: Ավելի ճիշտ՝ անհրաժեշտ է համաձայնեցնել և համահավասարեցնել այդ երկրներում գործող օրենսդրությունները: Առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և միաժամանակ համագործակցության ակտիվացմամբ պայմանավորված՝ մեր երկրի համապատասխան մարմիններն արդեն իսկ նախաձեռնել են միջոցառումներ: Ինչ վերաբերում է բանկային ծառայություններին, ապա, ըստ ծրագրերի, դրանք ևս բոլոր անդամ պետություններում պետք է գործեն միևնույն տրամաբանության շրջանակում: Ինչպես նշեցիք, ունիվերսալ կանոններ ունենալու համար անհրաժեշտ է նախ մշակել ճանապարհային քարտեզ և այդ գործում ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին: ՀԲՄ-ն որպես ՀՀ բանկային համակարգը միավորող մարմին, անշուշտ պատրաստ է մասնակցություն ունենալ ԵԱՏՄ ֆինանսական շուկային ինտեգրման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին թե՛ փորձագիտական մակարդակով, թե՛ ցանկացած այլ ձևաչափով:
Այդ գործընթացում մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք մեր երկրի բանկային համակարգի առանձնահատկությունները, զարգացվածության մակարդակը, արդեն իսկ կիրառվող կարգավորման սկզբունքները, խնդիրներն ու պահանջները և անենք ամեն ինչ, որպեսզի ԵԱՏՄ ֆինանսական շուկային ինտեգրումը միայն նպաստի մեր բանկային համակարգի հետագա զարգացմանն ու հաճախորդներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը` ապահովելով պատշաճ հարմարավետություն և սպասարկման բարձր որակ:
Այս տիրույթում ևս շարունակելու ենք սերտորեն աշխատել ԿԲ-ի հետ՝ ԿԲ – առևտրային բանկեր երկխոսության արդյունավետության բարձրացման, Հայաստանի ֆինանսական շուկայի՝ միջազգային գործընթացներին լավագույնս ինտեգրման, համապատասխան կարգավորումներն ու նորարարությունները հնարավորինս արագ և արդյունավետ ներդնելու և բանկերի առաջարկներն ու գաղափարներն ըստ նշանակության տեղ հասցնելու նպատակով։