ՎԱԼԼԵՔՍ – ՀԱՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ
Այս տարվա առաջին հինգ ամիսներին «Վալլեքս» խմբի ընկերություններից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլարանի արտադրանքի ծավալը գրեթե չի տարբերվում նախորդ տարվա ցուցանիշից: Ընկերության տեղեկատվության համաձայն` այս տարի պղձնաձուլարանի կողմից վերամշակվել է 14.287 չմտ խտանյութ, արտադրվել է 2.831 տոննա սեւ պղինձ` նախորդ տարվա 14.349 չմտ խտանյութի եւ 2.718 տոննա սեւ պղնձի փոխարեն: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը դադարեցրել է Ալավերդու հանքի եւ լեռահարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը, քանի որ դրա շահագործումը շահութաբեր չի եղել անգամ նախքան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, երբ միջազգային բորսաներում մետաղների գներն աննախադեպ բարձր էին:
Այս տարի «Վալլեքս» խմբի մեջ մտնող ԼՂՀ Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը շահագործող «Բեյզ Մեթըլս» ընկերության արտադրանքի աճ է նկատվել: Ընկերության կողմից այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում արտադրվել է 10.672 չմտ խտանյութ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.885 չմտ-ի փոխարեն: