ԽՆԱՅԲԱՆԿ – ԲՏԱ ԲԱՆԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԻ
Ռուսական Խնայբանկի ղեկավարությունը կարծիք է հայտնել, որ ղազախական ԲՏԱ բանկի ձեռքբերումը չի լինի արագ և հեշտ գործընթաց, սակայն դա պայմանավորված չէ քաղաքական գործոններով: Հրապարակված ոչ պաշտոնական տվյալների համաձայն գործընթացի վերաբերյալ արդեն ձևավորվել է նախնական պայմանավորվածություն, և վերջնական որոշում կընդունվի հաջորդ ամսվա ընթացքում:
Նշենք, որ ԲՏԱ բանկի 78% բաժնետոմսերի սեփականատեր Ղազախստանի պետական հիմնադրամը, որը ունի որոշակի ֆինանսական դժվարություններ, հետաքրքրված է Խնայբանկի հետ գործարքի կնքմամբ, և արդեն համապատասխան բանակցություններ են վարվում գործարքի պայմանների վերաբերյալ: Նշենք, որ գործարքի կնքումը մեծապես պայմանավորված է ԲՏԱ բանկի պարտավորությունների վերակազմավորմամբ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 12 մլրդ դոլար: