
«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄՏԵԼ Է ՆՈՐ ՓՈՒԼ
Ստացված հաղորդագրության համաձայն` Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովը հավանություն է տվել ռուսական Խնայբանկի (Сбербанк) կողմից ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության ակտիվների գնման գործարքին: Հիշեցնենք, որ գործարքի կնքման մասին այս երկու ընկերությունները հայտարարել էին մայիս ամսին:
Խնայբանկը գործարքի շրջանակներում կնքված համաձայնագրով պարտավորվել է «Տրոյկա Դիալոգ»-ի բոլոր բաժնետոմսերի ձեռք բերման համար բաժնետերերին վճարել 1 մլրդ ԱՄՆ դոլար:
«Տրոյկա Դիալոգ» ընկերությունը հանդիսանում է ԱՊՀ տարածքում առաջատար ներդրումային ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին: Ընկերությունը զբաղվում է արժեթղթերի առք ու վաճառքով, մատուցում է բանկային ներդրումային ծառայություններ, իրականացնում է ակտիվների կառավարում, ուղղակի և անուղղակի ներդրումներ և այլն: