Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՀ Տեխնոլոգիական ոլորտի ներուժն ամբողջովին իրացնելու համար օրենսդրական և այլ խնդիրների լուծման կարիք կա
26/06/2024 16:40
Կիսվել

ՀՀ Տեխնոլոգիական ոլորտի ներուժն ամբողջովին իրացնելու համար օրենսդրական և այլ խնդիրների լուծման կարիք կա

Հայկական տեխնոլոգիական ոլորտը հաճախ համարվում է Հայաստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից և ռազմավարական ուղղություններից մեկը: Վերջին տասը տարվա ընթացքում ոլորտը նշանակալիորեն աճել և հասունացել է: Ընդ որում, եթե տարիներ առաջ ոլորտի հիմքում աութսորսինգն էր՝ EPAM-ի, DataArt-ի, Instigate-ի և Volo-ի նման մեծ, տեղական և միջազգային ընկերությունների տեսքով, ապա ներկայումս ոլորտում տեղի են ունենում բազմաթիվ նորարարություններ, և հայկական մի շարք ստարտափներ իրենց ոլորտի միջազգային շուկայում առաջատար են դարձել:

2021 թվականին արհեստական բանականությամբ ֆոտոխմբագրման ծառայություններ առաջարկող Picsart-ը ֆինանսավորման երրորդ փուլով (Series C) ներգրավեց 130 մլն դոլար ներդրում վենչուրային առաջատար կապիտալներից, ինչպիսիք են Sequoia-ն ու Softbank-ը, և դարձավ հայաստանյան առաջին միաեղջյուր ընկերությունը (unicorn): Krisp-ը, SoloLearn-ը, SuperAnnotate-ը, Activeloop-ը, Cognaize-ը, 10 Web-ը և Podcastle-ը նույնպես առաջատարներ են իրենց համապատասխան ոլորտներում. այս ընկերությունները կարողացել են տարբեր փուլերով (Series A և Series B) ներդրումներ ներգրավել այնպիսի ներդրողներից, ինչպիսիք են YCombinator-ը, Sierra Venture-ը, AI Fund-ը, RTP Global-ը և Argonatic Ventures-ը: Մի շարք առաջատար միջազգային ընկերություններ ևս Հայաստանում մասնաճյուղեր ունեն. դրանցից են NVIDIA-ն, Synopsys-ը, AMD-ն, Adobe-ն, VMware-ը (by Broadcom), Siemens-ը, Microchip-ը և Teamviewer-ը: Այս ընկերություններից շատերը հայկական էկոհամակարգ են մուտք գործել տեղական ստարտափներ գնելով, քանի որ գնահատել են տեղական ստարտափների նորարարություններն ու կարողությունները, և այդ թիմերն այժմ այդ ընկերությունների կազմում մշակում են միջազգայնորեն կիրառվող պրոդուկտներ: Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում մասնաճյուղեր են բացել նաև սփյուռքի ներկայացուցիչների կողմից հիմնադրված ընկերություններ, մասնավորապես՝ կենցաղային սպասարկման ոլորտի ընկերություններին ծրագրային ապահովում առաջարկող ServiceTitan-ն ու հաճախորդների փորձառության հարթակ առաջարկող DISCO-ն: 2022 թվականից ի վեր հայաստանյան էկոհամակարգում են գործում նաև Yandex-ը, Veam-ը, Quantory-ն, Grid Dynamics-ը, Align Technologies-ը և BostonGene-ը՝ իրենց գործունեության նախկին երկրներում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություններից ելնելով: Այս ընկերություններից շատերը արագորեն հայտնվել են ՏՏ ոլորտի թոփ 20 հարկատուների ցանկում:

Տնտեսական տվյալները նույնպես փաստարկում են ՏՏ ոլորտի աճը: Նախորդ մի քանի տարիներին ՏՀՏ-ի հայկական ոլորտն ունեցել է շարունակական երկնիշ աճ՝ 2023 թ. գրանցելով 30% աճ և ապահովելով ՀՆԱ-ի 8.25%-ը:

Այս հաջողության պատմություններն ու դրանց կից տվյալները ցույց են տալիս, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ավելի աճելու և միջազգայնորեն մրցունակ լինելու ներուժ ունի: Այս մասին է խոսել նաև ՀՀ կառավարությունը՝ բազմիցս նշելով ՏՏ ոլորտի ռազմավարական կարևորությունը, հատկապես Հայաստանի նման ծովային ելք չունեցող և ցամաքային առևտրի դեպքում խնդիրներ ունեցող երկրում: Տարիներ շարունակ կառավարությունն ակտիվորեն աշխատել է ոլորտի համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ՝ կիրառելով օրինակ հարկային արտոնություններ և ստարտափների համար դրամաշնորհներ:

Այնուամենայնիվ՝ ոլորտի ներուժն ամբողջովին իրացնելու համար դեռևս կարիք կա մի շարք օրենսդրական և այլ խնդիրներ լուծելու: Այս խնդիրների լուծմանն է միտված ԱՏՁՄ-ի նոր բաժինը:

ԱՏՁՄ-ում ստեղծվել է քաղաքականության զարգացման և շահերի պաշտպանության բաժին

Դեռ 2000 թվականից ԱՏՁՄ-ն կարևոր դեր է խաղացել Հայաստանում տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու և ապահովելու հարցում: Մեր ձեռնարկությունների միությունը ներառում է ավելի քան 160 կազմակերպություն, այն է՝ ՏՀՏ ոլորտի հարկատուների ավելի քան 60%-ը: Այդ ընթացքում սերտորեն աշխատել ենք ոլորտի տարբեր շահառուների հետ՝ ներառյալ կառավարության, մասնավոր ընկերությունների և քաղաքացիական հասարակության անդամների: Այս աշխատանքը շարունակելու և հանրային քաղաքականության  մշակման և զարգացման շուրջ մեր ներդրումը մեծացնելու նպատակով ԱՏՁՄ-ն որոշում է կայացրել հիմնելու նոր կառուցվածքային միավոր՝ հանրային քաղաքականության զարգացմանը և շահերի պաշտպանությանը միտված:

Այս բաժնի նպատակն է նպաստել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ ներգրավվելով բարձր տեխնոլոգիական սեկտորը կարգավորող հանրային քաղաքականության մշակման և զարգացման մեջ: Այդ նպատակով մենք նախատեսում ենք սերտորեն աշխատել տեխնոլոգիական համայնքի և կառավարության հետ՝ առանձնացնելու սեկտորի զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, և, միջազգային լավագույն փորձի և տեղական կոնտեքստի հաշվառմամբ, մշակել արդյունավետ լուծումներ: Բաժինն ակտիվորեն կկոորդինացնի հանրային և մասնավոր սեկտորների միջև երկխոսությունը՝ դրանով իսկ բարելավելով կարգավորման շրջանակն ու խթանելով ոլորտի զարգացումը:

IDram

Ինչո՞ւ է կարգավորման կանխատեսելիությունը կարևոր

Ցանկանալով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման հիմնախնդիրները բարձրաձայնել ու հասարակության մեջ հիմնական շահառուների միջև երկխոսություն ապահովել՝ այս հարթակը կօգտագործենք կարևոր թեմաների մասին խոսելու և դրանց կարևորության պատճառները քննարկելու համար: Մեր ընտրած առաջին թեման ընկած է կարգավորումների հայեցակարգի շուրջ եղած բոլոր խնդիրների հիմքում, այն է՝ կարգավորման միջավայրի կանխատեսելիությունը, կայունությունն ու մրցունակությունը: Կարգավորման կանխատեսելիության սկզբունքը կարևոր է մի շարք պատճառներով: Առաջինը՝ այն նվազեցնում է անորոշությունը և ծառայում է որպես շահագրգիռ կողմերի միջև վստահության հիմք: Երբ կա ոլորտը կարգավորող հստակ, կայուն և անընդհատ չփոփոխվող օրենսդրական շրջանակ, ընկերությունները կարողանում են կարգավորման հետ կապված բարդ խոչընդոտներով զբաղվելու փոխարեն կենտրոնանալ զարգացման և նորարարության վրա: Սա էլ իր հերթին թույլ է տալիս ընկերություններին երկարաժամկետ ռազմավարական պլանավորում իրականացնել և ռազմավարական ներդրումներ անել տաղանդների զարգացման և հետազոտության ու զարգացման (Research and Development, R&D) մեջ: Վերջապես, կարգավորումների կանխատեսելիությունը պարտադիր պայման է հայաստանյան էկոհամակարգում օտարերկրյա ներդրումներ ու ընկերություններ ներգրավելու համար: Միջազգային շուկայում նոր աշխարհագրական տարածքներ ընտրելիս ընկերություններին, իհարկե, հետաքրքիր է տեղական տաղանդն ու շուկան, բայց է՛լ առավել մեծ կարևորություն են ներկայացնում իրավական համակարգը և առկա կարգավորումները: Կանխատեսելիությունն ու կայունությունը վստահություն են ներշնչում, թույլ են տալիս ներդրումային էկոհամակարգն ավելի լավ հասկանալ ու արդյունավետ կերպով պլանավորել բիզնես:

Կարգավորումներն ավելի կանխատեսելի դարձնելու համար Հայաստանը կարող է մի քանի կարևոր բարելավում իրականացնել: Այդպիսի ուղղություններից է նախևառաջ հարկային քաղաքականությունը։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետությունը ՏՏ ոլորտի համար սահմանել է մի շարք հարկային արտոնություններ, ըստ որոնց 30 և ավելի քիչ աշխատակից ունեցող ստարտափների համար շահութահարկի  դրույքաչափը 0% է, իսկ եկամտային հարկի դրույքաչափը՝ 10%: Ըստ նախնական ծրագրի՝ այդ արտոնությունները պետք է գործեին մինչև 2017 թվականը, բայց այն նախորդ տարիներին երկարացվել է մի քանի անգամ՝ ներառյալ 2022 և 2023 թվականներին: Ներկայիս գործող կարգավորումը ուժի մեջ է մինչև 2024 թվականի վերջ, և դեռ չկա հստակություն, թե ինչ է հաջորդելու դրան: Հարկային համակարգում այս անորոշությունը լուրջ մարտահրավեր է Հայաստանում մասնաճյուղ բացել ցանկացող կամ Հայաստանում արդեն գործող միջազգային ընկերությունների համար: Հարկային քաղաքականության կայունությունն ու կանխատեսելիությունը խիստ կարևոր է տարբեր ընկերությունների համար Հայաստանը գրավիչ դարձնելու և այդ ընկերությունները Հայաստանում պահելու համար: Հետևաբար տնտեսական աճը խթանելու համար կարևոր է երկարաժամկետ, միջազգային շուկայում մրցունակ հարկային քաղաքականություն ձևավորել: Միևնույն ժամանակ կարևոր է, որպեսզի պետության հարկային քաղաքականությունը և դրանից բխող հնարավոր հարկային արտոնությունները ոչ թե պարզապես հնարավորություն տան որոշակի խումբ ընկերությունների նվազեցված դրույքաչափով հարկեր վճարել, այլ նպաստեն ընդհանուր ՏՏ ոլորտի կայուն զարգացմանը և դրա արդյունքում արժեքի ստեղծմանը (օրինակ՝ հետազոտության և մշակման, նորարության խթանում և այլն)։

Կարևոր խնդիրներից է նաև անձնական տվյալների պաշտպանությունը կարգավորող օրենսդրությունը: 2018թ. Եվրոպական Միությունը (ԵՄ) ներդրեց Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը (General Data Protection Regulation – GDPR), որը սահմանում է ԵՄ քաղաքացիների և ռեզիդենտների անձնական տվյալների մշակման սկզբունքները: ԵՄ շուկայի կարևորությունից ելնելով՝ GDPR-ը արագորեն դարձավ տվյալների պաշտպանության միջազգային ստանդարտը: Չնայած GDPR-ը պաշտոնապես կարող են ընդունել միայն ԵՄ երկրները՝ ԵՄ-ն կազմել և հրապարակել է երկրների ցանկ, որոնց տվյալների պաշտպանության օրենսդրական կարգավորումները համապատասխանում են GDPR-ի ստանդարտներին: Հայաստանի կարգավորումներն այս պահին չեն համապատասխանում այդ ստանդարտներին և Հայաստանն այդ երկրների ցանկում ներգրավված չէ: Դա օրինակ պատճառ հանդիսացավ, որ մի մեծ միջազգային ընկերություն Հայաստանում իր հետազոտական և զարգացման (R&D) գործունեությունը դադարեցնի՝ տվյալների մշակման սահմանափակումների պատճառով: Իր գործունեությունը շարունակելու համար ընկերությունը պետք է սահմանափակեր տվյալների մշակումը, իր հաճախորներդին տեղեկացներ տվյալների տեղակայման նոր տարածքի մասին, որն էլ իր հերթին GDPR ստանդարտներին համապատասխանության մասին հարցեր կառաջացներ: Ըստ այդմ՝ կարևոր է, որ Հայաստանի տվյալների պաշտպանության օրենսդրությունը համապատասխանեցվի GDPR ստանդարտներին, Հայաստանը ստանա ԵՄ երաշխավորում և դրանով իսկ կարողանա ներգրավել միջազգային ընկերությունների:

Մեկ այլ խնդիր է պետական գնումների համակարգը: Հաճախ տեսնում ենք, որ հայտարարվում են պետական գնումներով մրցույթներ, որոնց պահանջներին ոչ մի տեղական, հայկական ընկերություն չի կարող բավարարել. օրինակ՝ սահմանվում են այնպիսի տեխնիկական պահանջներ կամ ոլորտների փորձառություն, որոնք Հայաստանում առկա չեն: Եթե չի ստեղծվում պետական գնումների միջավայր, որտեղ տեղական տեխնոլոգիական ընկերությունները կարող են մրցունակ լինել, ապա չենք կարողանում տեղական կարողությունը թիրախային ուղղություններով զարգացնել: Սա առանձնահատուկ կարևոր է պետական գնումների դեպքում, քանի որ դա կարող է նվազեցնել կախվածությունը այլ երկրներից:

Եզրակացություն

Կարգավորումների կանխատեսելիությունն ու կայունությունը կարևոր է մեր նշած բոլոր խնդիրների համար։ Այն կարևոր սկզբունք է և պետք է պահել ուշադրության կենտրոնում, երբ մտածում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը նպաստող միջավայր ստեղծելու մասին: Ինչպես տեսանք վերը բերված օրինակներում, պարզապես մարդկային կապիտալն ու լավ գաղափարները բավարար չեն, երբ դրանք գործում են անբավարար կարգավորումների դաշտում: Էկոհամակարգի շարունակական աճն ապահովելու համար կարևոր է համապատասխան խոչընդոտներից ազատվել: Խնդիրներն ավելին են, քան միայն վերը բերված օրինակները, և մենք այս հարթակը կօգտագործենք նմանատիպ խնդիրները շարունակաբար բարձրաձայնելու և դրանց հնարավոր լուծումների շուրջ քննարկումները խթանելու համար: Հետագա շաբաթների և ամիսների ընթացքում ԱՏՁՄ-ն կառանձնացնի և կներկայացնի մի շարք խնդիրներ, ներառյալ մաքսային, բլոքչեյնի տեխնոլոգիաների, ավիացիայի տեխնոլոգիական ոլորտի, արհեստական բանականության, կրթության հետ կապված, ինչպես նաև Հայաստանում  ներդրումներ կատարելու և ընկերություններ ներգրավելու հետ կապված օրենսդրական հարցերը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90