
21 համի տիրամիսու. Ինչպես է զարգացող սրճարանային բիզնեսը միավորում իտալական ավանդույթները, ԱԲ-ն ու հարմարավետ առաքումը
Ցանկացած հաջող բիզնեսի հիմքում աշխատասիրությունն է, կենսափորձը, բնավորությունը, հանգամանքներն ու, իհարկե, վստահելի գործընկերությունը: Բիզնես 24-ն այս անգամ ներկայացնում է հաջողակ կին գործարարի: Զրուցել ենք Moka Pot | Tiramisu սրճարանի հիմնադիր, տնօրեն Անի Հովակիմյանի հետ:
– Ինչպես է առաջացել բիզնես ունենալու գաղափարն ու ինչպես է ընտրվել այս կոնցեպտը։
– Առավել քան 20 տարի է՝ հոռեկա ոլորտում եմ: Աշխատել եմ բոլոր հնարավոր պաշտոններում ու մակարդակներում: Երբ սկսվեց համավարակը, իմ աշխատանքավայրում իրավիճակով պայմանավորված խնդիրներ առաջացան, շատ վայրերում բիզնեսներ փակվեցին: Դա ինձ համար հետքայլ էր, իսկ ես գիտեի՝ կարող եմ ավելին և ուզում եմ ավելին: Այդպես առաջացավ սեփական սրճարան ունենալու գաղափարը: Սկզբում կենտրոնացած էինք սուրճի վրա. համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի 4 տեսակի սուրճ էինք առաջարկում ու կարծում, թե այդքանը բավարար է հաճախորդներ ներգրավելու համար, բայց 2 ամսից հասկացա, որ սպասելիքներս չեն արդարանում: Որոշեցի փոխել ուղղությունս ու սկսել անել այն, ինչ ինձ մոտ շատ լավ է ստացվում: Սկսեցի տիրամիսու պատրաստել ու դա դնել բիսնես-գործունեության հիմքում:
Շատ վայրերում տիրամիսու պատրաստելիս սավոյարդին ընդամենը մեկ անգամ են թաթախում սուրճի մեջ: Մենք առանձնանում ենք նրանով, որ թաթախում ենք 2-3 անգամ, որ բիսկվիթը չմնա չոր և լիովին կլանի սուրճի հարուստ համը: Բացի այդ, շատերը օգտագործում են լուծվող սուրճ, իսկ մենք հավատարիմ ենք մնում ավանդույթին և պատրաստում ենք տիրամիսուն իսկական իտալական էսպրեսոյի հիմքով, ինչը տալիս է աղանդերին խորը, հագեցած բույր: Մեր բաղադրատոմսը մեր հպարտությունն է: Այն ստեղծվել է իտալացի տատիկից ստացած խորհուրդների հիման վրա, որը մեզ փոխանցել է իր խոհարարական գաղտնիքները: Բացի այդ, մեր տիրամիսուն ունի մեկ յուրահատուկ բաղադրիչ, որը նրա համն իսկապես անզուգական է դարձնում: Իսկ վերջում, մենք առաջարկում ենք համերի բազմազանություն՝ շնորհիվ մեր կողմից պատրաստված հատուկ սոուսների: Դրանք հնարավորություն են տալիս ստեղծել յուրօրինակ համադրություններ և զարմացնել յուրաքանչյուր հյուրի: Առհասարակ բիզնեսում շատ կարևոր է, որ անես այն, ինչ լավ ես կարողանում անել ու սիրում ես:
– Հավանաբար սրճարանի առաջին տիրամիսուներն ինքներդ եք պատրաստել:
– Այո, բայց հիմա դա հիմնականում անում են աշխատակիցները: Մենք շատ հետաքրքիր ու կարևոր կադրային սկզբունք ունենք. մեր թիմը համալրում ենք հիմնականում երիտասարդներով, որոնց նաև սովորեցնում ենք: Ես էլ եմ այսպես մուտք գործել ոլորտ:
– Որքանով եք ձեզ լավ զգում բիզնեսում` գործարար միջավայրում առկա մրցակցության պայմաններում և ոլորտում մեծամասամբ տղամարդկանց գերակշռությամբ:
– Բիզնեսում որևէ դժվարություն չեմ ունեցել, հավանաբար պատճառը բիզնեսի բոլոր մակարդակներով անցած լինելս է: Եթե մի օր մեր բարմենն աշխատանքի չի գալիս, կամ խոհարարը, կամ որևէ այլ աշխատակից, ես հանգիստ փոխարինում եմ: Եթե ոլորտին քաջատեղյակ ես, խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելի են: Կին լինելը բիզնեսում խնդիր չէ, բայց մեր ոլորտում մեծ է մրցակցությունը, որովհետև դաշտը շատ հագեցած է: Մի կարևոր բան եմ հասկացել. մեր ոլորտում մշտապես մրցունակ լինելու համար հաճախորդին լսել է պետք՝ ինչի կարիք ունի, ինչ է սիրում, որ պրոդուկտներից ու ծառայություններից է հաճախ օգտվում:
– Թեև հաճախորդի հետ կապն այս բիզնեսում շատ կարևոր է, բայց պակաս կարևոր չէ գործընկերությունը: Ինչպես են նրանք նպաստում ձեր բիզնեսի զարգացմանը։ Գիտեմ, որ համագործակցում եք Yandex Go-ի հետ։
– Առաքման մեծ մաս է կազմում հենց Սնունդ բաժինը Yandex Go-ում: Մեր դեպքում առաքումներն ապահովում են ընդհանուր վաճառքի 30%-ը, որից կեսը Yandex Go-ի մասնաբաժինն է: Հատկապես բում ենք ունենում, երբ մենյուում նորություններ են լինում: Պարբերաբար ակցիաներ ենք անում, որոնք նաև առաքման դեպքում են գործում:
– Ի՞նչ ուտեստներ են ամենից շատ պատվիրում ձեր մենյուից առաքման միջոցով։
– Ամենաշատը նախընտրում են տիրամիսուն: Դե, մեր ձևաչափում շեշտն այս պրոդուկտի վրա ենք դրել: Հաջորդիվ, ամենապահանջվածը նախաճաշերն են: Հաճախ մեր թիմակիցները զարմանում են՝ ինչպես կարող են մարդիկ, օրինակ, ձվածեղ պատվիրել առաքմամբ, եթե իրենք կարող են տանը պատրաստել: Բայց պետք է ասեմ, որ Yandex Go-ի առաքման ծառայությամբ մեծ ծավալ են կազմում մեր նախաճաշերի պատվերները:
– Ինչպես եք պատրաստվում բարելավվել ձեր ծառայությունները` գուցե բիզնեսն ընդլայնելով կամ մենյուն համալրելով։
– Սեզոնով պայմանավորված փոփոխություններ ու նորություններ միշտ ունենում ենք: Օրինակ, այս շրջանում ունենք Պահքի ճաշացանկ: Մեր մենյուն պարբերաբար թարմացվում է: Այս պահին ունենք տիրամիսուի 21 համ: Օրերս ցանկը կհամալրվի ևս 3-ով: Ի դեպ, այս 3 նոր համի մտահղացումը տվել է արհեստական բանականությունը: Արդեն պատրաստել ենք, համտեսել, հավանել, բայց չգիտենք՝ դրանցից որը մեծ պահանջարկ կունենա: ԱԲ առաջարկով մի քանի օրից կունենանք գազարով տորթի տիրամիսու տարբերակը, կարամելիզացված բանան ու կարամելային տարբերակն է, իսկ 3-րդն ամենահետաքրքիրն է՝ քաղցր և աղի համերի համադրությամբ: Շուտով Moka Pot | Tiramisu-ից բացի կունենանք նաև Moka Pot | Eclair ձևաչափը: Այս դեպքում էլ էկլերներ ենք պատրաստելու՝ պատվերի գրանցման պահին, տեղում: Այսինքն, բացի համային առանձնահատկություններից ու բազմազանությունից, մենք հաճախորդին մատուցում ենք սառնարանում չպահված, չսառեցված, այլ տեղում թխվող, թարմ պրոդուկտ, այսինքն այն թխվելու է հաճախորդի աչքի առաջ։ Ես ինչքան փորձել եմ էկլերներ տարբեր վայրերում, հանդիպել եմ նույն խնդրին, խմորը դնում են սառնարան, որից հետո այն փափկում է և եթե նույնիսկ թխվել է ընդամենը 2 ժամ առաջ, միևնույն է էկլերն արդեն հին է թվում, որովհետև խմորը՝ սառնարանում փափկելու պատճառով համը փոխում է։ Իսկ մեզ մոտ այն սառնարանում չի պահվելու, մենք այն թխելու ենք, կրուասանի նման պահելու ենք, ու ցանկացած պահի ըստ հաճախորդի նախընտրած համի լցոնենք: Մեր կոնցեպտն այս առումով է տարբերվելու: Ի դեպ, մեզ մոտ սենդվիչները, բրուսկետաները, բոլորի հացային մասը լինելու է էկլերի խմորով՝ այսինքն էկլերի սենդվիչ։ Մեզ մոտ էկլերը ոչ միայն քաղցր է, այլ նաև աղի։ Մենք արդեն փորձարկել ենք ու իսկապես շատ համեղ է ստացվել։
– Ի՞նչ խորհուրդներ կտաք սկսնակ բիզնեսներին։
– Շատ սրճարաններ բացվում են, հետո են մտածում համագործակցել առաքման ծառայության հետ, բայց ես, իմ փորձից ելնելով, մինչև բացումը մենյուն արդեն տեղադրել էի, որ գործելուն պես առաքումներ էլ ունենամ: Առաքումը շատ մեծ թափ է հավաքել: Հաճախ հաճախորդը գալիս է սրճարան, բայց տեղ չկա: Այս հարցում Yandex Go-ի հետ համագործակցությունն իսկապես արդյունավետ է: Լավ գործընկերությունից բացի՝ հաջողությունը կախված է նաև պլանավորումից. պլանավորիր օրդ, բիզնեսդ… Բիզնեսում կարևոր են նաև սերն ու ներդաշնակությունը: Եթե սիրով չես անում գործդ, խաղաղ չես այնտեղ, որտեղ գտնվում ես, փոխիր վերաբերմունքդ կամ գտիր հոքեհարազատ վայր:
– Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար։
– Մենք նախատեսում ենք դուրս գալ ԱՄՆ շուկա և այժմ ակտիվ զբաղվում ենք համապատասխան վայրի որոնմամբ՝ բացման համար։ Ես մի քանի անգամ նշեցի առաքման կարևորության մասին, այստեղ ևս, դա մեր զարգացման կարևոր մասերից է։ Սակայն տեղանքի ընտրության գործընթացը բարդանում է նրանով, որ վայրը պետք է համապատասխանի որոշակի պահանջների՝ առաքման ծառայությանը միանալու համար։ Օրինակ, պարտադիր պայման է առանձին ետնաբակի մուտքի առկայությունը։ Միայն այս պահանջի բավարարման դեպքում կկարողանանք լիարժեք համագործակցել առաքման ծառայությունների հետ։ Մենք դեռ ընտրության փուլում ենք, բայց կարծում եմ՝ շուտով վերջնական որոշում կկայացնենք: