
Իլոն Մասկը հայտարարել է պետական ծառայությունից հեռանալու մասին
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ իր հատուկ պետական ծառայողի լիազորությունների նախատեսված ժամկետը մոտենում է ավարտին։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Մասկը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ երկրի կառավարության ավելորդ ծախսերը կրճատելու հնարավորության համար։
«DOGE-ի առաքելությունը միայն կուժեղանա ժամանակի ընթացքում, քանի որ այն դառնում է ամբողջ կառավարության կենսակերպը», – հայտարարել է նա։
Ավելի վաղ, Կատարի տնտեսական ֆորումի շրջանակում, Մասկը նշել էր, որ ապագայում մտադիր է շատ ավելի քիչ ժամանակ հատկացնել քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ ինքն «արդեն շատ բան է արել»։ Մինչ այդ, լրատվամիջոցները ուշադրություն էին հրավիրել այն փաստի վրա, որ Թրամփը, որը նախկինում գրեթե ամեն օր հիշատակում էր Մասկին, արդեն ավելի քան մեկ ամիս է, որևէ բան չի գրել նրա մասին սոցիալական ցանցերում։