
Tesla-ի կապիտալիզացիան կրճատվել է 153 միլիարդ դոլարով
Tesla ընկերության բաժնետոմսերն արժեզրկվել են 14%-ով՝ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև սրված տարաձայնությունների հետևանքով։
Արդյունքում, ընկերության շուկայական կապիտալիզացիան կրճատվել է 153 միլիարդ դոլարով՝ հասնելով 1.07 տրիլիոն դոլարի։
Forbes-ի տվյալներով՝ Իլոն Մասկի անձնական կարողությունը մեկ գիշերվա ընթացքում նվազել է 27 միլիարդ դոլարով՝ հասնելով 388 միլիարդ դոլարի։
Գիշերը Մասկը մի քանի գրառում է արել X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ Մասնավորապես, նա նշել է, որ Դոնալդ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր աջակցության։ Բացի այդ, գործարարը լայքել է գրառում, որում հեղինակը կոչ է անում Թրամփի իմփիչմենթի գործընթաց սկսել:
Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ կարող է վերանայել պետական սուբսիդիաների տրամադրումը և խզել Մասկի ընկերությունների հետ գործող պայմանագրերը։ Մասկը մեղադրանքներ է հնչեցրել Թրամփի հասցեին՝ վերջինիս կապելով ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի անվան հետ, ում նկատմամբ քննություն էր ընթանում սեռական բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ անչափահասների մասնակցությամբ, գործով։ Էպշտեյնը ինքնասպան էր եղել բանտում 2019 թվականին։
Հինգշաբթի օրը հետբորսայական առևտրի ժամանակ Tesla-ի բաժնետոմսերի գինն աճել է 0.8%-ով՝ ԱՄՆ մամուլում տարածված տեղեկատվության ֆոնին, ըստ որի՝ Սպիտակ տան ներկայացուցիչները փորձում են մեղմել իրավիճակը։ Politico հրատարակության համաձայն՝ ուրբաթ օրը հնարավոր է տեղի ունենա հեռախոսազրույց Մասկի և Թրամփի միջև։