
Tesla-ն առաջին անգամ առաքել է նոր Model Y-ն առանց վարորդի՝ ուղիղ գնորդի տուն
Tesla-ն հայտնել է, որ ամբողջությամբ ինքնավար ռեժիմով Model Y մեքենան իր գործարանից առաքել է գնորդի տուն՝ առանց վարորդի կամ հեռավար օպերատորի մասնակցության։
Tesla-ից հայտնում են, որ առաջին անգամ է մեքենա առաքում գործարանից՝ լիովին ինքնավար ձևով։ X հարթակում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Model Y-ն դուրս գալիս Օսթինի Gigafactory-ից, անցնում մայրուղով, արվարձանով, մտնում բնակելի թաղամաս ու կանգնում գնորդի տան առաջ։ Այդ ամենը՝ առանց որևէ մարդու ներկայության մեքենայում։
Ինչպես միշտ, Իլոն Մասկը շեշտադրել է դեպքի նշանակությունը՝ նշելով, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեքենա է առաքվում հանրային ճանապարհներով՝ առանց վարորդի կամ նույնիսկ հեռավար վերահսկողի։ Նրա խոսքով՝ մեքենան ամբողջությամբ ինքնուրույն է ընթացել։
Սակայն հարկ է հիշեցնել, որ Waymo-ն արդեն մեկ տարի է՝ իր ինքնավար ռոբոտաքսիները շահագործում է առանց վարորդների՝ Սան Ֆրանցիսկոյում ու Լոս Անջելեսում։ Ճիշտ է, առայժմ միայն ընկերության աշխատողների համար։ Այսպիսով, Tesla-ն առաջինը չէ, բայց հաստատ առաջատարներից է։
Այս «դեբյուտը» կարևոր է հատկապես Tesla-ի վաղաժամ «ռոբոտաքսի» փորձից հետո, երբ մեքենաները սխալներ էին անում՝ կանոններ խախտում, կանգնում առանց պատճառի։ Այդ ժամանակ մեքենայում ներկա էին ապահովագրողներ՝ արտակարգ կանգի կոճակներով։
Այս անգամ, ըստ ընկերության, նման անվտանգային միջոցներ չեն կիրառվել։ Դա նշանակում է, որ Full Self-Driving համակարգը աստիճանաբար մոտենում է այն վիճակին, երբ մեքենան կարող է աշխատել առանց հսկողության։ Թեև հիմա սրահում դեռ մարդ կա. Tesla-ն դեռ ապահովագրվում է։
Այս քայլն ավելի շատ PR ակցիա է, քան շուկայի խաղի կանոնների իրական փոփոխություն։ Սակայն, եթե Tesla-ն ապացուցի, որ իր մեքենաները կարող են լիովին ինքնավար երթևեկել՝ ուղևորների ներկայությամբ ու առանց վերահսկման, դա կլինի նոր մակարդակ։ Մինչ այդ՝ ընկերությունը դեռ «վստահում է, բայց ստուգում»։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։