
Tesla-ն երկրորդ եռամսյակում կրճատել է եկամուտը 12%-ով, իսկ մաքուր շահույթը՝ 16%-ով
Ամերիկյան էլեկտրական ավտոմեքենաների արտադրող Tesla-ն երկրորդ եռամսյակում կրճատել է իր եկամուտն ու մաքուր շահույթը:
Ինչպես նշվում է ընկերության բաժնետերերի համար նախատեսված զեկույցում, 2025 թվականի ապրիլ-հունիսին Tesla-ի մաքուր շահույթը կրճատվել է 16%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 1.17 միլիարդ դոլարի, կամ 0.33 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով։
Միաժամանակ շահույթը առանց միանվագ գործոնների կազմել է 0.4 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով, ինչը զիջել է LSEG-ի վերլուծաբանների կանխատեսած 0.43 դոլարին։
Եռամսյակային եկամուտը նվազել է 12%-ով՝ կազմելով 22.45 միլիարդ դոլար, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսել էին 22.74 միլիարդ դոլար։
Համախառն շահութաբերությունը կազմել է 17.2%՝ նախորդ տարվա 18%-ի և այս տարվա առաջին եռամսյակի 16.3%-ի համեմատ։
Ավտոմոբիլային սեգմենտի եկամուտը կրճատվել է 16%-ով՝ հասնելով 16.6 միլիարդ դոլարի, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության և պահպանման սեգմենտում եկամուտը նվազել է 7%-ով՝ մինչև 2.79 միլիարդ դոլար։
Էլեկտրամեքենաների մատակարարումները երկրորդ եռամսյակում նվազել են 13%-ով, հասնելով 384.122 հազար միավորի։ Մինչդեռ արտադրության ծավալը մնացել է մոտավորապես նույնը՝ 410.244 հազար միավոր։
Ազատ դրամական հոսքը երկրորդ եռամսյակում կրճատվել է 9 անգամ՝ հասնելով 146 միլիոն դոլարի, նախորդ տարվա 1.34 միլիարդ դոլարի փոխարեն։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել էր 664 միլիոն դոլար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։