
Porsche-ն այս տարի 37-38 մլրդ եվրո եկամուտ է կանխատեսում
Գերմանական լյուքս դասի ավտոմեքենաներ արտադրող Porsche AG-ն հաստատել է 2025 թվականի եկամուտների կանխատեսումը՝ 37-38 մլրդ եվրոյի մակարդակում։ Միաժամանակ ընկերությունը վատթարացրել է օպերացիոն շահութաբերության կանխատեսումը․ այժմ այն սպասվում է մինչև 2%, մինչդեռ ավելի վաղ կանխատեսվում էր 5-7%։
Ավտոմոբիլային գործառնությունների EBITDA-ի շահութաբերությունը կանխատեսվում է 10.5-12.5% միջակայքում՝ նախկին 14.5-16.5% փոխարեն։
Ընկերության փոխանցմամբ՝ կանխատեսումների վատթարացումը կապված է նոր էլեկտրամոբիլային հարթակի մշակման ժամանակացույցի փոփոխության հետ, որը նախատեսվում է 2030-ական թվականներին։
Ակտիվների ամորտիզացիան և պահուստների ձևավորումը ժամանակացույցի փոփոխության հետևանքով 2025 թվականին բացասաբար կազդեն օպերացիոն շահույթի վրա մինչև 1.8 մլրդ եվրոյի չափով։
Միևնույն ժամանակ որոշ ամբողջությամբ էլեկտրական մոդելների շուկա դուրսբերումը կուշացվի, իսկ հարթակը տեխնոլոգիական վերամշակում կանցնի՝ համագործակցելով Volkswagen խմբի մյուս բրենդների հետ։
Բացի այդ, նշվում է, որ այս տարվա դիվիդենտների փաստացի չափը զգալիորեն ավելի ցածր կլինի, քան անցած տարի, սակայն վճարումների գործակիցը նախատեսվում է պահել հարկումից հետո շահույթի 50%-ից զգալիորեն բարձր մակարդակում՝ ընկերության միջնաժամկետ դիվիդենտային քաղաքականությանը համահունչ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։