
«ԴիջիԹեք 2025»-ն անակնկալներ է խոստանում
Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությանը՝ «ԴիջիԹեք 2025»-ին մնացել են հաշված օրեր։ Այս տարի առաջին անգամ այն կանցկացվի անդադար՝ երեք օր, երեք գիշեր ձևաչափով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով՝ հոկտեմբերի 10-12-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ աննախադեպ մշակութային ծրագիր՝ Տիգրան Համասյանից մինչև Մուրկոֆ։
40 000 այցելու շուրջ 20 երկրներից, համաշխարհային համբավով ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում․ այսպիսին է տեխնոլոգիական տոնի կանխատեսումը։ Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) է։
ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց կոնֆերանսի խոսնակների անունները։ Նա նշեց, որ խոսնակների թվում են NVIDIA ընկերություն փոխնախագահ Րև Լեբարեդյանը (ԱՄՆ), Oculus ընկերության համահիմնադիր, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ջեք Մաքքոուլին (ԱՄՆ), Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր, տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ այլ տեխնոլոգիական առաջնորդներ։
«Այս տարի ունենալու ենք երեք ձևաչափ՝ մեր դասական սիրված ցուցահանդեսը՝ տեխնոլոգիական էքսպոն, կոնֆերանսը, որտեղ 100-ից ավելի տեխնոլոգիական առաջնորդներ կլինեն, ինչպես նաև աշխատարաններ մեր խոսնակների կողմից։ Այս երեք օրերին Երևանը դառնալու է տեխնոլոգիական աշխարհի կենտրոնը։ Տոկիոյից մինչև Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Նյու Յորք, Փարիզ, Սիդնեյ․ բոլոր քաղաքներից ունենք բանախոսներ, ներկայացուցիչներ, պատվիրակություններ»,-նշեց Սարգիս Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս տարի «ԴիջիԹեք 2025»-ը համագործակցում է «Rambalkoshe» համայնքի հետ, որն իր հանրահայտ «DZEN» փառատոնը այս տարի բերում է «ԴիջիԹեք»․ ելույթ են ունենալու աշխարհահռչակ դիջեյներ, ինչպես նաև համերգով հանդես կգա Տիգրան Համասյանը՝ երեք այլ աշխարհահռչակ երաժիշտների հետ նույն բեմում։ «ԴիջիԹեք 2025»-ի ընթացքում նախատեսվում են նաև մարզական ուշագրավ միջոցառումներ՝ յոգա, վազք և այլն։
Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ և՛ ցուցահանդեսային, և՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտություն:
Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, Առաջատար տեխնոլոգիաների ձեխնոլոգիաների միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։