Toyota-ն երկու տարով կերկարացնի մոդելների թարմացման ցիկլը
Toyota-ն վերանայում է իր առաջատար մոդելների թարմացման ռազմավարությունը։ Nikkei Asia-ի տվյալներով՝ հիմնական մոդելների կյանքի ցիկլը կերկարացվի յոթից մինչև ինը տարի։
Ինչպես գրում է պարբերականը, ընկերությունը կփոխի շեշտադրումը՝ հաճախակի սերնդափոխությունից դեպի ծրագրային թարմացումներ, որոնք թույլ կտան ավտոմեքենաներին մնալ արդիական գրեթե մեկ տասնամյակ։
Ավելի երկար կյանքի ցիկլին անցումը պայմանավորված է կայուն պահանջարկով և որոշ Toyota մոդելների՝ օրինակ Land Cruiser-ի, նկատմամբ մեծ հերթերով։ Ընկերության կարծիքով` նման քաղաքականությունը կկարողանա կայունացնել վաճառքները և բարձրացնել ավտոմեքենաների լիկվիդայնությունը երկրորդական շուկայում։
Նոր ռազմավարության կարևոր մասը կլինի գնագոյացման և դիլերների աշխատանքի սկզբունքների փոփոխությունը։ Եթե նախկինում մոդելների մեծածախ գինը սովորաբար նվազում էր տարիների ընթացքում, իսկ կյանքի ցիկլի վերջում դրանց համար առաջարկվում էին մեծ զեղչեր, ապա այժմ արժեքը կորոշվի՝ կախված յուրաքանչյուր կոնկրետ մոդելի պահանջվածությունից։
Երկար կյանքի ցիկլի իրականացումը հնարավոր է դարձել ծրագրային թարմացումների դերի աճի շնորհիվ։ Սերնդափոխության հետ միասին նոր հնարավորությունները ներկայացնելու փոխարեն Toyota-ն կկարողանա էական փոփոխություններ իրականացնել ծրագրային ապահովման կանոնավոր թարմացումներով։ Սա հնարավորություն կտա ավտոմեքենան ձեռք բերելուց հետո էլ անել նոր թարմացումներ, բարելավել անվտանգության համակարգերն ու ինտերֆեյսները՝ ապահովելով մոդելների արդիականությունը կյանքի ողջ տարիների ընթացքում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

