Ենթադրվում է, որ Samsung-ը Galaxy S26 սերիան կներկայացնի փետրվարի 25-ին
Galaxy S26-ի արհեստական բանականության հնարավորությունների խոշոր վերափոխմանը զուգահեռ՝ այժմ արդեն պարզ է, որ Samsung-ը Galaxy S26 սերիան կներկայացնի ավելի ուշ, քան Galaxy S25-ը, որը ներկայացվել էր 2025 թվականի հունվարին։ Նոր արտահոսքը հաստատում է նախորդ հաղորդումները, ըստ որոնց` Samsung-ը նախատեսում է իր 2026 թվականի ֆլագմանային սմարթֆոնների թողարկումն իրականացնել մարտին։
Հեղինակավոր ինսայդեր Ice Universe-ը, որը Samsung-ի վերաբերյալ արտահոսքերի ոլորտում ունի երկարատև և բարձր ճշգրտության համբավ, վերջերս X հարթակում գրել է, որ Samsung-ը Galaxy S26 սերիան կներկայացնի Galaxy Unpacked միջոցառման շրջանակում՝ 2026 թվականի փետրվարի 25-ին, Սան Ֆրանցիսկոյում։ Սպասվում է, որ սարքերը վաճառքի կհանվեն «մարտի սկզբին», թեև այս պահին հստակ ամսաթիվ դեռ չի նշվում։
Սա առաջին դեպքն է, երբ հայտնի են դառնում 2026 թվականի մեկնարկի հստակ օրը և վայրը։ Galaxy Unpacked միջոցառման անցկացումը Սան Ֆրանցիսկոյում զարմանալի չէ. Samsung-ը Galaxy S-ի վերջին երեք շնորհանդեսները կազմակերպել է Բեյի շրջանում՝ հերթափոխելով Սան Ֆրանցիսկոյի և Սան Խոսեի միջև։
Ընկերությունը դիտարկում է յուրաքանչյուր մոդելի գնի բարձրացում 44 000 (մոտ 31 դոլար) մինչև 88 000 (մոտ 62 դոլար) վոնով։ ԱՄՆ-ում դա կարող է նշանակել, որ Galaxy S26 սերիայի գները կհասնեն մոտավորապես 859, 1 059 և 1 359 դոլարի՝ համապատասխանաբար հիմնական, Plus և Ultra մոդելների համար։
Հնարավոր գնաճին զուգահեռ Samsung-ը կարող է նաև հրաժարվել իր հայտնի կրկնակի հիշողության (double storage) նախապատվերի առաջարկից։ Այդ ակցիան սովորաբար ներառում է անվճար հիշողության ծավալի ավելացում (օրինակ՝ 256 ԳԲ-ից մինչև 512 ԳԲ), ինչպես նաև 50 դոլարի կրեդիտ և ավելի շահավետ փոխանակման (trade-in) պայմաններ։
Արտադրողների համար հիշողության գների կտրուկ աճի պայմաններում անվճար հիշողության թարմացումից հրաժարվելն ունի տրամաբանական հիմնավորում։ Գնաճի հետ համատեղ՝ Galaxy S26-ի գնային ռազմավարությունը կարող է ձևավորել ամբողջ Android շուկայի վիճակը 2026 թվականին։
Samsung-ի վերջին հինգ թողարկումները շուկա են դուրս եկել Galaxy Unpacked միջոցառումից 14-16 օր անց։ Փետրվարի 25-ի շնորհանդեսը ենթադրում է, որ Galaxy S26 սերիան հնարավոր կլինի գնել մոտավորապես մարտի 13-ին։ Թեև դա արդեն ամսվա կեսն է և ոչ «մարտի սկիզբ», մարտի 13-ը ուրբաթ է՝ այն օրը, երբ Samsung-ը սովորաբար սկսում է իր ֆլագմանային մոդելների վաճառքը։
Եթե Samsung-ը հավատարիմ մնա 14-16 օրվա քաղաքականությանը, ապա մարտի 13-ը ամենահավանական թողարկման օրն է։ Սակայն, եթե ընկերությունը ցանկանա խուսափել ամսվա չափազանց ուշ մեկնարկից, հնարավոր է ամսաթիվը տեղափոխվի մարտի 6-ին, ինչը կհամապատասխանի Ice Universe-ի «մարտի սկիզբ» ձևակերպմանը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

