Tesla-ն գործարկում է առանց ղեկի Cybercab-ի արտադրությունը՝ 30 000 դոլար մեկնարկային գնով
Առաջին սերիական Tesla Cybercab-ը դուրս է եկել Տեխասի գործարանի կոնվեյերից։ Այդ մասին X սոցիալական հարթակում հայտնել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը։ Նոր երկտեղանի էլեկտրամոբիլը զրկված է ղեկից և ոտնակներից․ վարորդի փոխարեն գործում է ավտոպիլոտային համակարգը։
Cybercab-ը դարձել է Tesla-ի ռոբոտաքսի նախագծի հաջորդ փուլը։ Ի տարբերություն ներկայիս անօդաչու տարբերակների, օրինակ՝ Tesla Model Y-ի, որոնք մեծ մասամբ պահանջում են «անվտանգության դիտորդի» ներկայություն, նոր մոդելն ընդհանրապես չի նախատեսում ձեռքով կառավարում։ Սա էլ առաջացնում է հիմնական հարցերը, քանի որ Tesla-ի ներկայիս ինքնավար տեխնոլոգիաները դեռևս չեն համապատասխանում լիովին ինքնուրույն տրանսպորտային միջոցների պահանջներին։
Մասկը հաստատել է նաև մոտավոր մեկնարկային գինը՝ 30 հազար դոլար։ Նրա խոսքով՝ ընկերությունը ձգտում է Cybercab-ը դարձնել շահագործման առումով ամենաէժան տրանսպորտային միջոցներից մեկը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նպատակ ունեն իջեցնել ընդհանուր սեփականության արժեքը մինչև մեկ մղոնի դիմաց 0.20 դոլար՝ ներառյալ լիցքավորումը, ապահովագրությունն ու ամորտիզացիան։
Ենթադրվում է, որ առաջին հաճախորդները կլինեն ռայդշերինգի ծառայությունները, ինչպիսիք են Uber-ը և Lyft-ը։ Հեռանկարում մոդելը նախատեսվում է առաջարկել նաև մասնավոր գնորդներին։ Տեսականորեն սա կարող է փոխել փոխադրումների շուկան, այդ թվում՝ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում ինքնուրույն վարել ավտոմեքենա։
Cybercab-ի ինտերիերը խիստ մինիմալիստական է՝ երկու նստատեղ և կենտրոնական սենսորային էկրան։
Չնայած արտադրության մեկնարկին՝ նախագիծը կասկածներ է առաջացնում։ Բացի «Cybercab» անվան շուրջ հնարավոր իրավական վեճերից, հիմնական հարցը վերաբերում է ինքնավար տեխնոլոգիաներին։ Tesla-ում կիրառվող Full Self-Driving համակարգը, որն օգտագործվում է Tesla Model 3 և Model Y մոդելներում, պաշտոնապես դասակարգվում է որպես SAE սանդղակի Level 2 և պահանջում է վարորդի մշտական վերահսկողություն։ Իսկ Level 5-ը ենթադրում է լիարժեք ինքնավարություն՝ առանց մարդու միջամտության, սակայն տեխնոլոգիաները դեռևս հեռու են։
Նույնիսկ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գործող Tesla-ի սահմանափակ ռոբոտաքսի պարկը աշխատում է օպերատորների վերահսկողությամբ, և արդեն արձանագրվել են ցածր արագությամբ միջադեպեր՝ չնայած դիտորդների ներկայությանը։
Բացի այդ, Մասկը նախկինում զգուշացրել էր, որ Cybercab-ի արտադրության տեմպերը սկզբնական փուլում կլինեն չափազանց դանդաղ՝ արտադրանքի նորարարական բնույթի պատճառով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

