Honda-ն չինական ավտոմեքենաների պատճառով վերադառնում է 1960-ականներ
Honda-ն ստիպված է վերանայել զարգացման իր ռազմավարությունը։ Վերջերս այն հրաժարվել է ԱՄՆ-ում էլեկտրամեքենաների արտադրության ծրագրերից։ Միաժամանակ այժմ չեղարկում է այն որոշումները, որոնք մի քանի տարի առաջ հանգեցրել էին ընկերության լայնածավալ վերակազմակերպման։
Honda-ն իր ինժեներներին տեղափոխել է կիսանկախ գիտահետազոտական ստորաբաժանում։ Նման քայլ ընկերությունն արել էր նաև 1960-ականներին։ Այն ժամանակ Honda-ն իր պատմության մեջ առաջին անգամ ստեղծեց բաժին, որը զբաղվում էր միայն հետազոտություններով։ Դրա շնորհիվ, օրինակ, նրան հաջողվեց ստեղծել CVCC շարժիչը, որը ճապոնական բրենդի մի շարք մոդելներ դարձրեց բեսթսելլեր ԱՄՆ շուկայում։
Սակայն մոտ վեց տարի առաջ ճապոնական ընկերությունը հրաժարվեց առանձին ստորաբաժանումից՝ հօգուտ կառավարման կենտրոնացման։ Այդ քայլը նպատակ ուներ բարձրացնել Honda-ի աշխատանքի արդյունավետությունը։ Սակայն այսօր ընկերության ղեկավարությունը կարծում է, որ չինական արտադրողների հետ հաջող մրցակցելու համար անհրաժեշտ է հետազոտողներին տալ ստեղծագործական ազատություն։
Չինաստանում սկզբունքորեն նոր ավտոմեքենայի մշակումը տևում է մոտ 18 ամիս (նախագծից մինչև սերիական մոդել)։ Honda-ն դրա վրա ծախսում է գրեթե կրկնակի ավելի ժամանակ։ Ուստի զարմանալի չէ, որ ճապոնական ընկերությունը արդեն մի քանի տարի է՝ գնորդներ է կորցնում Չինաստանում։ Դա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Geely-ի և BYD-ի նման մրցակիցները ստեղծում են ավելի էժան և տեխնոլոգիապես զարգացած ավտոմեքենաներ։
Բացի այդ, չինական ընկերություններնայժմ բարձր ակտիվություն են ցուցաբերում նոր ամենագնացների մշակման գործում։ Great Wall-ը շուտով կներկայացնի նման ավտոմեքենաներից մեկը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

