Ինչպես նարնջագույնը դարձավ McLaren-ի ֆիրմային գույնը
Նարնջագույնն առաջին անգամ հայտնվեց McLaren-ի մեքենաների վրա 1967 թվականին՝ բրենդի հիմնադիր Բրյուս ՄաքԼարենի կողմից ընկերության ստեղծումից 4 տարի անց։ Նարնջագույնով էր ներկված McLaren M6A ավտոմեքենան, որը մասնակցում էր Can-Am ամերիկա-կանադական գավաթի մրցաշարին։
Այն պատճառը, թե ինչու որոշվեց մեքենաները ներկել նարնջագույն, բավականին պարզ է՝ այդ գույնը շատ լավ էր երևում այն ժամանակ նոր հայտնված գունավոր հեռուստատեսությամբ։ Իհարկե, նարնջագույնը չէր դառնա կայուն ավանդույթ, եթե McLaren-ի մեքենաները այդքան հետևողականորեն չզբաղեցնեին պատվավոր տեղեր տարբեր մրցաշարերում։
Հաջորդ հինգ տարիների ընթացքում նարնջագույն մեքենաները լիովին գերիշխեցին Can-Am առաջնությունում։ McLaren-ի նարնջագույն մեքենաները հաղթանակներ էին տանում նաև այլ մրցաշարերում։
Առաջին «նարնջագույն դարաշրջանը» McLaren-ի համար ավարտվեց 1970-ականների կեսերին, երբ թիմը ձեռք բերեց նոր հովանավոր՝ Marlboro ծխախոտային ընկերությունը, որը պահանջեց փոխել մեքենաների գույնը՝ դարձնելով դրանք սպիտակ-կարմիր։
Սակայն 1995 թվականին ընկերությունը դուրս եկավ միայն ավտոմրցարշավների շրջանակից և սկսեց ստեղծել նաև հանրային ճանապարհների համար նախատեսված մեքենաներ։ Առաջին McLaren F1 սուպերմեքենաները մեծ ոգևորությամբ ընդունվեցին, և ընկերությունը ստացավ պատվերներ՝ ստեղծելու իրենց քաղաքացիական մոդելի սպորտային տարբերակը։ Այսպես հայտնվեց McLaren F1 GTR-ը։
Նույն տարում այս մեքենան մեծ հաջողություն գրանցեց Լե Մանի 24-ժամյա մրցարշավում՝ զբաղեցնելով 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 13-րդ տեղերը։ Այդ հաջողության պատվին McLaren-ը թողարկեց հինգ ճանապարհային ավտոմեքենա՝ հիմնված F1 GTR-ի վրա։ Դրանք կոչվեցին F1 LM և բոլորը ներկված էին նարնջագույնով, որը McLaren-ը անվանեց «պատմական նարնջագույն»։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

