Որոնք են կինեմատոգրաֆիայի 5 ամենաթանկ ավտոմեքենաները
Այս մեքենաները մի ամբողջ կարողություն արժեն, քանի որ բոլորը նկարահանվել են կուլտային ֆիլմերում։
Որոշ էնտուզիաստների համար ավտոմեքենաների հանդեպ սերը բորբոքող կայծը դարձել է ավտոմոբիլային ամսագրում կարդացած հոդվածը կամ պատահական հանդիպումը քառանիվ լեգենդի հետ։ Մյուսների համար դա եղել է լեգենդար ավտոմեքենաներին նվիրված անհամար ֆիլմերից կամ հեռուստաշոուներից մեկը։
1954 Ferrari 375 MM Berlinetta
375 MM մոդելը Ferrari-ն մշակել է 1956 թվականին՝ Mille Miglia մրցարշավին մասնակցելու համար (այստեղից էլ՝ նրա անվան սկզբնատառերը)։ Առաջին հինգ մեքենաներից չորսը թողարկվել էին 340 MM տարբերանշանով, որոնք հետագայում ստացել են ավելի հզոր շարժիչներ և նոր թափք՝ նախագծված Pininfarina-ի կողմից։ Թողարկված բոլոր 26 ավտոմեքենաները համալրված էին V12 շարժիչներով, որոնց մի մասը կառուցվել էր հատուկ մրցարշավների համար։ Սակայն դրանց մեծ մասը նախատեսված էր հանրային ճանապարհներով երթևեկելու համար։
Այս մեքենան կարճ ժամանակով հայտնվել է 1956 թվականի իտալական կատակերգությունում՝ «Fortuna di Essere Donna» («Երջանկություն է լինել կին») ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Սոֆի Լորենը և Չարլզ Բոյերը։ Ֆիլմի նկարահանումներից հետո մեքենան 2010 թվականին RM աճուրդում վաճառվել է 4.62 միլիոն դոլարով։

1959 Ferrari 250 GT LWB Berlinetta «Tour de France»
250 սերիան Ferrari-ին օգնել է փայլել 1950-60-ականների մրցարշավներում։ Բոլոր 250-ներից ամենապահանջվածը GTO-ն է, սակայն նրա նախորդը՝ GT LWB Berlinetta-ն, նույնպես չի զիջում։ 1955-ից մինչև 1959 թվականը թողարկվել է ընդամենը 77 օրինակ, որոնք ստացել են «Tour de France» մականունը՝ տվյալ ժամանակաշրջանի հայտնի ավտոմրցարշավի պատվին (չշփոթել հեծանվավազքի հետ)։ Ferrari 250 GT LWB Berlinetta-ն համալրված էր 3-լիտրանոց Colombo V12 շարժիչով, որի հզորությունը հասնում էր մինչև 240 ձիաուժի։ Ավտոմեքենան հաղթել է բազմաթիվ մրցարշավներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Tour de France-ում (1956, 1957 և 1958 թվականներին)։
Այս ավտոմոբիլաշինական լեգենդներից մեկը 1960-ականների սկզբին ձեռք է բերել Ուոլթ Դիսնեյի ստուդիան։ Այն ցուցադրվել է 1966 թվականի «Ֆոլքսվագեն-բզեզը» ֆիլմում, որտեղ նկարահանվել է օրիգինալ Հերբիի՝ սիրելի Volkswagen Beetle-ի հետ միասին։ Հետագայում հայտնի մեքենան մի քանի անգամ փոխել է սեփականատերերին և 2012 թվականին աճուրդում վաճառվել է 6.71 միլիոն դոլարով։

1965 Shelby Cobra Daytona Coupe
Մինչ Ford GT40-ով Լե Մանում Ferrari-ին «ջախջախելը», Քերոլ Շելբին ցանկանում էր իր Cobra-ով վերջ դնել Լե Մանի GT դասում Ferrari 250 GTO-ի գերիշխանությանը։ Սակայն ստանդարտ Cobra-ի թափքը նախատեսված չէր բարձր արագությունների համար, ուստի Շելբին և նրա թիմը վերջիվերջո պարզապես մշակեցին նոր թափք։ Թարմացված Cobra-ն հայտնի դարձավ որպես Daytona Coupe, և 1964 թվականին այն Լե Մանում զբաղեցրեց ընդհանուր հաշվարկով չորրորդ տեղը։ Դրան հաջորդեցին բազմաթիվ այլ մրցարշավային հաղթանակներ ու տիտղոսներ, ինչի շնորհիվ Daytona Coupe-ն դարձավ Ամերիկայի ամենահաջող մրցարշավային մեքենաներից մեկը։
CSX2601 շասսին՝ Shelby American-ի կառուցած չորրորդ ավտոմեքենան, մասնակցել է բազմաթիվ խորհրդանշական մրցարշավների, այդ թվում՝ «24 ժամ Դեյտոնա», «24 ժամ Լե Ման» և «1000 կմ Նյուրբուրգրինգ»։ Բացի այդ, այն գլխավոր դեր է ունեցել 1964 թվականի կուլտային «Red Line 7000» ֆիլմում։
CSX2601 Daytona կուպեն, որը ժամանակին պատկանել է հայտնի ամերիկացի ավտոմրցարշավորդ Բոբ Բոնդուրանտին, 2009 թվականին Mecum աճուրդում վաճառվել է 7.25 միլիոն դոլարով։

1967 Ford GT40
1960-ականների սկզբին Ferrari-ն գնելու անհաջող փորձից հետո Ford-ը մեկնարկեց իր ամենահավակնոտ ավտոսպորտային նախագիծը՝ միակ նպատակով՝ վերջ դնել իտալական արտադրողի գերիշխանությանը Լե Մանում։ Քերոլ Շելբիի օգնությամբ Ford-ին հաջողվեց հաղթել Ferrari-ին 1966 թվականի մրցարշավում։ Թարմացված GT40-ը կրկնեց հաջողությունը 1967 թվականին, իսկ հետո Լե Մանում ևս երկու հաղթանակ տարավ՝ 1968 և 1969 թվականներին։
Gulf գունավորմամբ GT40-ներից մեկը օգտագործվել է 1971 թվականի «Le Mans» ֆիլմի նկարահանումների համար, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Սթիվ Մաքքուինը։ P/1074 շասսի համարը կրող մեքենան դարձավ ամենաթանկ Ford ավտոմեքենան, որը երբևէ վաճառվել է աճուրդում․ 2012 թվականին դրա համար վճարվել է 11 միլիոն դոլար։

1970 Porsche 917K
Այն բանից հետո, երբ Ջոն Ուայերը օգտվեց Group 4 կանոնակարգում եղած բացից և հնացած Mk I GT40-ով երկու անգամ հաղթեց Լե Մանում, Porsche-ում որոշեցին նույնն անել։ Դրա համար ընկերությունը զրոյից ստեղծեց նոր մեքենա և նոր շարժիչ։ Ամեն ինչ սկսվեց 1968 թվականի ամռանը։ Ընդամենը տասն ամսում Porsche-ն կառուցեց ոչ թե մեկ, այլ 25 նոր 917։ Առաջին 917-ը հեռու էր իդեալական լինելուց, սակայն Ջոն Ուայերի կատարելագործումների շնորհիվ այն դարձավ անպարտելի՝ հաղթելով Լե Մանում երկու անգամ՝ 1970 և 1971 թվականներին։
Gulf գունավորմամբ Porsche 917K-ներից մեկը, որը 1971 թվականի մրցաշրջանում հաղթել էր մի շարք կարևոր մրցարշավներ, գործարանից Porsche հասնելուց անմիջապես հետո տրամադրվել է նկարահանող խմբին։ Հենց այդ 917K-ը (շասսիի համար՝ 917-031/026) նկարահանվել է Սթիվ Մաքքուինի հետ միասին «Le Mans» ֆիլմում։
Մրցարշավներից դուրս գալուց հետո մեքենան մի քանի անգամ փոխել է սեփականատերերին։ Իսկ 2001 թվականին այն դարձավ ամենաթանկ կինոմեքենան, որը երբևէ վաճառվել է աճուրդում․ հարուստ կոլեկցիոներն ավելի քան 11 միլիոն դոլար վճարեց այն ունենալու արտոնության համար։ Սակայն հայտնի Porsche-ը կրկին աճուրդի հանվեց 2021 թվականին։ Այդ ժամանակ ամենաբարձր առաջարկը հասավ 15 միլիոն դոլարի, սակայն ի վերջո մեքենան այդպես էլ չվաճառվեց։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

