Հազվագյուտ նախապատերազմյան Bugatti-ն վաճառքի է հանվել 6 միլիոն դոլարով
Կան ավտոմեքենաներ, որոնք հազվագյուտ և արժեքավոր են, և կան 1930-ականների Bugatti-ները։ Այս մեքենաները ցանկացած հավաքածուի զարդն են, գրավում են բոլորի ուշադրությունը և ստիպում մեծ գումարներ ծախսել ամեն անգամ, երբ հայտնվում են հանրության առջև։ Նրանց հայտնվելը աճուրդներում իսկական իրադարձություն է դառնում։
Կոնկրետ այս ավտոմեքենան այնքան բացառիկ է, որ RM Sotheby’s աճուրդային տունը նախատեսում է այն վաճառել մինչև 6 միլիոն դոլարով։
Խոսքը 1937 թվականի Bugatti Type 57SC Atalante մոդելի մասին է՝ նախապատերազմյան շրջանի ամենացանկալի և հազվագյուտ Bugatti-ներից մեկի։ Այն երկու սպորտային տարբերակներից մեկն է, որոնք ներկայացվել էին 1936 թվականին Փարիզում։
Մեքենան համալրված էր 3.3-լիտրանոց ութգլան շարժիչով, որն իր ժամանակին Bugatti ընտանիքին հաղթանակներ և ռեկորդներ էր բերել ավտոսպորտի ամենահեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ Ֆրանսիայի Գրան պրիում, Լա-Մառնի Գրան պրիում, Կոմենժի Գրան պրիում և Լե Մանի մրցարշավներում։
57551 շասսիի համարով մեքենան 1937 թվականին ձեռք էր բերել Ժան Լևին՝ ֆրանսիական ավտոարտադրողի մեծ երկրպագուներից մեկը։
Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը մեքենան գրեթե չէր շահագործվել։
Քանի որ Ֆրանսիան դարձել էր նացիստական Գերմանիայի հիմնական թիրախներից մեկը, սեփականատերը փախել էր ԱՄՆ՝ թողնելով իր Bugatti-ն Ֆրանսիայում։ Չնայած պատերազմին և գերմանական ներխուժմանը, մեքենան հրաշքով պահպանվել էր Դորդոնի շրջանում գտնվող ֆերմայում։
1941 թվականին այն վերագրանցվել էր Լևիի ընկերներից մեկի անունով և հետագայում վաճառվել։ Այդ ընթացքում մեքենայի սկզբնական շարժիչը հեռացվել էր և փոխարինվել այլ ագրեգատով։
Հետագայում մեքենան բազմիցս փոխել է սեփականատերերին և տեղափոխվել եվրոպական տարբեր երկրներ, մինչև 1959 թվականին հայտնվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա Քոլին Դոունի ձեռքում։
Նա մեքենան տեղափոխել է Միացյալ Նահանգներ և մի քանի տարի օգտագործելուց հետո վաճառել այն Նևադայում գտնվող հանրահայտ Harrah’s ավտոմոբիլային հավաքածուին։
1970-ականների սկզբին մեքենան կրկին բերվել է իր սկզբնական 57SC բնութագրերին՝ ստանալով մեխանիկական կոմպրեսոր։ Միաժամանակ այն վերաներկվել է բաց կրեմագույն և դեղնականաչավուն երանգներով։
Այդ տեսքով Bugatti-ն սկսել է մասնակցել ամերիկյան ավտոշոուներին և 1976 թվականին արժանացել մրցանակների հեղինակավոր Pebble Beach Concours d’Elegance ցուցահանդեսում։
1987 թվականին ավտոմեքենան կրկին փոխել է սեփականատիրոջը և ի վերջո հայտնվել ներկայիս վաճառողի ձեռքում։
Harrah’s հավաքածուից դուրս գալուց հետո մեքենան ամբողջությամբ վերականգնվել է կանադական RM Auto Restoration ընկերության կողմից։
2014 թվականին այն կրկին ցուցադրվել է Pebble Beach Concours d’Elegance-ում, որտեղ արժանացել է J.B. Nethercutt Trophy մրցանակին՝ որպես ամենաէլեգանտ փակ թափքով դասական ավտոմեքենա՝ իր գործարանային թափքով, սև-կանաչ արտաքին ձևավորմամբ և խոզի կաշվից պատրաստված սրահով։
RM Sotheby’s-ի տվյալներով՝ 1937 թվականի այս բացառիկ Bugatti Type 57SC Atalante-ը այժմ գերազանց վիճակում և խնամքով պահպանվել է հավաքորդ Ջիմ Փաթերսոնի հավաքածուում։
Ավտոմեքենան նոր սեփականատիրոջը կհանձնվի նաև հարուստ պատմական արխիվով, որը ներառում է Bugatti-ի հայտնի գրքեր, ռեգիստրալ քաղվածքներ, վերականգնման լուսանկարներ, Harrah’s հավաքածուի ձեռքբերման և վերականգնման փաստաթղթերի պատճեններ։
Աճուրդային տան գնահատմամբ՝ մեքենայի արժեքը կազմում է 4.5-6 միլիոն դոլար։
Այս բացառիկ Bugatti-ն աճուրդի կհանվի ընթացիկ տարվա օգոստոսին և կարող է դառնալ տարվա ամենաթանկ վաճառված դասական ավտոմեքենաներից մեկը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

