Volkswagen-ը և Bosch-ը դադարեցրել են ինքնավար վարման համակարգերի համատեղ մշակման նախագիծը
Volkswagen-ը և Bosch-ը հայտարարել են ինքնավար վարման համակարգերի համատեղ մշակման նախագծի դադարեցման մասին։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նախագիծը չի արդարացրել սպասումները։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Volkswagen-ի և Bosch-ի համագործակցությունը մեկնարկել էր 2022 թվականին։ Ընկերությունները նախատեսում էին Cariad ստորաբաժանման միջոցով մշակել ինքնավար վարման և վարորդին աջակցող համակարգերի ծրագրային ապահովում Volkswagen-ի ապրանքանիշերի համար։ Նախագծում ներդրվել էր շուրջ 1.71 միլիարդ դոլար, սակայն մի քանի տարի անց իրականացված ներքին գնահատականները ցույց են տվել, որ տեխնոլոգիան առայժմ մրցունակ չէ։
Ընկերությունները նշել են, որ պարբերաբար վերանայում են իրենց համագործակցությունը՝ գնահատելով, թե որքանով է այն համապատասխանում ռազմավարական և տեխնոլոգիական նպատակներին, ինչպես նաև շուկայի ներկայիս պայմաններին։ Reuters-ի փոխանցմամբ՝ նրանք հրաժարվել են մեկնաբանել գործընկերների հետ անցկացված գաղտնի քննարկումները։
Bosch-ի հետ համագործակցությունը կավարտվի` պայմանագրի դրույթներին համապատասխան, իսկ դրա վերջնական դադարեցումը սպասվում է հաջորդ շաբաթվա սկզբին։ Հետագայում Volkswagen-ը նախատեսում է վարորդին աջակցող համակարգերի համար անհրաժեշտ ապարատային և ծրագրային ապահովումը ձեռք բերել նոր մատակարարից։ Ընկերությունն արդեն դիտարկում է հնարավոր թեկնածուներին, իսկ նոր պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մինչև սեպտեմբեր։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

