AI չիպեր արտադրող ընկերությունների վերելքը կարող է երկար չտևել. JPMorgan
AI չիպեր արտադրող կիսահաղորդչային ընկերությունների բաժնետոմսերի երկարատև գերազանցությունը հիպերսքեյլերների նկատմամբ կարող է դժվար պահպանվել։ Այս մասին նշվում է JPMorgan-ի վերլուծաբան Նիկոլաոս Պանիգիրցոգլուի հրապարակած զեկույցում։
Բանկը ներկայացնում է երկու հավանական սցենար։
Դրական սցենարի դեպքում հիպերսքեյլերները, AI մոդելների մատակարարներն ու վերջնական օգտատերերը կկարողանան բարելավել մոնետիզացիան, եկամուտներն ու շահութաբերությունը, ինչի արդյունքում կնվազի AI ոլորտում ստեղծվող ավելացված արժեքի բաշխման անհավասարակշռությունը։
Բացասական սցենարի դեպքում կիսահաղորդչային ընկերությունների առավելությունը կարող է ձեռք բերվել իրենց հիմնական հաճախորդների՝ հիպերսքեյլերների և AI մոդելների մատակարարների հաշվին։ Դա կարող է թուլացնել կապիտալ ծախսերի աճի պատրաստակամությունը և, ի վերջո, սահմանափակել կիսահաղորդչային արտադրանքի պահանջարկը։
Թեև JPMorgan-ը պաշտոնապես ավելի հավանական է համարում դրական սցենարը, բանկը նշում է, որ ոլորտի վերլուծաբանների կոնսենսուսը վկայում է՝ հաջորդ տարվանից հիպերսքեյլերների կապիտալ ծախսերի աճը կարող է զգալիորեն դանդաղել, ինչը մեծացնում է բացասական սցենարի հավանականությունը։
Բանկը նաև ընդգծում է, որ AI չիպերի և հիշողության չիպերի արտադրողների բաժնետոմսերը անցյալ տարվա սեպտեմբերից գրեթե անընդմեջ գերազանցում են հիպերսքեյլերներին, ինչը ներկայումս դիտարկվում է որպես ոլորտի հնարավոր խոցելիություն։
Անդրադառնալով ավելի լայն մակրոտնտեսական և կրիպտո շուկաներին՝ JPMorgan-ը կանխատեսում է, որ ԱՄՆ դրամական զանգվածը կաճի 2025 թվականի 1.6 տրլն դոլարից մինչև 1.8 տրլն դոլար՝ 2026 թվականին։ Միաժամանակ բանկը նշում է, որ MicroStrategy-ն կրիպտո շուկաներում ստեղծել է չափազանց բարձր երկկողմանի ռիսկ՝ մեծացնելով անորոշությունն ու տատանողականությունը։
