Microsoft-ը կկրճատի 4800 աշխատակցի և իր կազմից դուրս կբերի խաղային չորս ստուդիա
Microsoft կորպորացիան հայտարարել է 4800 աշխատատեղի կրճատման մասին, ինչը կազմում է ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 2.1%-ը։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Կրճատումների շրջանակում Xbox ստորաբաժանումը կկորցնի իր անձնակազմի մոտ 20%-ը։ Այս քայլը ծախսերի կրճատման լայնածավալ ծրագրի մի մասն է, որն իրականացվում է արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում։
Վերակազմավորման շրջանակում Microsoft-ը նաև իր կազմից դուրս կբերի չորս խաղային ստուդիա։
Compulsion Games և Double Fine Productions ստուդիաները կրկին կդառնան անկախ ընկերություններ։
Ninja Theory և Undead Labs ստուդիաները կանցնեն նոր սեփականատերերի վերահսկողության տակ։
Իսկ ֆրանսիական Arkane Studios-ը, որը Microsoft-ը ձեռք էր բերել 2021 թվականին 8.1 միլիարդ դոլարով, ներկայումս քննարկում է իր հետագա զարգացման ռազմավարական տարբերակները։
Տարեսկզբից Microsoft-ի բաժնետոմսերը նվազել են 19%-ով, ինչի հետևանքով ընկերությունը դարձել է խոշորագույն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական կորպորացիաների շարքում ամենաթույլ ցուցանիշ ունեցողներից մեկը։
Ներդրողները մտահոգված են, որ գեներատիվ արհեստական բանականության մոդելները կարող են աստիճանաբար փոխարինել կորպորատիվ ծրագրային ապահովման զգալի հատվածին։
Ընկերության մարդկային ռեսուրսների տնօրեն Էմի Քոուլմանի խոսքով՝ «տեխնոլոգիաները ստեղծվում, ներդրվում և կիրառվում են ավելի արագ, քան երբևէ»։
Անցյալ տարի Microsoft-ը մի քանի փուլով կրճատումներ իրականացրեց, որոնցից մեկի ընթացքում աշխատանքից ազատվեց 9000 աշխատակից։
Ընթացիկ տարվա ապրիլին ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ գործարկեց կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու ծրագիր ԱՄՆ-ում աշխատող ավագ տնօրենների և ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների համար։ Ծրագրին միացել է մասնակցելու իրավունք ունեցող աշխատակիցների ավելի քան մեկ երրորդը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

