Եվրոպայում ամենախոշոր բանկային պայքարներից մեկը մոտենում է ավարտին
Եվրոպայում ամենաերկարատև բանկային դիմակայություններից մեկը մոտենում է հանգուցալուծմանը․ UniCredit-ը հայտարարել է, որ այժմ վերահսկում է Commerzbank-ի բաժնետոմսերի 48%-ը՝ 45 միլիարդ եվրո արժողությամբ թշնամական կլանման իր փորձի շրջանակում։
Ինչպես հիշեցնում է Reuters-ը, իտալական բանկը սկսել էր Commerzbank-ի բաժնետոմսերի ձեռքբերումը 2024 թվականի սեպտեմբերին։ Սակայն գործարքը բախվել էր Գերմանիայի կոշտ դիմադրությանը՝ ևս մեկ անգամ ցույց տալով, թե որքան բարդ է եվրագոտում իրականացնել սահմանանց բանկային միաձուլումներ։ Commerzbank-ում հայտնել են, որ UniCredit-ի առաջարկն ընդունել են մանրածախ և ինստիտուցիոնալ ներդրողների 2%-ից էլ պակասը՝ այն անվանելով ոչ գրավիչ։
Այնուամենայնիվ, նախաձեռնությունն աստիճանաբար անցնում է UniCredit-ի կողմը, գրում է Reuters-ը։ Հոդվածի համաձայն՝ Հեսսեն դաշնային երկրամասի իշխանությունները կողմերին կոչ են արել սկսել բանակցություններ, իսկ իտալական բանկի գլխավոր տնօրեն Անդրեա Օրչելը քննարկում է մի քանի հնարավոր սցենար։
Դրանց թվում են՝ UniCredit-ի բաժնեմասը մինչև 59% հասցնել սվոփ պայմանագրերի միջոցով, բաժնետոմսերի լրացուցիչ գնում իրականացնել կարգավորող մարմինների թույլտվությունը ստանալուց հետո կամ փորձել ուղղակի համաձայնության հասնել Commerzbank-ի հետ։
Միաձուլումն ուժով իրականացնելու համար Օրչելին անհրաժեշտ կլինի վերահսկել բաժնետոմսերի 75%-ը։ Սակայն քանի դեռ Գերմանիայի կառավարությունը պահպանում է Commerzbank-ի 12% բաժնեմասը, UniCredit-ը ստիպված կլինի հաշվի առնել իշխանությունների և մյուս փոքրամասնության բաժնետերերի դիրքորոշումը։
Միաժամանակ Օրչելը հույս ունի, որ Եվրոպական կենտրոնական բանկը մոտ ապագայում UniCredit-ին կճանաչի որպես Commerzbank-ը փաստացի վերահսկող բանկ։ Սակայն այդ որոշումը մինչև 50% բաժնեմասի ձեռքբերումը բանկի համար կապիտալի պահանջների տեսանկյունից ավելի ծախսատար կլինի, քան այն դեպքում, եթե վերահսկիչ փաթեթն արդեն ձեռք բերված լիներ։
Չնայած գործարքի հաջողության հավանականությունը մեծացել է, դրա վերջնական արդյունքը դեռևս մնում է անորոշ, կարծում է Reuters-ը։ UniCredit-ը պետք է հաշվի առնի Իտալիայում բանկային հատվածի համախմբման գործընթացը, ինչպես նաև հաղթահարի Գերմանիայում առկա քաղաքական և բյուրոկրատական դիմադրությունը։
Գործակալության գնահատմամբ՝ եթե Commerzbank-ի կամ Գերմանիայի իշխանությունների հետ համաձայնության հասնել չհաջողվի, UniCredit-ը կարող է վերահսկողություն ձեռք բերել բաժնետոմսերի մեծամասնության նկատմամբ, սակայն այդպես էլ չկարողանալ իրականացնել բանկերի լիարժեք միաձուլումը։
