Tesla-ն մշակում է ինքնության ստուգման ավելի խիստ համակարգ․ ինչ կարող է փոխվել
Tesla-ն պատրաստվում է խստացնել Full Self-Driving (FSD) համակարգի օգտատերերի նույնականացման գործընթացը, ինչպես նաև հնարավոր է սահմանափակի բաժանորդագրության համատեղ օգտագործումը։
Tesla-ի բջջային հավելվածի 4.58.5 տարբերակում հայտնվել են «անձի նույնականում» (Identity Verification) գործառույթի վերաբերյալ հիշատակումներ, ինչը կարող է վկայել վարորդի ճանաչման նոր համակարգի մշակման մասին, որը որոշ չափով կհիշեցնի Apple-ի Face ID-ը։
Tesla-ն դեռևս 2021 թվականից սկսել է օգտագործել սրահի տեսախցիկը վարորդի վերահսկման համար։ Սկզբում Իլոն Մասկը հայտարարել էր, որ տեսախցիկի հիմնական նպատակը ռոբոտաքսիները վանդալիզմից պաշտպանելն է։ Ավելի ուշ ընկերությունը պարզաբանեց, որ տեսաձայնագրությունները չեն փոխանցվում Tesla-ին, եթե օգտատերը չի ակտիվացրել տվյալների փոխանակման գործառույթը։ Նույն 2021 թվականին Tesla-ն նաև պարտավորեցրեց FSD-ի օգտատերերին համաձայնել երթևեկության ընթացքում տեսագրության իրականացմանը, իսկ ստացված տեսանյութերը՝ մեքենայի VIN համարի հետ միասին, սկսեցին օգտագործվել անվտանգության հետ կապված միջադեպերի վերլուծության նպատակով։
Միևնույն ժամանակ, 2022 թվականին անցկացված անկախ փորձարկումները ցույց տվեցին, որ տեսախցիկի վրա հիմնված երթևեկի մոնիթորինգի համակարգը միշտ չէ, որ արդյունավետ է աշխատում։ Նույնիսկ տեսախցիկը ամբողջությամբ փակելու դեպքում համակարգը ոչ միշտ էր արձագանքում նախազգուշացմամբ կամ անջատմամբ։ Հետագայում Tesla-ն կատարելագործեց այն, որպեսզի կարողանա հայտնաբերել ոչ միայն վարորդի ուշադրության շեղումը, այլև քնկոտության նշանները։
Ապագայում նման համակարգը կարող է օգտագործվել վարորդի կամ նույնիսկ ուղևորի ինքնությունը հաստատելու համար։ Սակայն քննարկվում է նաև ավելի վիճահարույց տարբերակ. եթե սրահի տեսախցիկը չճանաչի մեքենայում գրանցված օգտատիրոջ դեմքը, FSD համակարգի հասանելիությունը կարող է սահմանափակվել։
Հենց այս պատճառով որոշ փորձագետներ ենթադրում են, որ Tesla-ն կարող է ընտրել Netflix-ի նման մոտեցում և ավելի խիստ վերահսկել, թե ով է իրականում օգտվում FSD բաժանորդագրությունից։ Այդ դեպքում ընկերությունը տեսականորեն կարող է սահմանափակել նույն բաժանորդագրության օգտագործումը ընտանիքի տարբեր անդամների կողմից և առաջարկել առանձին փաթեթներ յուրաքանչյուր օգտատիրոջ համար։ Նման մոտեցման շրջանակում հնարավոր է նաև «ընտանեկան սակագնի» ներդրում, որտեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կունենա իր անհատական FSD պրոֆիլը։
Սակայն այդպիսի գաղափարն ունի ակնհայտ տեխնիկական սահմանափակումներ։ Մեքենայի սրահի տեսախցիկները կարող են համեմատաբար արդյունավետ վերահսկել վարորդի ուշադրությունը, սակայն կենսաչափական նույնականացման տեսանկյունից դրանք զգալիորեն զիջում են մասնագիտացված լուծումներին։ Օրինակ՝ iPhone-ի Face ID համակարգը հիմնված է ոչ թե սովորական տեսախցիկի, այլ դեմքի եռաչափ ինֆրակարմիր սկանավորման վրա, ինչը զգալիորեն դժվարացնում է այն լուսանկարով կամ էկրանի պատկերով խաբելը։
Հենց այդ պատճառով Tesla-ի սրահի տեսախցիկների աշխատանքը արդեն այսօր փորձում են շրջանցել։ Սոցիալական ցանցերում կարելի է գտնել բազմաթիվ խորհուրդներ և մեթոդներ, որոնք նպատակ ունեն «խաբել» համակարգին, որպեսզի այն կարծի, թե վարորդը մշտապես հետևում է ճանապարհին։ Այդ հնարքներից մեկը տեսախցիկների մոտ հատուկ պատկերների տեղադրումն է, որի արդյունքում համակարգը կարող է չնկատել, որ վարորդն իրականում շեղվել է ճանապարհից։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

