Ֆլորիդայի օդանավակայանը պաշտոնապես վերանվանվել է Դոնալդ Թրամփի պատվին
Ֆլորիդայի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը պաշտոնապես վերանվանվել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պատվին: Այս մասին հայտնում է CNBC-ն։
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հաստատել է օդանավակայանի անվան և տեղորոշման նույնականացման կոդի փոփոխությունը՝ PBI-ից DJT։ Ամերիկյան խոշոր ավիաընկերությունները, այդ թվում՝ United Airlines-ը և Delta Air Lines-ն արդեն սկսել են օգտագործել նոր կոդը իրենց ամրագրման համակարգերում։
Վերանվանման գործընթացի ընդհանուր արժեքը գնահատվում է 5.5 միլիոն դոլար։ Այդ գումարից 2.75 միլիոն դոլարը հատկացրել է Ֆլորիդայի նահանգը, իսկ մնացած ծախսերը կհոգա տեղական օդանավակայանների վարչությունը։
Վերաբրենդավորման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ֆլորիդայի նահանգապետը տարվա սկզբին ստորագրել է համապատասխան օրենքը։
Օդանավակայանի ներկայացուցիչների խոսքով՝ նոր ցուցանակների, տեղեկատվական վահանակների և այլ նյութերի թարմացումը կիրականացվի փուլային եղանակով։ Նրանք ընդգծել են, որ առաջնային նպատակը ուղևորների համար անվտանգ և հուսալի սպասարկման անխափան ապահովումն է։
