Էրլինգ Հալանդի ավտոմեքենաները․ ինչ է վարում ֆուտբոլային «վիկինգը»
Էրլինգ Հալանդը վերջերս կատակել էր, թե ԱՄՆ է եկել միայն կովբոյական գլխարկ գնելու համար։ Սակայն իրականում նրա այցը շատ ավելի կարևոր նպատակ ունի․ նա մասնակցում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ որպես մրցաշարի գլխավոր աստղերից մեկը, մինչդեռ տանը նրան սպասում է շուրջ 12 միլիոն դոլար արժողությամբ բացառիկ ավտոմեքենաների հավաքածուն։
Նորվեգիայի հավաքականն այս անգամ շատերի համար անսպասելիորեն հասել էր 2026 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Անգլիայի ընտրանուն, իսկ Հալանդը դարձել էր այդ հաջողության գլխավոր խորհրդանիշը։
Համաշխարհային ֆուտբոլի երիտասարդ աստղի ավտոտնակում առկա են աշխարհի ամենաթանկ և հազվագյուտ մեքենաներից մի քանիսն, այդ թվում՝ Bugatti Tourbillon-ը և Mercedes-AMG One-ը։
Հալանդը բնակվում է Անգլիայի Չեշիր կոմսությունում գտնվող առանձնատանը՝ Մանչեսթերի մերձակայքում, ուր տեղափոխվել է ավելի մեծ գաղտնիություն ապահովելու նպատակով։ Հենց այնտեղ էլ պահվում է նրա տպավորիչ ավտոհավաքածուն։

Ընտանեկան Rolls-Royce-ը և հիպերքարերը
Առօրյա կյանքում Հալանդը նախընտրում է ոչ միայն էկզոտիկ հիպերքարեր, այլև ավելի գործնական, թեև նույնքան շքեղ ավտոմեքենաներ։ Նրա սիրելի մեքենաներից մեկն է Rolls-Royce Cullinan-ը, որով նա հաճախ տեղաշարժվում է ընտանիքի հետ։ V12 շարժիչով այս շքեղ ամենագնացը համարվում է հավաքածուի ամենահարմարավետ մեքենաներից մեկը։

Հավաքածուի մյուս ծայրում գտնվում են բացառիկ հիպերքարերը։ Վերջին շրջանի ամենաաղմկահարույց ձեռքբերումը Bugatti Tourbillon-ն է։ Ֆրանսիական ապրանքանիշի նոր դրոշակակիրն ունի 8.3-լիտրանոց մթնոլորտային V16 շարժիչ և երեք էլեկտրաշարժիչ, որոնց համատեղ հզորությունը կազմում է 1775 ձիաուժ։ 0-100 կմ/ժ արագանում է ընդամենը 1.9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է 380 կմ/ժ-ի։
Ոչ պակաս տպավորիչ է Mercedes-AMG One-ը, որը ստեղծվել է «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաների հիման վրա։ Այն համալրված է 1.6-լիտրանոց V6 հիբրիդային շարժիչով և չորս էլեկտրաշարժիչով։ Համակարգի ընդհանուր հզորությունը 1049 ձիաուժ է, իսկ 0-100 կմ/ժ արագացումը տևում է 2.8 վայրկյան։ Սա աշխարհի ամենաբարդ և ամենահազվագյուտ ճանապարհային մեքենաներից մեկն է, և Հալանդը դրա սակավաթիվ սեփականատերերից է։

Ferrari-ներ, ամերիկյան պիկապ և բացառիկ մեքենաներ
Ֆուտբոլիստի հավաքածուում կա նաև մոտ 1.8 միլիոն դոլար արժողությամբ Ferrari Monza SP2 բաց սփիդսթերը։ Այն համալրված է 6.5-լիտրանոց մթնոլորտային V12 շարժիչով և կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ արագություն։ Բացի այդ, նրա ավտոտնակում կան նաև Ferrari 812 Superfast և Ferrari 296 GTB մոդելները։

Ֆուտբոլային «վիկինգի» ավտոպարկը չի սահմանափակվում միայն եվրոպական սուպերքարերով։ Նա նաև ունի Ford Shelby F-150 Super Snake հզոր ամերիկյան պիկապ, որն արտացոլում է նրա սերը արագ և տպավորիչ մեքենաների նկատմամբ։ Բացի այդ, գովազդային հոլովակներից մեկում նա հայտնվել է նաև լեգենդար DMC DeLorean-ի ղեկին։
Չնայած այս ամենին՝ երիտասարդ ֆուտբոլային աստղի անունը գրեթե չի կապվել ճանապարհային երթևեկության կանոնների լուրջ խախտումների հետ։ Խաղադաշտում նա շարունակում է ռեկորդներ սահմանել, իսկ ճանապարհներին վարում է բավականին կարգապահ։ Հայտնի միակ դեպքը գրանցվել է 2023 թվականին, երբ նրան նկատել էին վարման ընթացքում բջջային հեռախոսը ձեռքին, ինչի համար նա տուգանվել էր։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

