Google-ի մրցակիցները մինչև 10 մլրդ դոլար փոխհատուցում են պահանջում ԵՄ-ի ռեկորդային տուգանքներից հետո
Եվրոպայում Google-ի բիզնես գործելակերպի դեմ տարիներ շարունակվող պայքարը մտնում է նոր փուլ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Alphabet-ի նկատմամբ ԵՄ նոր կանոնակարգի շրջանակում առաջին պարտության արդյունքում ճանապարհ է բացվել մասնավոր փոխհատուցման հայցերի ալիքի համար, որոնց ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 10 մլրդ դոլարի։
Նոր հայցերի խթանը դարձել է Google-ի նկատմամբ կիրառված շուրջ 1 մլրդ դոլար տուգանքը՝ Թվային շուկաների ակտի շրջանակում։ Եվրոպական հանձնաժողովը եզրակացրել է, որ ընկերությունն առավելություն է տվել սեփական ծառայություններին և սահմանափակել է հավելվածների մշակողների հնարավորությունը՝ օգտատերերին Google Play-ից դուրս ավելի էժան վճարման տարբերակների ուղղորդելու հարցում։ Միևնույն ժամանակ Alphabet-ը, որի ազատ դրամական հոսքը երկրորդ եռամսյակում առաջին անգամ դարձել է բացասական, այժմ բախվում է ամբողջ Եվրոպայից փոքր մրցակիցների հայցերին։
Վերջին պահանջները լրացնում են վերջին տասնամյակում Եվրամիության կողմից Google-ի նկատմամբ կիրառված ընդհանուր 10.4 մլրդ եվրո տուգանքները։ Դատարաններում արդեն քննվում են մի շարք գործեր, իսկ մյուսները դեռ նախապատրաստման փուլում են։ Դրանց հիմքում նաև 2017 թվականի 2.42 մլրդ եվրո հակամենաշնորհային որոշումն է, որով Google-ը պատժվեց որոնման արդյունքներում Google Shopping ծառայությանը արտոնյալ դիրք տալու համար։ Չնայած ընկերության բողոքարկմանը, Եվրոպայի բարձրագույն դատական ատյանը անցյալ տարի ուժի մեջ թողեց այդ որոշումը։
Փոխհատուցում են պահանջում մի շարք եվրոպական ընկերություններ, այդ թվում՝ բրիտանական Foundem-ը, շվեդական PriceRunner-ը (Klarna-ի աջակցությամբ), բրիտանական Kelkoo-ն, ինչպես նաև LitFin-ի աջակցությամբ հայց ներկայացրած երկու խմբեր, որոնց պահանջների ընդհանուր չափը գերազանցում է 1 մլրդ դոլարը։ LitFin-ի գործառնական տնօրեն Մատեյ Պարդոյի խոսքով՝ արդեն ներկայացված է մեծ թվով հայցեր, և առաջիկայում սպասվում են նորերը։
Նոյեմբերին Բեռլինի դատարանը գերմանական Idealo հարթակին շնորհեց 465 մլն եվրո փոխհատուցում, ինչը Գերմանիայում հակամենաշնորհային գործով երբևէ նշանակված ամենախոշոր փոխհատուցումն է։ Իսկ իտալական Moltiply Group-ը, Google-ից պահանջում է 2.97 մլրդ եվրո։
Google-ը բոլոր պահանջները համարում է անհիմն՝ հայտարարելով, որ հայցվորները փորձում են փոխհատուցում ստանալ սեփական արտադրանքների զարգացման մեջ ներդրումներ կատարելու փոխարեն։ Reuters-ի հաշվարկներով՝ անցած շաբաթ կիրառված տուգանքները Google-ի նկատմամբ հակամրցակցային վարքագծի համար արդեն հինգերորդ և վեցերորդ պատժամիջոցներն էին, իսկ նախորդ ամիս ընկերությունը պարտվեց նաև Android օպերացիոն համակարգի գործով՝ ուժի մեջ թողնելով 4.1 մլրդ եվրո ԵՄ տուգանքը։
