Պաշտոնապես ներկայացվել է պատմության ամենամեծ Audi քրոսովերը
Գերմանական Audi ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր Audi Q9 մոդելը, որը դարձել է ապրանքանիշի պատմության մեջ ամենամեծ քրոսովերը։
Նոր Audi Q9-ի տեխնիկական բնութագրերը տարբերվում են՝ կախված այն շուկայից, որտեղ այն կվաճառվի։ Սակայն բոլոր տարբերակներն էլ ստանդարտ համալրվում են յոթ նստատեղով, իսկ հավելավճարի դիմաց հասանելի է վեցտեղանոց տարբերակը, որտեղ երկրորդ շարքում տեղադրված են երկու առանձին բազկաթոռներ։
Audi Q9-ի երկարությունը կազմում է 5310 մմ, լայնությունը՝ 2210 մմ, բարձրությունը՝ 1810 մմ, իսկ անվային բազան՝ 3140 մմ։ Եվրոպական շուկայում քրոսովերը կառաջարկվի 3.0-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչով, որը զարգացնում է մինչև 299 ձիաուժ հզորություն։ ԱՄՆ շուկայի համար Audi-ն պատրաստել է 2.9-լիտրանոց երկտուրբինային բենզինային շարժիչ՝ 429 ձիաուժ հզորությամբ, որը թույլ է տալիս 0-100 կմ/ժ արագանալ ընդամենը 4.9 վայրկյանում։
Գերմանական մոդելը համալրված է 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով և quattro ֆիրմային լիաքարշակ համակարգով։ Քրոսովերի համար հասանելի են հարմարվող օդաճնշական կախոցներ, որոնք կարող են փոխել գետնից բարձրությունը մինչև 90 մմ միջակայքում, ինչպես նաև հետևի անիվների ղեկային համակարգը։
Audi Q9-ը դարձել է ապրանքանիշի առաջին ավտոմեքենան, որն ունի էլեկտրական կառավարմամբ կողային դռներ, որոնք կարող են բացվել մինչև 90 աստիճան անկյան տակ։
Քրոսովերը ստացել է նաև երրորդ սերնդի նոր LED հետևի լուսարձակներ, որոնք բաղկացած են 512 լուսային տարրերից։ Առջևում տեղադրված է հարմարվող մատրիցային օպտիկա։
Սրահի հարդարման համար օգտագործվել են Nappa տեսակի կաշի և բնական փայտ։ Լրացուցիչ վճարի դիմաց կառաջարկվի 22 բարձրախոսից բաղկացած աուդիոհամակարգ, որոնցից երկուսը ներկառուցված են առջևի նստատեղերի գլխակալների մեջ և փոխանցում են նավիգացիոն հուշումները։ Նստատեղերում տեղադրված են նաև ակտուատորներ, որոնք երաժշտության ռիթմին համապատասխան թրթռում են։

Գնորդներին կառաջարկվի մեծ էկրանային համակարգ, որը միավորում է 11.9-դյույմանոց թվային գործիքային վահանակը և 14.5-դյույմանոց սենսորային էկրանը։ Եվս մեկ՝ 12.3-դյույմանոց սենսորային էկրան տեղադրված է առջևի ուղևորի դիմաց։
Բացի այդ, Audi Q9-ը համալրված է ինքնավար կառավարման համակարգով, որը որոշ պայմաններում թույլ է տալիս վարորդին ձեռքերը չպահել ղեկին, կցորդի կայունացման համակարգով, շուրջտեսության տեսախցիկներով, հետիոտների ճանաչման գործառույթով, ավտոմատ կայանման համակարգով, հզոր անլար լիցքավորման սարքերով և մի շարք այլ տեխնոլոգիաներով։
ԱՄՆ-ում Audi Q9-ի մեկնարկային գինը կկազմի 87 800 դոլար։
Ամերիկյան շուկայի համար ներկայացվել է նաև ավելի հզոր Audi SQ9 տարբերակը, որի գները սկսվում են 118 000 դոլարից։ Այն համալրված է 4.0-լիտրանոց երկտուրբինային շարժիչով, որը զարգացնում է մինչև 591 ձիաուժ, ինչպես նաև առաջադեմ ղեկային համակարգով։
SQ9-ի սարքավորումների ցանկում ներառված են հնգագոտի կլիմայական վերահսկման համակարգ, 1.5 քմ մակերեսով պանորամային տանիք՝ կարգավորվող թափանցիկությամբ, 23-դյույմանոց անվահեծեր և սպորտային օդաճնշիչ կախոցներ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

