Ռուսաստանում Renault-ի սեփականատերերը կարող են մնալ առանց օրիգինալ պահեստամասերի
Ռուսաստանում Renault-ի սեփականատերերը բախվել են օրիգինալ պահեստամասերի լուրջ պակասի։ Այս ֆոնին ավտոքանդման կետերից ձեռք բերվող օգտագործված պահեստամասերի գները գրեթե կրկնապատկվել են։
Ներկայում ֆրանսիական ավտոմեքենաների սեփականատերերն ամենամեծ պակասը զգում են լուսարձակների, թափքի տարրերի, էլեկտրոնային կառավարման բլոկների, ինչպես նաև շարժիչների և փոխանցման տուփերի մի շարք բաղադրիչների որոնման ժամանակ։ Խնդիրը հատկապես սուր է հին մոդելների և հազվադեպ համալրումներով մեքենաների սեփականատերերի համար։
Իրավիճակը սկսել է վատթարանալ 2022 թվականին ընկերության՝ Ռուսաստանից հեռանալուց հետո։ Լոգիստիկ շղթաները խաթարվել են, պահեստամասերն աստիճանաբար անհետացել են վաճառքից, իսկ պահեստներում մնացածներն արագորեն թանկացել են։ Ավտոապահովագրողների ռուսական միության ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին ամիսներին Renault-ի օրիգինալ պահեստամասերի արժեքն աճել է 7-10%-ով։
Ստեղծված պայմաններում վարորդներն ավելի հաճախ են ուշադրություն դարձնում օգտագործված պահեստամասերին, այսինքն՝ ավտոքանդման կետերից ձեռք բերվող նախկինում օգտագործված դետալներին։ Նախկինում նման մոտեցումը թույլ էր տալիս զգալիորեն խնայել, իսկ այժմ հաճախ դա անհրաժեշտ պահեստամասը գտնելու միակ միջոցն է։ Logan, Sandero և Duster հանրահայտ մոդելների համար երկրորդային շուկայում տեսականին առայժմ բավական լայն է։ Իսկ Renault-ի ավելի քիչ տարածված մոդելների սեփականատերերը ստիպված են զգալի ջանքեր գործադրել համապատասխան պահեստամաս գտնելու համար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

