Porsche-ը նախատեսում է մինչև 2030-ը սպորտային ավտոմեքենաների գները բարձրացնել 20%-ով
Գերմանական ավտոարտադրող Porsche AG-ն մտադիր է մինչև 2030 թվականը իր ամենաթանկ մոդելների միջին գինը բարձրացնել մոտ 20%-ով, գրում է The Financial Times-ը։
«Ներդրողների օրվա» ընթացքում, Porsche-ի գլխավոր գործադիր տնօրեն Միխայել Լայտերսը ներկայացրել է ապրանքանիշի դիրքերը վերականգնելուն ուղղված երկարաժամկետ ծրագիրը։ Նոր ռազմավարությունը ենթադրում է վաճառքի ծավալների կրճատում՝ միաժամանակ ավելի թանկ ավտոմեքենաների արտադրության անցնելով։
Տասնամյակի ավարտին Porsche-ի առաջատար մոդելների միջին գինը կգերազանցի 330 հազար եվրոն՝ այս տարվա 270 հազար եվրոյի համեմատ, մինչդեռ արտադրողի տեսականու ամենաթանկ ավտոմեքենաների մասնաբաժինը կավելանա մոտ 33%-ից մինչև 45%։
Լայտերսի ռազմավարության իրականացումը Porsche-ին կդարձնի ավելի փոքր ընկերություն։ Շահութաբերության հասնելու համար նրան անհրաժեշտ կլինի տարեկան վաճառել 200 հազարից պակաս ավտոմեքենա։
2023 թվականին ընկերությունը վաճառել է մոտ 320 հազար ավտոմեքենա, իսկ գործառնական շահույթի մարժան կազմել է 18%։ Անցած տարի շահութաբերության ցուցանիշը նվազել է մինչև 1.1%՝ 280 հազար ավտոմեքենայի մատակարարման պայմաններում։ Չորեքշաբթի ընկերությունը հաստատել է, որ մինչև 2030 թվականը նախատեսում է գործառնական շահույթի մարժան բարձրացնել մինչև 10-15%։
UBS-ի վերլուծաբան Պատրիկ Հումմելը կարծում է, որ նոր ռազմավարության հաջող իրականացման դեպքում Porsche-ն առանց էական դժվարությունների կվերադառնա գործառնական մարժայի երկնիշ ցուցանիշներին։
«Նրանք փորձում են կրկնել այն, ինչում հաջողության է հասել Ferrari-ն։ Porsche-ը նույնպես ունի պրեմիում սեգմենտում վաճառքներն ավելացնելու և համապատասխան մոդելների թողարկման միջոցով առաջարկների բացառիկությունը բարձրացնելու ներուժ», – նշել է նա։
Volkswagen խմբի կազմում գտնվող Porsche-ը նախկինում կոնցեռնին զգալի շահույթ էր ապահովում Չինաստանում վաճառքների արագ աճի շնորհիվ։ Վերջին տարիներին իրավիճակը կտրուկ փոխվել է․ չինական շուկայում Porsche-ի ավտոմեքենաների վաճառքները կտրուկ նվազել են, մինչդեռ ԱՄՆ-ն բարձրացրել է եվրոպական ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը։ Բացի այդ, ընկերությունը ստիպված է եղել կատարել խոշոր դուրսգրումներ՝ էլեկտրամոբիլների արտադրության արագացված անցման ծրագրերից հրաժարվելու պատճառով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

