Ուորեն Բաֆեթի երեխաները ներկայացրել են միլիարդավոր դոլարների բարեգործական օգտագործման իրենց ծրագրերը
Ամերիկացի միլիարդատեր և ներդրող Ուորեն Բաֆեթի երեք երեխաները պետք է հոր հսկայական կարողությունն ուղղեն բարեգործությանը, սակայն դեռևս չունեն միջոցների բաշխման հստակ ծրագիր։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ժառանգները դեռ չեն որոշել՝ գործելու են համատեղ, թե յուրաքանչյուրը կենտրոնանալու է բարեգործության առանձին ուղղության վրա։
«Մենք չգիտենք։ Առայժմ չգիտենք», — հայտարարել է ներդրողի ավագ դուստրը՝ 73-ամյա Սյուզան Բաֆեթը։
Սյուզանը ղեկավարում է Օմահայում գործող Sherwood Foundation-ը և նախատեսում է լրացուցիչ միջոցներ ուղղել երեխաների կրթությանը։ Նրա խոսքով՝ ծնողների հանդեպ հսկայական պատասխանատվություն է զգում և մտահոգված է նրանց սպասելիքները չարդարացնելու հնարավորությամբ։
Առաջադրանքի ֆինանսական մասշտաբներն աննախադեպ են։ Bloomberg-ի հաշվարկներով՝ եթե Բաֆեթի կարողությունը տարեկան աճի 10%-ով, իսկ ժառանգները որոշեն այն ամբողջությամբ բաշխել 20 տարվա ընթացքում, ապա բարեգործությանը տարեկան պետք է հատկացնեն շուրջ 17.6 մլրդ դոլար։
Միլիարդատիրոջ երեխաներից յուրաքանչյուրն ունի բարեգործության սեփական առաջնահերթությունները։
71-ամյա Հովարդ Բաֆեթը, որը զբաղեցնում է Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, կենտրոնանում է միջազգային մարդասիրական ծրագրերի վրա։ Նա ավելի քան 1.2 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային, շուրջ 167 մլն դոլար՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, 497 մլն դոլար՝ Ռուանդային և 287 մլն դոլար՝ Կոլումբիային։ Նրա ծրագրերում է նաև Նեբրասկայի գյուղական բնակավայրերում առողջապահության աջակցությունը։
Ներդրողի կրտսեր որդին՝ 68-ամյա երաժիշտ Փիթեր Բաֆեթը, հակառակը, մեծ ոգևորությամբ չի ընդունում նման հսկայական գումարներ կառավարելու հեռանկարը։ Տարիներ առաջ նա հորը խոստովանել է, որ չի ցանկանում մասնակցել այդ գործընթացին, ինչին Ուորեն Բաֆեթը պատասխանել է, որ ինքն էլ չէր ցանկանա։
Փիթերը ղեկավարում է NoVo Foundation-ը և ուսումնասիրում է համընդհանուր անվերապահ հիմնական եկամտի (universal basic income) հետ կապված ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է միլիարդավոր դոլարներ տնօրինի։ Դա պարզապես անբնական է», — նշել է նա։
Միաժամանակ Berkshire Hathaway-ում ավարտվել է կառավարման լիազորությունների փոխանցման հերթական փուլը։ Ուորեն Բաֆեթը տնօրենների խորհրդի ղեկավարությունը փոխանցել է որդուն՝ Հովարդին՝ պահպանելով խորհրդի անդամի կարգավիճակը և ստանձնելով պատվավոր նախագահի պաշտոնը։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնն ավելի վաղ զբաղեցրել է Գրեգ Աբելը։
Ընտանեկան կարողության ապագայի հարցը Բաֆեթը սկսել էր կարգավորել դեռևս ղեկավար պաշտոններից հեռանալուց առաջ։ Նա փոփոխել էր իր կտակը՝ ավելի քան 18 տարի աջակցելուց հետո ապագա ֆինանսավորում ստացողների ցանկից բացառելով Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը։
Փոխարենը միլիարդատերը որոշել է ստեղծել ընտանեկան հավատարմագրային հիմնադրամ (family trust) և բարեգործական միջոցների տնօրինման վերաբերյալ որոշումները վստահել իր երեխաներին։ Բաֆեթն իր ընտրությունը հիմնավորել է նրանց արժեքների նկատմամբ ունեցած վստահությամբ։
