400 մլն դոլարի ներդրում ՀՀ էներգետիկայի ոլորտում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին:
Զրուցակիցները քննարկել են բրիտանական ընկերության կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների իրականացման հնարավորություններն ու ծրագրերը: «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը նշել է, որ ընկերությունն ուսումնասիրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը և պարզել, որ մեր երկիրն ունի ներդրումային գրավիչ հնարավորություններ: Շեյխ Ասադի խոսքով՝ իրենք շահագրգռված են Հայաստանի էներգետիկայի, մասնավորապես, ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում ներդրումների իրականացմամբ և պատրաստ են ներդնել շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է բրիտանական ընկերության՝ ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և նշել, որ Հայաստանը ներդրումների համար ունի լիբերալ հարկային դաշտ՝ ընդգծելով, որ կան բոլոր հնարավորությունները «Գրեյնջ հոլդինգ»-ի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար: