Հայկ Եսայան. Արմաթի սաները հաճախ ավելի հետաքրքիր ու նորարար տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում, քան ավագ սերնդի ներկայացուցիչները
Օրերս Շիրակի մարզի Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):
Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են մեկ տարվա ընթացքում: Երեխաները հմտացել են «Աղվես» և «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու, եռաչափ տպիչով առարկաներ մոդելավորելու ու տպելու մեջ։
«Այստեղ մենք ոչ միայն խաղեր ենք ծրագրավորում, այլև ռոբոտներ ենք ստեղծում, որոնք կարող են կիրառելի դառնալ թե՛ բանակում, թե՛ տանը», – վստահ է Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Ալբերտ Հովհաննիսյանը:
«Յուրաքանչյուր անգամ, երբ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները զրույցի ընթացքում պատմում են, թե ինչ տեսակի ռոբոտներ են ցանկանում ստեղծել, ես հպարտություն եմ զգում, որ ապագայում ապրելու եմ նրանց կերտած Հայաստանում: Մեր մեծագույն հարստությունը հենց այս երեխաներն են, ովքեր հաճախ ավելի հետաքրքիր ու նորարար տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում, քան ավագ սերնդի ներկայացուցիչները», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Խմբակ հաճախող երեխաների քանակը կանոնավոր կերպով ավելանում է: Երեխաները հաճույքով են սովորում ծրագրավորման, ռոբոտաշինության հիմունքները, իսկ եռաչափ տպիչն ստանալուց հետո՝ հաճույքով մոդելավորում և տպում են կենցաղում կիրառելի առարկաներ: Կարծում եմ՝ խմբակ հաճախողների 60%-ը կընտրի ինժեների մասնագիտությունը», – պատմում է նույն լաբորատորիայի ռոբոտատեխնիկայի խմբակի ղեկավար Շուշանիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։
«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։