36 եվրոպացի ստարտափեր այցելել է GlobalAM-ի գրասենյակ
Ստարտափներով եւ ՏՏ ոլորտով հետաքրքրված 36 եվրոպացի երիտասարդներ այս շաբաթ Հայաստանում են։ Իսպանիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից եւ Մոնտենեգրոյից ժամանած ստարտափերներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հյուրընկալվել են GlobalAМ ՀԿ-ի գրասենյակում։ GlobalAМ-ը կապող օղակ է ստարտափների, հմուտ մասնագետների եւ ներդրողների միջև, որը ներգրավում է անհրաժեշտ բոլոր միջոցներն աջակցելու հայկական ստարտափներին՝ ստեղծումից մինչեւ միջազգային մրցակցային շուկայում հաստատվելը։
Միջոցառման խոսնակներն էին՝ GlobalAM-ի համահիմնադիր եւ Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը եւ The Crowdfunding Formula հարթակի թվային մարքեթինգի եւ հանրային կապերի պատասխանատու Ռուզաննա Փիլոսյանը։ Անգլերենով ընթացող հանդիպմանը խոսնակները պատմել են Հայաստանի ստարտափ էկոհամակարգի, քրաուդֆանդինգի, բիզնես հրեշտակների եւ թվային մարքեթինգի մասին, կիսվել են իրենց փորձով եւ պատասխանե հյուրերին հետաքրքրող հարցերին։
GlobalAM-ի համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը, կարևորելով եվրոպացի երիտասարդների հետ համագործակցության հեռանկարը, նշում է. «Հետաքրքիր փորձի փոխանակում է՝ նրանք ծանոթանում են հայկական ստարտափ էկոհամակարգին, տեղեկանում, թե ինչ ինովացիոն լուծումներ են հայերն այսօր տալիս միջազգային շուկայում, մենք էլ ծանոթանում ենք նոր ստեղծվող ստարտափ թիմեր գաղափարների հետ։ Սիրով հյուրընկալել ենք տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, նաեւ հուսով ենք, որ այստեղ ձեռք բերած գիտելիքն ու նոր տեղեկատվությունը կօգտագործեն հետագա աշխատանքում»։
Ակտիվ երիտասարդներն իրենց ստարտափները զարգացնելու համար մեր երկրում ստանում են հմտություններ միջազգային «Ստարտափ Բումերանգ» խորագրով մեկշաբաթյա սեմինարի ընթացքում, որը կազմակերպել է «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ը՝ եվրոպական «Էրասմուս+» ծրագրի շրջանակում։
Իսկ սեպտեմբերի 8-ին՝ Աբովյան քաղաքում կկայանա սոցիալական StartUp ծրագրերի էքսպո ցուցահանդեսը, որտեղ էլ հայ ստարտափների կողքին երիտասարդները կներկայացնեն իրենց մշակած սոցիալական բիզնես-ծրագրերի արդյունքները։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։