
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԸ
«Արմավիա» ավիաընկերությունն աստիճանաբար հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները` ընդլայնելով իրականացվող չվերթների ուղղությունները և ուղևորներին առաջարկելով նոր ծառայություններ: Ինչպես «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշել է «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան` ճգնաժամային 2008 թվականի ընթացքում «Արմավիա»-ն, առաջնորդվելով ուղևորների պահանջներով, շարունակել է ընդլայնել չվերթների ցանկը` բացելով նոր ուղղություններ դեպի Թիֆլիս, Բաթումի, Խարկով, Հռոմ և Ցյուրիխ: Այս տարի ընկերությունն արդեն մեկնարկել է չվերթներ դեպի Դելի, Թել-Ավիվ, և նախատեսվում է սպասված Երևան-Թեհրան չվերթի բացումը:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում ավիաընկերությունը գրանցել է ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի անկում, որը, ընկերության մամլո քարտուղարի բնորոշմամբ, մասամբ կրում է սեզոնային բնույթ: Ամռան ամիսներին ընկերությունը կանխատեսում է ուղևորափոխադրումների պահանջարկի աճ: