Իրանն ընդլայնել է կրիպտոարժույթների կիրառումը միջազգային առևտրում
Իրանը սկսել է խրախուսել արտահանողների կողմից կրիպտոարժույթների օգտագործումն ու դրանց վաճառքը բաց շուկայում՝ պետական բյուջե մուտքերն ավելացնելու նպատակով: Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Ավելի վաղ իշխանությունները բիզնեսին պարտադրում էին արտարժույթը վաճառել պետական հարթակի միջոցով՝ պաշտոնական փոխարժեքով, որը հաճախ զգալիորեն ցածր էր շուկայականից։ Դա ընկերություններին դրդել էր կուտակել ավելի քան 100 մլրդ դոլարի չհայտարարված եկամուտներ։
Իրանական բիզնեսի ներկայացուցիչների, ոլորտի ներսում գտնվող աղբյուրների և վերլուծաբանների խոսքով՝ վերջին ամիսներին Իրանի կենտրոնական բանկը ոչ հրապարակային կերպով խրախուսում է ընկերություններին ցանկացած հասանելի եղանակով միջոցները վերադարձնել երկիր։ Այդ թվում՝ գործարքներ իրականացնել իրանական կրիպտոբորսաների միջոցով՝ օգտագործելով այնպիսի կրիպտոարժույթներ, ինչպիսիք են բիթքոյնը և Tether-ի USDT ստեյբլքոյնը։
Իրանի կենտրոնական բանկն այլևս չի պահանջում բացատրել, թե ինչ եղանակով են փոխանցվել միջոցները, իսկ արտահանված ապրանքների դիմաց կրիպտոարժույթով վճարումների ընդունումն այժմ ամբողջությամբ օրինականացվել է։ Բացի այդ, հնարավոր է դարձել արտահանման եկամուտներն ուղղակիորեն օգտագործել ներմուծումը ֆինանսավորելու համար՝ առանց միջոցները պաշտոնական արտարժույթի փոխանակման համակարգով անցկացնելու անհրաժեշտության։
Պետական բյուջեի հանդեպ պարտապանների թվում են Իրանի պետական նավթագազային ընկերությունները։ Կենտրոնական բանկի կողմից սահմանված մեղմացումները կոչված են նրանց ավելի լայն հնարավորություններ տալու՝ գոնե իրենց պարտավորությունների մի մասը կատարելու համար։
Ոլորտային «Իրանի թվային վերափոխման ասոցիացիա» կազմակերպությունում ընդունել են, որ կենտրոնական բանկը թուլացրել է վերահսկողությունը կրիպտոարժույթների բորսաների նկատմամբ և «այլևս չի պնդում» կանոնների խիստ պահպանում։ Գործարքների ծավալն աճել է, սակայն փորձագետները կասկածում են, որ այս միջոցները բավարար կլինեն «Իրանի հսկայական կարիքները բավարարելու համար»։
