Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Շաբաթվա ամփոփում․ ԱԲ ընկերությունների պարտքային ռիսկերը և համատեղ ակտիվների աճը
29/10/2026 16:36
Կիսվել

Շաբաթվա ամփոփում․ ԱԲ ընկերությունների պարտքային ռիսկերը և համատեղ ակտիվների աճը

Շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Համաշխարհային ֆինանսական շուկաներում կրկին անհանգիստ իրավիճակ է։ Ուշադրության կենտրոնում արհեստական բանականությունն է (ԱԲ) և այն միլիարդավոր դոլարները, որոնք տեխնոլոգիական հսկաները ներդնում են դրա զարգացման մեջ։ Ներդրողներն ավելի հաճախ են հարց բարձրացնում՝ ե՞րբ են այդ ներդրումները սկսելու իրական եկամուտ ապահովել։

Մտահոգության պատճառ են դարձել Oracle-ի և Meta-ի աճող պարտքային ռիսկերը, որոնք ուժեղացրել են ճնշումը ֆոնդային շուկայի վրա։ Անորոշության պայմաններում ներդրողները սկսել են կապիտալը տեղափոխել ավելի ապահով ակտիվներ, իսկ Bitcoin-ի գինը նվազել է՝ իջնելով 80 000 դոլարից ցածր։

Միաժամանակ շուկան ավելի հստակ է տարբերակում ԱԲ ոլորտում ակտիվ ներդրումներ կատարող ընկերություններին նրանցից, որոնք արդեն շոշափելի արդյունքներ են ստանում այդ ներդրումներից։ Օրինակ՝ SpaceX-ի ԱԲ ստորաբաժանման եռամսյակային հասույթն աճել է երեք անգամ։ Meta-ն, հակառակը, չնայած հասույթի աճին, չի կարողացել ներդրողներին համոզել, որ իր լայնածավալ ծախսերը բավարար արդյունավետ են։

Մինչ տեխնոլոգիական ոլորտը բախվում է նոր մարտահրավերների, ներդրողների ուշադրությունն են գրավում նաև ոչ այնքան ավանդական ակտիվները։ Տարվա անսպասելի առաջատարներից են դարձել Pokémon-ի հին հավաքածուային քարտերը, որոնց գները հունվարից աճել են 60%-ով՝ եկամտաբերությամբ գերազանցելով ֆոնդային շուկային, Bitcoin-ին և ոսկուն։

Ինչո՞ւ են ներդրողներն ավելի զգուշավոր դարձել ԱԲ ոլորտի նկատմամբ, ի՞նչ է տեղի ունենում Bitcoin-ի հետ, և ինչպե՞ս են հավաքածուային քարտերը վերածվել ներդրումային ակտիվի։ Շաբաթվա գլխավոր իրադարձություններին անդրադառնում ենք Binance Research-ի վերլուծական ամփոփման հիման վրա։

1. Արհեստական բանականություն․ ներդրումներն աճում են, բայց դրանց հետ՝ նաև ռիսկերը

Դեռ վերջերս արհեստական բանականության ոլորտում բազմամիլիարդանոց ներդրումների մասին նորությունները լավատեսություն էին առաջացնում ներդրողների շրջանում։ Որքան ավելի շատ էին տեխնոլոգիական ընկերությունները ծախսում ԱԲ զարգացման վրա, այնքան բարձր էր շուկան գնահատում նրանց ապագա ներուժը։ Այժմ իրավիճակը փոխվում է։ Ներդրողները ցանկանում են տեսնել ոչ միայն հավակնոտ ծրագրեր, այլև իրական արդյունքներ։

Այս շաբաթ մտահոգություններն ուժեղացել են Meta-ի ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո։ Ընկերության հասույթը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, սակայն միաժամանակ բացահայտվել են ավելի քան 450 մլրդ դոլարի երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ, իսկ ազատ դրամական հոսքը բացասական է եղել։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ կապիտալ ծախսերը կատարելուց հետո ընկերության դրամական միջոցների ծախսերը գերազանցել են գործառնական գործունեությունից ստացված դրամական հոսքերը։ Շուկան արձագանքել է կորպորատիվ պարտքի ապահովագրման արժեքի բարձրացմամբ։

Oracle-ի դեպքում այս ցուցանիշը մեկ շաբաթում աճել է 55 բազիսային կետով՝ հասնելով ռեկորդային 343 բազիսային կետի։ Meta-ի ցուցանիշը նույնպես հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 124 բազիսային կետը։

Ավելի լարված իրավիճակ է ամպային ԱԲ ծառայություններ մատուցող CoreWeave-ի դեպքում։ Ընկերության պարտքի ապահովագրման արժեքը համապատասխանում է շուկայի այն գնահատականին, ըստ որի՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում դեֆոլտի հավանականությունը կազմում է մոտ 60%։

Այլ կերպ ասած՝ ներդրողներն ավելի ու ավելի են կասկածում, թե արդյոք որոշ ընկերություններ կկարողանան սպասարկել իրենց պարտավորությունները ԱԲ ոլորտի արագ աճող ծախսերի պայմաններում։

Երբ շուկայում անորոշությունն աճում է, ներդրողները սովորաբար կապիտալը պահպանելու ավելի ապահով միջոցներ են փնտրում։ Այս անգամ հիմնական ընտրությունը դարձել են ԱՄՆ պետական պարտատոմսերը։ Դրանց նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, իսկ ԱՄՆ գանձապետական տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հինգշաբթի նվազել է մինչև 4,95%։ Դա 2023 թվականի մարտից ի վեր ամենամեծ մեկօրյա անկումն էր։ Միաժամանակ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 117 դոլար մեկ բարելի դիմաց։

Ստեղծվել է բարդ իրավիճակ․ ներդրողները մտահոգված են տնտեսական աճի դանդաղմամբ, մինչդեռ նավթի բարձր գները շարունակում են գնաճային ռիսկեր առաջացնել։ Սա բարդացնում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի խնդիրը, որը ստիպված է հավասարակշռություն պահպանել տնտեսությանն աջակցելու և գնաճի դեմ պայքարի միջև։

Ճնշման տակ է հայտնվել նաև կրիպտոշուկան․ Bitcoin-ի գինը նվազել է՝ իջնելով հոգեբանական կարևոր 80 000 դոլարի շեմից ցածր։ Դեռ վերջերս բազմաթիվ խոշոր ներդրողներ, այդ թվում՝ սփոթ Bitcoin ETF-ների գնորդները և BTC կորպորատիվ պահուստներ ձևավորող ընկերությունները, կրիպտոակտիվներ էին ձեռք բերում մոտ 80 000–81 500 դոլար գնով։

Եթե Bitcoin-ը շարունակի էժանանալ, այդ ներդրումների զգալի մասը վնասաբեր կդառնա։ Միայն հինգշաբթի ամերիկյան սփոթ Bitcoin ETF-ներից ներդրողները դուրս են բերել 636 մլն դոլար՝ հունիսից ի վեր ամենամեծ ծավալը։

Հետաքրքիր է, որ նույնիսկ ոսկին, որն ավանդաբար համարվում է պաշտպանական ակտիվ, կորցրել է իր արժեքի 4%-ը։ Այս պայմաններում ԱՄՆ պետական պարտատոմսերը դարձել են այն սակավաթիվ գործիքներից մեկը, որոնք կարողացել են կապիտալ ներգրավել։

Առայժմ կրիպտոակտիվներն իրենց ավելի շատ դրսևորում են որպես բարձր ռիսկային տեխնոլոգիական ակտիվներ, քան «թվային ոսկի»։

Հաջորդ կարևոր գնային մակարդակը 77 600 դոլարն է։ Հենց այս մակարդակում է գտնվում ակտիվ ներդրողների կողմից Bitcoin-ի ձեռքբերման միջին արժեքը։

Գծապատկեր 1. Կրիպտոակտիվների և համաշխարհային հիմնական ակտիվների գների փոփոխությունը։

Գծապատկեր 2. Տեխնոլոգիական ընկերությունների պարտքի ապահովագրման արժեքի փոփոխությունը 2026 թվականին։

2. Ո՞վ է իրականում գումար վաստակում արհեստական բանականությունից

Աշխարհի տեխնոլոգիական ընկերությունները հսկայական գումարներ են ներդնում ԱԲ ոլորտում։ 2023 թվականին նրանց կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 161 մլրդ դոլար, իսկ 2026 թվականին ակնկալվում է, որ դրանք կհասնեն 800 մլրդ դոլարի։ 2027 թվականի կանխատեսումն արդեն 1,1 տրլն դոլար է։

Սակայն կա խնդիր․ ծախսերն աճում են զգալիորեն ավելի արագ, քան ազատ դրամական հոսքերը։ Եթե նախկինում խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները միասին եռամսյակում ապահովում էին մոտ 60 մլրդ դոլարի ազատ դրամական հոսք, ապա այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 5 մլրդ դոլարից պակաս։

ԱԲ ոլորտի վեց խոշորագույն ներդրողներից հինգի ազատ դրամական հոսքն արդեն բացասական է։ Սա պարտադիր չէ, որ նշանակի, թե ընկերությունները ճգնաժամի մեջ են։ Սակայն ցույց է տալիս, թե որքան ծախսատար է արհեստական բանականության զարգացումը։

Նախկինում շուկան դրական էր արձագանքում ԱԲ ոլորտում ներդրումների ավելացման փաստին։ Այժմ մոտեցումը փոխվել է։ Ներդրողները գնահատում են, թե նոր ներդրումների շնորհիվ որքան լրացուցիչ հասույթ է ստանում ընկերությունը։

Օրինակ՝ եթե ընկերությունը միլիարդավոր դոլարներ է ներդնում տվյալների կենտրոններում, շուկան ցանկանում է հասկանալ, թե որքան արագ են դրանք սկսելու եկամուտ ապահովել։ Այս առումով տեխնոլոգիական հսկաների արդյունքները զգալիորեն տարբերվում են։

Google Cloud-ը բարելավում է ցուցանիշները․ նոր ներդրումների հատույցը նվազագույն մակարդակի համեմատ մոտ կրկնապատկվել է։ Amazon Web Services-ը (AWS) նույնպես ներդրումների արդյունավետության վերականգնման նշաններ է ցուցադրում։ Մինչդեռ Microsoft Cloud-ի դեպքում այս ցուցանիշը շարունակում է նվազել։

Սա նշանակում է, որ ներդրողներն ավելի ուշադիր են ընտրելու այն ընկերություններին, որոնք իսկապես կարող են շահույթ ստանալ արհեստական բանականության զարգացումից։ Լավ օրինակ են SpaceX-ի և Meta-ի արդյունքները։

SpaceX-ի՝ Super Intelligence անվանումը կրող ԱԲ ստորաբաժանման եռամսյակային հասույթն աճել է երեք անգամ՝ հասնելով 7,6 մլրդ դոլարի։ Ավելին՝ ստորաբաժանումն առաջին անգամ դարձել է շահութաբեր։

Շուկան դրական է գնահատել այս արդյունքները․ հաշվետվության հրապարակման օր ընկերության բաժնետոմսերի արդյունքը մոտ 6,6 տոկոսային կետով գերազանցել է Nasdaq-ի ցուցանիշը։

Meta-ի դեպքում իրավիճակն այլ է եղել։ Ընկերության հասույթն աճել է 26%-ով, սակայն աճի տեմպը նախորդ եռամսյակի համեմատ դանդաղել է ութ տոկոսային կետով։ Միաժամանակ ծախսերը շարունակել են աճել, իսկ ազատ դրամական հոսքը բացասական է եղել։

Սկզբում Meta-ի բաժնետոմսերը թանկացել են գրեթե 7%-ով, սակայն ներդրողների հետ ֆինանսական արդյունքների քննարկման ընթացքում այդ աճն ամբողջությամբ չեզոքացվել է։

Հիմնական եզրակացությունն այն է, որ ներդրողներն այլևս պատրաստ չեն վճարել միայն ապագա աճի խոստումների համար։ Նրանց անհրաժեշտ են ապացույցներ, որ ԱԲ ոլորտում ներդրումներն իսկապես արդյունք են տալիս։

Հաջորդ կարևոր իրադարձությունները կլինեն Microsoft-ի և Alphabet-ի՝ հոկտեմբերի 28-ին, ինչպես նաև Amazon-ի՝ հոկտեմբերի 29-ին հրապարակվելիք հաշվետվությունները։

Եթե ընկերությունները հայտարարեն ծախսերի ավելացման մասին՝ առանց հասույթի աճի արագացման, շուկան կարող է բացասաբար արձագանքել։

Գծապատկեր 3. Որքան արդյունավետ են խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները ԱԲ ոլորտի ներդրումները վերածում լրացուցիչ հասույթի։

3. Pokémon-ի քարտերը եկամտաբերությամբ գերազանցել են Bitcoin-ին և ոսկուն․ ի՞նչ է տեղի ունենում

2026 թվականի ամենաանսպասելի ներդրումային միտումներից մեկը կապված է ոչ թե արհեստական բանականության կամ կրիպտոակտիվների, այլ Pokémon-ի հավաքածուային քարտերի հետ։

Տարեսկզբից 1999–2010 թվականներին թողարկված հին քարտերի գներն աճել են 60%-ով։

Համեմատության համար՝

– Pokémon-ի հին քարտեր՝ +60%
– Հավաքածուային քարտերի CardTrack 100 ինդեքս՝ +52%
– Pokémon-ի ժամանակակից քարտեր՝ +21%
– S&P 500՝ +11%
– Bitcoin՝ −7%
– Ոսկի՝ −7%

Ստացվում է, որ հավաքածուային քարտերը, որոնք շատերը հիշում են դեռ մանկությունից, այս տարի ավելի բարձր եկամտաբերություն են ապահովել, քան մի շարք հայտնի ֆինանսական գործիքներ։ Ինչո՞ւ են հին քարտերն այդքան թանկ։ Հիմնական պատճառը սահմանափակ առաջարկն է։

Մինչև 2019 թվականը Pokémon ընկերությունը տարեկան թողարկում էր մոտ 1,5–2 մլրդ քարտ։ Այսօր արտադրության ծավալը հասնում է տարեկան շուրջ 10 մլրդ քարտի։ Բրենդի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ թողարկվել է մոտ 85 մլրդ քարտ, որոնց երկու երրորդը՝ 2019 թվականից հետո։

Այդ պատճառով ժամանակակից քարտերը կարող են արագ թանկանալ նոր հավաքածուի թողարկումից հետո, սակայն հետագայում կորցնել արժեքը՝ առաջարկի ավելացման հետևանքով։ Հին քարտերի դեպքում իրավիճակն այլ է։ Դրանց թողարկման քանակը սահմանափակ է, իսկ լավ պահպանված օրինակների թիվը ժամանակի ընթացքում նվազում է։

Հատկապես բարձր են գնահատվում իդեալական վիճակում գտնվող հազվագյուտ քարտերը։ Սակայն պատճառը միայն հավաքածուային արժեքը չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում հավաքածուային քարտերի շուկան սկսել է ակտիվորեն գրավել ֆինանսական ներդրողներին։ 2026 թվականի փետրվարին քարտերից մեկն աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 16,5 մլն դոլարով։

Մարտին Հոնկոնգի ֆոնդային բորսայում ցուցակված ընկերություններից մեկը ներկայացրել է հավաքածուային քարտերի թոքենիզացված ֆոնդ։

Ի հայտ են եկել նաև հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս իրական քարտերը պահել հատուկ պահոցներում, իսկ դրանց նկատմամբ իրավունքները ներկայացնել թվային թոքենների տեսքով։ Այդ թոքենները հնարավոր է գնել, վաճառել և որոշակի պայմաններով փոխանակել ֆիզիկական քարտերի հետ։ Բացի այդ, տարածում են գտնում օնչեյն (on-chain) հարթակները, որտեղ օգտատերերը գնում և բացում են քարտերի թվային փաթեթներ։

Այս հարթակների բիզնեսն արագ աճում է։ Երկու խոշորագույն հարթակների ամսական միջնորդավճարային եկամուտները 2025 թվականի հունիսի 2,5 մլն դոլարից 2026 թվականի հունիսին հասել են 20,5 մլն դոլարի։ Նախկինում հազվագյուտ քարտերի հիմնական գնորդները հավաքորդներն էին։ Այժմ նրանց միացել են կրիպտոներդրողները, ներդրումային ֆոնդերը և թվային հարթակները։ Սա լրացուցիչ պահանջարկ է ստեղծում։

Օրինակ՝ թվային քարտերի փաթեթներ առաջարկող հարթակները պետք է պարբերաբար իրական քարտեր գնեն՝ իրենց պրոդուկտներն ապահովելու համար։ Սակայն այստեղ նույնպես ռիսկեր կան։

Նման հարթակների ժողովրդականությունը մեծապես կախված է օգտատերերի՝ հազվագյուտ քարտ ստանալու հույսով փաթեթներ բացելու համար գումար ծախսելու պատրաստակամությունից։ Ամռանը դրանց միջնորդավճարային եկամուտները նվազել են մոտ մեկ երրորդով, թեև հետագայում սկսել են աստիճանաբար վերականգնվել։

Այդ պատճառով Binance Research-ի վերլուծաբաններն առաջարկում են հետևել հենց այդ հարթակների եկամուտներին։

Եթե դրանք կրկին սկսեն նվազել, դա կարող է դառնալ հավաքածուային քարտերի նկատմամբ պահանջարկի թուլացման առաջին ազդանշանը։

Գծապատկեր 4. Pokémon-ի հին քարտերի գների փոփոխությունը Bitcoin-ի, ոսկու և ֆոնդային շուկայի համեմատ։

Գծապատկեր 5. Հավաքածուային քարտերի օնչեյն հարթակների միջնորդավճարային եկամուտների աճը։

Պատմականորեն հավաքածուային քարտերի շուկան գրեթե կախված չի եղել ֆոնդային շուկայից և կրիպտոակտիվներից։

Օրինակ՝ վերջին հինգ տարիներին քարտերի արժեքի և Bitcoin-ի գնի միջև կոռելյացիան կազմել է ընդամենը 0,09։ Սա նշանակում է, որ դրանց գները գրեթե չեն շարժվել համաժամանակյա։

Սակայն կրիպտոներդրողների մուտքով իրավիճակը կարող է փոխվել։

Եթե գնման գործարքների աճող մասը ֆինանսավորվի կրիպտոարդյունաբերությունից եկող կապիտալով, հավաքածուային քարտերի շուկան ավելի զգայուն կդառնա այդ ոլորտի վերելքների և անկումների նկատմամբ։

Նման գործընթացներ արդեն տեղի են ունենում One Piece-ի հավաքածուային քարտերի, սպորտային քարտերի, ժամացույցների և նույնիսկ հազվագյուտ գինիների շուկաներում։

Ընդհանուր սկզբունքը մեկն է․ որքան սահմանափակ է առաջարկը և որքան հեշտ է հաստատել առարկայի իսկությունը, այնքան մեծ է դրա՝ ներդրումային ակտիվ դառնալու ներուժը։

4. Ինչո՞ւմ են ներդրումներ կատարում Binance-ի օգտատերերը

Շուկաներում ընդհանուր զգուշավորության պայմաններում Binance-ում բաժնետոմսերի հետ կապված գործիքներում ներդրողների ակտիվությունը նկատելիորեն նվազել է։

Հոկտեմբերի 19–25-ն ընկած շաբաթվա ընթացքում միջոցների զուտ ներհոսքը կազմել է 47 մլն դոլար։ Սա 89%-ով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից, երբ այն հասել էր ռեկորդային 426 մլն դոլարի։Միաժամանակ Nasdaq-100 ինդեքսին հետևող QQQ ֆոնդի արժեքը նվազել է 0,8%-ով։

Սակայն շուկայի ներսում հետաքրքիր փոփոխություններ են արձանագրվել։ Չնայած ԱԲ ոլորտի շուրջ մտահոգություններին՝ տեխնոլոգիական հատվածում գրանցվել է 114 մլն դոլարի զուտ ներհոսք։ Եվս 48 մլն դոլար ուղղվել է արդյունաբերական հատված։ Մինչդեռ առողջապահության ոլորտից ներդրողները դուրս են բերել 82 մլն դոլար, իսկ էներգետիկայից՝ 31 մլն դոլար։

Հատկապես նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել Pfizer-ի և Occidental Petroleum-ի բաժնետոմսերի դեպքում։ Նախորդ շաբաթ Pfizer-ի բաժնետոմսերի հետ կապված գործիքներում գրանցվել էր 47 մլն դոլարի ներհոսք, իսկ այժմ ներդրողները դուրս են բերել 59 մլն դոլար։ Occidental Petroleum-ի դեպքում պատկերը նման է․ 30 մլն դոլարի ներհոսքին հաջորդել է 31 մլն դոլարի արտահոսք։

Նման կտրուկ փոփոխությունները կարող են վկայել, որ ներդրողները բացում են կարճաժամկետ դիրքեր, ապա արագ փակում դրանք՝ չակնկալելով երկարատև աճ։ Հետաքրքիր դինամիկա է նկատվում ծրագրային ապահովման հատվածում։ Մեկ շաբաթվա ընթացքում այստեղ միջոցների ներհոսքն աճել է 1 մլն դոլարից մինչև 19 մլն դոլար։ Առաջատարներն են դարձել CrowdStrike-ը և Cloudflare-ը, որոնցից յուրաքանչյուրը ներգրավել է մոտ 7 մլն դոլար։

Սա ցույց է տալիս, որ տեխնոլոգիաների նկատմամբ ներդրողների հետաքրքրությունն աստիճանաբար դուրս է գալիս չիպերի և ԱԲ սարքավորումների արտադրողների շրջանակից։ Միաժամանակ նվազել է բարձր ռիսկայնությամբ գործիքների նկատմամբ հետաքրքրությունը։ TQQQ և KORU ֆոնդերը, որոնք նախորդ շաբաթ ներգրավել էին մոտ 19-ական մլն դոլար, այժմ բախվել են կապիտալի արտահոսքի։

Հավանաբար ներդրողների մի մասը որոշել է փակել շուկայի արագ վերականգնման ակնկալիքով բացված կարճաժամկետ դիրքերը։ Միևնույն ժամանակ առանձին տեխնոլոգիական ակտիվների նկատմամբ պահանջարկը պահպանվում է։ SanDisk-ը, Micron-ը և SOXL-ը միասին ներգրավել են 80 մլն դոլար, իսկ SPCX-ը՝ ևս 45 մլն դոլար։

Ներդրողները տեխնոլոգիական հատվածից ամբողջությամբ չեն հեռանում։ Նրանք պարզապես ավելի զգուշավոր են դառնում և ամբողջ շուկայի աճի վրա լայնածավալ խաղադրույքներ կատարելու փոխարեն ընտրում են առանձին ընկերություններ ու ուղղություններ։

Նյութը պատրաստվել է Binance Research-ի վերլուծական ամփոփման հիման վրա։ Տվյալները հիմնականում ներկայացված են 2026 թվականի հոկտեմբերի 23–25-ի դրությամբ։ Տեղեկատվությունը վերլուծական բնույթ ունի և ներդրումային առաջարկություն չէ։ Սկզբնաղբյուրում ներկայացված ցուցանիշներն ու կորպորատիվ տեղեկություններն առանձին չեն ստուգվել։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44