ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՆԴՐՈՎ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրում է գազի սակագնի բարձրացման խնդիրը: Այս հարցում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել, որ եթե ռուսական կողմը գազի գինը բարձրացրել է 17 տոկոսով, ապա «Հայռուսգազարդ» ընկերությունն ինչու է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ձեռնարկությունների համար գազի գինը 20, իսկ քաղաքացիների համար` 40 տոկոսով բարձրացնելու հայտով:
«Ստացվում է Ռուսաստանը Հայաստանում գազի գինն ավելի քիչ է թանկացրել, քան` «Հայռուսգազարդ»-ը»,- ընդգծեց նա:
Ա.Հարությունյանն ավելացրեց նաեւ, որ գրասենյակն առայժմ քայլեր չի ձեռնարկի, մինչեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չարձագանքի ընկերության ներկայացրած հայտին եւ համապատասխան որոշում չկայացնի: