Գյումրիի սելեկցիոն կայանը լավ նախադրյալներ է ստեղծում տեղական սերմնաբուծության զարգացման համար
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն այցելել են Շիրակի մարզ՝ «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացվող ծրագրերին ու գիտական հետազոտություններին ծանոթանալու և բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով։
Այցի սկզբում ընկերությանը հանձնվել է ժամանակակից գյուղտեխնիկա (Case IH Magnum 310 տրակտոր ու համապատասխան գութան և երկու ՄՏԶ 82.1 մակնիշի տրակտոր), որը կայանին տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։ Ընկերությունում վստահ են, որ այս տեխնիկայի կիրառմամբ հնարավոր կլինի գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել և բարձրացնել արտադրողականությունը:
Այնուհետև նախարարության ներկայացուցիչները Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Գյումրու սելեկցիոն կայանի նորաստեղծ ջերմատուն, որը կառուցվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման» պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Ջերմատնային տնտեսության համար հատկացվել է 500 քմ տարածք, որից 100 քմ նախատեսված է մշակաբույսերի գիտական փորձերի համար, իսկ 400 քմ կօգտագործվի բանջարաբոստանային սածիլների աճեցման համար։ Ջերմատան հարակից տարածքում պետական աջակցության ծրագրով հիմնվել է ինտենսիվ այգի, որտեղ հիմնականում աճեցվում է սալոր ու խնձոր։
Այցի ընթացքում կայանի աշխատակիցները ներկայացրել են այստեղ իրականացվող գիտափորձարարական աշխատանքները, որոնք ուղղված են մասնավորապես լոլիկի և վարունգի հիբրիդային սորտերի ստեղծմանը։
Կայանում աշխատանքներ են տարվում նաև կարտոֆիլագործության ոլորտում․ ռուսական «Ֆատ-Ագրո» կազմակերպությունից ներկրվել են կարտոֆիլի շուրջ 16 սորտեր, որոնցով կատարվել է փորձնական ցանք։ Հետագայում տեղական բնակլիմայական պայմաններին առավել լավ հարմարվող սերմերը կներդրվեն Գյումրիի սելեկցիոն կայանի արտադրական ցիկլում։ «Արդյունքում մենք կունենանք ներկայումս Եվրոպայից ներկրվող սերմերի գրեթե կրկնակի էժան էլիտային սերմեր, որոնք որակով ևս չեն զիջի եվրոպական սերմերին», – նշել է Դավիթ Մարտիրոսյանը։
Կայանում քայլեր են ձեռնարկվում նաև տոհմային անասնաբուծության զարգացման ուղղությամբ․ հիմնվել է տոհմային տնտեսություն, որտեղ հիմնականում կբուծվեն մաքրացեղ կենդանիներ՝ տեղական Կովկասյան գորշ, հոլշտեյն, սիմենթալ և այլ ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներ։
Ընթացքի մեջ է պետական աջակցության ծրագրով կառուցվող անասնաշենքի շինարարությունը։ Դավիթ Մարտիրոսյանի խոսքով՝ 42 գլուխ կենդանու համար նախատեսված անասնաշենքում ներդրվելու են ժամանակակից սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել սանիտարահիգիենիկ չափանիշներին համապատասխանող կաթի արտադրություն։
Ընկերության դաշտերում պաշտոնյաները հետևել են բերքահավաքի աշխատանքներին, ծանոթացել արտադրված ցորենի, գարու, առվույտի և կորնգանի պահեստավորման և պահպանման պայմաններին։
Ամփոփելով այցի արդյունքները՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է․ «Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Գյումրիի սելեկցիոն կայանի գործունեությունը, քանի որ այն լավ նախադրյալներ է ստեղծում հանրապետությունում տեղական սերմնաբուծության զարգացման համար՝ նպաստելով հանրապետությունում պարենային անվտանգության ապահովմանը»։
Փոխնախարարը նաև ընդգծել է, որ ընկերության կողմից ինտենսիվ այգեգործության, ջերմոցաշինության, «խելացի» անասնաշենքերի կառուցման և տոհմային տավարաբուծության ոլորտներում պետական օժանդակության գործիքակազմի կիրառման հաջող փորձը կարող է օրինակելի դառնալ այդ ծրագրերի այլ պոտենցիալ շահառուների համար։
Այցի ամփոփման ընթացքում քննարկվել է նաև Գյումրիի սելեկցիոն կայանի տարածքում գյուղական տուրիզմի զարգացման հնարավորությունը։