Եղեգիս գետի 17 ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն
Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի վիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր հէկերում առկա խնդիրներով։ Արմենպրեսին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ առաջնահերթ ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ կմեկնարկի ստուգումների շարք՝ արձանագրելու գետի դերեվացիոն խողովակներով ծանրաբեռնված բոլոր հատվածները։ Համապատասխան օրենսդրական գործիքակազմով կսահմանվեն խիստ հսկողական ու վերահսկողական մեխանիզմներ՝ կարճաժամկետ հեռանկարում գետի խախտված էկոհամակարգը վերականգնելու և տնտեսվարողների գործունեությունը բացառապես օրինական դաշտ բերելու համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՓՀԷԿ-երի կողմից իրականացվող էկոթողքի սահմանաչափերին։ Նախարար Պետրոսյանի կողմից տրվել է հստակ հանձնարարություն՝ ապահովել բնապահպանական թողքի երաշխավորված ծավալի սահմանաչափը, կարճ ժամկետներում ներկայացնել վերոհիշյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախագիծ՝ էկոթողքի խիստ վերահսկողություն սահմանելու համար։
Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության պարտադիր բաղադրիչ է դառնալու նաև փհէկերի կողմից կառուցված ձկնուղիների արդյունավետության, չափորոշիչներին համապատասխանելիության խնդիրը։
Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավվելու են ինչպես Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Առանձնակի ուշադրություն է դարձվելու ոլորտը համակարգող օրենսդրական դաշտում առկա բացթողումների շտկման գործընթացին, կանոնակարգման համար անհրաժեշտ գործող օրենսդրական կարգավորումների լրամշակմանն ու նոր օրինագծերի մշակմանը։
Փոքր ՀԷԿ-երը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության կարևոր օղակ են, սակայն դրանց գործունեությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին՝ խաթարելով էկոհամակարգերն ու սպառնալով կենսաբազմազանության անվտանգությանը։