Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ
Պարենահումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել է շաքարի եւ ձեթերի արժեքը: Ինչպես մարտի 4-ին հայտարարել է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, ինդեքս, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, փետրվարին կազմել է 116 կետ, ինչը 2,4 տոկոսով ավելի, քան հունվարին:
Ձեթերի գների ինդեքսն ավելացել է 6,2 տոկոսով՝ հասնելով 2012 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր ցուցանիշին: Շաքարի գների ինդեքսը հունվարի համեմատությամբ աճել է 6,4 տոկոսով, քանի որ «հանգուցային ատադրող երկրներում արտադրության նվազումը, ինչպես նաեւ ուժեղ ներմուծման պահանջարկն Ասիայից մշտական անհանգստություն են հարուցել համաշխարհային մատակարարումների կրճատման առիթով»: Հացահատիկների գների ինդեքսը մեկ ամսում աճել է 1,2 տոկոսով, մսինը՝ 0,6 տոկոսով, կաթնամերքինը՝ 1,7 տոկոսով:
Կազմակերպությունում նաեւ հայտնել են, որ նախնական կանխատեսման համաձայն՝ «2021 թվականին ցորենի համաշխարհային արտադրությունը, հավանաբար, կաճի եւ կհասնի 780 միլիոն տոննա նոր ռեկորդի, քանի որ Եվրամիությունում արտադրության վերականգնման սպասումները ավելի քան կփոխհատուցեն արտադրության ռիսկերը Ռուսաստանի Դաշնությունում, որոնք կախված են եղանակային պայմաններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: